Նոր տեխնոլոգիական միջոցները մեր կենցաղն ապահովող առօրյայից (ուզենք, թե չուզենք) արդեն իսկ տեղափոխվում են կրթություն իրականացնող հաստատություններ: Ու շատ կարևոր է, որ ուսումնական հաստատություններում սովորողները նորագույն տեխնոլոգիաները դարձնեն ոչ միայն սպառման միջոց, այլ դրանց միջոցով իրականացնեն արտադրանք: Ընդ որում, կարևորվում է ոչ միայն ուսուցման գործընթացում նոր ստեղծված արդյունքների, տարաբնույթ հետազոտությունների, հարցերի և առաջադրանքների մշակումը, այլ նաև դրանց տեղեկատվական պահպանումը:
Եթե ավանդական ուսուցման կենտրոնում ուսուցիչն է, ապա մեդիակրթության պայմաններում այդ դերը ստանձնում է սովորողը: Նոր մեդիամիջոցները ենթադրում են ուսուցման կազմակերպման նոր ձևեր: Ու այն սովորողներից, ովքեր տիրապետում են նորագույն տեխնիկայի և ինքնուսուցման մեթոդների, բնականաբար, պահանջվում է առավել ակտիվություն: Այս հանգամանքը ամենևին չի նսեմացնում ուսուցչի դերն ու նշանակությունը: Ի վերջո, նա` ուսուցիչն է ուղղորդում սովորողին՝ ե´րբ, ինչպե´ս, որտե´ղ կիրառել այս կամ այն մեդիամիջոցը: Մեդիան օգտագործելը ենթադրում է ուսուցչի և սովորողների ակտիվ աշխատանք և մասնակցություն ուսուցման գործընթացի տարբեր փուլերում: Դասագործընթացում ուսուցչին վերապահված է լինելու դիտորդ, խորհրդատու:
Համակարգիչն ու համացանցը, ինչ խոսք, նպաստում են հետաքրքրասիրության, մղում են հայտնաբերումների` մեծապես հարստացնելով ուսումնական գործընթացը և նպաստելով դրան: Արդեն փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել:
Համացանցային www–ները «ճանաչողական գործիքներ» են, գործիքներ են, որոնք`
- ուսումնական գործընթացում ապահովում են տարբեր մոտեցումներ.
- առաջարկում են անհատական խնդիրներ և տալիս դրանց լուծման ուղիներ.
- սովորողին թելադրում են կոնկրետ խնդրի լուծում.
- տալիս են որոշակի իրավիճակներում գործելու կոնկրետ հանձնարարականներ.
- իրականացնում են համագործակցային ուսուցում.
- փոխանցում են հսկողության և վերահսկողության հմտություն։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթության հանդեպ պահանջները իրականացվում են մեդիա պայմաններում` անհատական համակարգչի և անլար համացանցի առկայությամբ: Ներկայացնում եմ նոթբուքի և համացանցի` ուսուցման մեջ կիրառման իմ փորձից:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, 8.1 դաս. (կիրառվում է «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը)։
Առարկան` հայոց լեզու
Թեմա` խոսքի զարգացման առաջադրանքներ
Մեթոդ` Ջ. Ռոդարի, «Լճակի մեջ նետված քարը»
Գործունեության ձևեր` խմբային, անհատական աշխատանք
Դասի նպատակը՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում
Իսկ խոսքի զարգացումը ինքնանպատակ առաջադրանքների կատարում չէ։ Սովորողի աշխատանքի արդյունքը կայք է գալիս, դառնում է խոսքային արտադրանք՝ կիրառելի նաև ուրիշների համար։
Դասի խնդիրները`
- Օտար լեզվով տեքստը հայերեն փոխադրել
- Հետևություն անել, կարծիք հայտնել` վերաբերմունք արտահայտելով
- Տեղեկություն որոնել, հավաքել, դասակարգել-համակարգել, նոր նյութ ստեղծել
- Ծանոթանալ համաշխարհային արժեք ունեցող ճապոնական մշակույթին, կարդալ ու գնահատել գեղարվեստական ազգային ստեղծագործությունները` թանկաներն ու հոքուները
Գործնական քերականության 8-րդ դասարանի դասագրքում կա վարժություն (էջ`105, վարժ.` 327), ուր պատվում է Ֆուձիյամա լեռան շրջակայքում գտնվող «Ֆուձի» հյուրանոցի մասին: Հենց այս տեղեկությունն էլ դարձավ համացանցի ներառման հրաշալի առիթ: Քանի որ նախատեսել էի ուսումնական պարապմունքում ներառել աշխատանք համացանցով, ապա նախօրոք մտածել և պլանավորել էի աշխատանքի հնարավոր ուղղությունները, կազմել համապատասխան առաջադրանքներ, որոնք կարող էին օգնել գտնելու տեղեկություններ և աշխատելու դրանց հետ:
Հնչեց հարց` սովորողներից ով ինչ գիտի Ֆուձիյամա լեռան մասին: Պարզվեց`սովորողները տեղեկություն չունեն: Դրանից հետո խնդրեցի համացանցում նայել Ֆուձիյամայի նկարները: Սովորողները առաջին իսկ նկարներից զարմանքով նկատեցին, որ այն արտաքին գծագրությամբ շատ նման է մեր Արարատին:
Սովորողները Ֆուձիյամա լեռան մասին տեղեկություններ որոնելու հանձնարարություն ստացան: Պարզվեց` համացանցի հայալեզու աղբյուրներում լեռան մասին տեղեկություններ գրեթե չկան: Կազմվեցին աշխատանքային խմբեր: Խմբերը ստացան կոնկրետ առաջադրանքներ:
Առաջին խումբը պետք է գտներ տեղեկություններ ռուսական կայքէջերից և կատարեր թարգմանություններ:
Երկրորդ խումբը հանձնարարություն ստացավ կարդալու, ընտրելու ճապոնական թանկաներ և հոքուներ:
Երրորդ խմբի աշխատանքը Ճապոնիայի խորհրդանիշի` սակուռայի մասին տեղեկությունների համակարգումն էր:
Չորրորդ խմբի սովորողները պետք է իրականացնեին վերահսկողություն և պատրաստեին կայքի նյութ` հնարավորինս մանրամասն պատմելով կատարված աշխատանքների մասին:
Դասի ավարտին յուրաքանչյուր խումբ մյուսներին ներկայացնում էր իր կատարած աշխատանքի մասին:
Այնուհետև սովորողները մեկ շաբաթվա համար ստացան տնային ընդհանուր հանձնարարություններ.
- համացանցի օգնությամբ գտնել նոր տեղեկություններ Ճապոնիայի, ճապոնական մշակույթի, Ֆուձիյամայի, Բավա լճի, սակուռայի մասին
- հարկ եղած դեպքում թարգմանել, մշակել խոսքը, ձայնագրվել, տեսանյութ պատրաստել:
Իսկ ամենամսյա ստուգողական աշխատանքը հետևյալն էր. 8.1 դաս.-ի սովորողները իրենց անհատական հասցեներին ստացան կատարելիք աշխատանքի հղումը` հետևյալ հանձնարարությամբ.
- կարդալ «Սակուռան` Ճապոնիայի խորհրդանիշ» նյութը: Փոխադրել հինգ նախադասությամբ` հետևություն անելով.
- նայել սակուռայի մասին պատմող տեսանյութը և կարծիք գրել.
- արդեն կատարված աշխատանքները մինչև կիրակի, ժամը 24.00 տեղադրել միջին դպրոցի անհատական էջից:
Նոթբուքի և համացանցի` ուսումնական պարապմունք մտնելու արդյունքում սովորողները բացահայտեցին ճապոնական մշակույթը, ես հրաշալի առիթ ունեցա մեկ անգամ ևս հանդիպելու այդ գեղեցիկ ու անկրկնելի աշխարհին`սովորողների շնորհիվ լրացնելով իմացածս: Վերջնական արդյունքում ունեցանք`
- լեզվական-խոսքային առաջադրանքերի կատարում
- ճապոնական մշակույթի օրեր 8.1-ում
- հայկական համացանցի հարստացում:
Իսկ նոթբուքի և համացանցի` սեմինարի ընթացքում ներառման ընթացքում ունեցանք կատարված աշխատանք, որին կարելի է ծանոթանալ սեմինարի պլանի «գործնական աշխատանք ուսուցիչների հետ» հատվածում:
Շնորհակալություն գործընկերներիս` սեմինարի ընթացքում ինձ աջակցելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Հոդվածը` Նունե Մովսիսյանի