Մի´ տայք զսրբութիւն շանց. եւ մի´ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց

hayoc-lezu2Եթե սովորողը` մեր սովորողը, ով խոսում է հայրենիքից, հայոց լեզվից, հայրենասիրությունից, բայց  հրաժարվում է մասնակցել ուխտագնացության, պատճառաբանելով, թե աթեիստ է, եթե սովորողը` մեր սովորողը, ով ուխտագնացության անվան տակ Երևանից գալիս, հասնում է Օշական, բայց ծուլանում է, իրեն նեղություն չի տալիս իջնել  ներքև` Մաշտոցի գերեզմանին,
պատճառաբանելով, թե արդեն մի (կամ մի քանի) անգամ եղել է այնտեղ, ապա, կներեք, ըստ էության, սա նույն երևույթն է, ինչ մյուս դպրոցների սովորողների արածը, այն է` սրբավայրերը որպես ֆոտոսեսիայի տարածք ընկալելը (չնայած մերոնք էլ ետ չմնացին):

Փաստը արձանագրելուց հետո,  ես լրիվ հիմքերն ունեմ չէ՞ մտածելու, որ մենք` ես, դու, նա` մեր դասավանդողն ու մեր ծնողը,  մեծ հաշվով, սովորողին տալիս են ոչ այն, ինչ նրան պետք է, այլ այն, ինչ իրականում ինքը` սովորողն է քմահաճորեն պահանջում, տվյալ դեպքում` վերապահումով հայրենասիրություն, վերապահումով ազատություն, վերապահումով գիտելիք, ասել է թե` կիսատ-պռատ ինչ որ բան (չգիտեմ էլ` ինչ):

Ամենևին չեմ կիսում այն կարծիքը, որ հայոց լեզվի կամ հայրենիքի մասին խոսելը դասվարի, մայրենի լեզվի կամ էլ  հայրենագիտություն դասավանդողի մենաշնորհն է  և, որ այդ գործով զբաղվելու են միայն նրանք: Էդ ինչի՞ որ: Հայոց լեզվով խոսում ենք բոլորս, ուրեմն` այդ հարցերով պիտի զբաղվենք,  պատասխանատու ենք և պարտավորություն ունենք զբաղվել բոլորս` անկախ դասավանդման առարկայից: Մենք արդեն այնքան ենք մեզնից օտարել մեր լեզուն, որ սկսել ենք օտարվել նաև այդ լեզուն ստեղծողից:

Կներեք, սիրելինե´րս, բայց սա նման է ծնողների գերեզմանին մի քանի տարին մեկ այցելող այն զավակի հոգեբանությանը, ում, երբ հարցնում ես` «բա չե՞ս այցելելու ծնողիդ», նա  հանգիստ, առանց վատ զգալու,  պատասխանում է. «դե, գնացել եմ, էլի»:

Հակառակ դեպքում մենք կունենանք այն, ինչը այսօր մեր իրականությունն է` բաժակաճառային հայասիրություն ու հայրենասիրություն, կենացաճառային ծնողասիրություն ու լեզվասիրություն, ասել է թե, ըստ էության, ոչ մեկը կունենանք, ոչ էլ` մյուսը: Չեմ կարծում, որ մեր ուզածը դա է:

Չկարողացա լռել, ասացի այն, ինչ մտածում էի: Չեմ էլ թաքցնում` ինձնից լրացուցիչ հոգեուժեր պետք կգան, որպեսզի վերաբերմունք չփոխեմ նրանց հանդեպ, ովքեր իրենց այդպես պահեցին: Իսկ նրանք, ցավոք, «ուխտագնացների» գերակշիռ մասն էին:

«Մի´ տայք զսրբութիւն շանց. եւ մի´ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց»:

 Հեղինակ` Նունե Մովսիսյան

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий