Մարդկային էության տարօրինակությունը
Մի պարոն հարցրեց իմ բարեկամ Ջեյմ Կոենին:
— Քո կարծիքով, մարդկային էության մեջ ի՞նչն է ամենատարօրինակը:
Կոէնը պատասխանեց.
— Մարդն ամեն ինչ հակառակն է անում: Շտապում է մեծանալ, իսկ հետո` հոգոց հանում մանկությունը հիշելիս: Կորցնում է առողջությունը հանուն փողի և անմիջապես փող ծախսում առողջությունը վերագտնելու համար:
Ապագայի մասին այնքան անհամբեր է մտածում, որ մոռանում է ներկայի մասին, այդ իսկ պատճառով չունենալով ո՛չ ներկա, ո՛չ ապագա:
Ապրում է այնպես, կարծես չի մեռնելու, և մեռնում է այնպես, կարծես երբեք չի ապրել…
Տան նորոգումը
Իմ ծանոթներից մեկը, ով չէր կարողանում երազանքներն ու իրականությունը համատեղել, լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ: Եվ ամենավատն այն էր, որ գործերի մեջ ներգրավել էր սիրելի մարդկանց` դնելով նրանց անհարմար դրության մեջ:
Եվ, քանի որ ի վիճակի չէր վերադարձնելու կուտակված պարտքը, նա սկսել էր մտածել ինքնասպանության մասին: Մի անգամ նա անցնում էր փողոցով և տեսավ մի քանդված տուն: «Ահա, ես էլ եմ այսպիսին»,- հոգոց հանեց նա: Եվ նույն պահին նրա մեջ այդ տունը նորոգելու մեծ ցանկություն առաջացավ: Նա գտավ տանտիրոջն ու առաջարկեց տունը նորոգել: Տանտերը համաձայնեց, թեև չհասկացավ, թե դրանից ինչ օգուտ իմ ծանոթին: Նրանք միասին գնեցին աղյուս,փայտանյութ, ցեմենտ: Իմ ծանոթը աշխատում էր սրտանց, ինքն էլ չիմանալով` ինչու և ինչի համար: Նրան թվում էր, թե տունը նորոգելու ընթացքում և իր սեփական գործերը կկարգավորվեն:
Տարվա վերջին տան նորոգումն ավարտվեց, և նրա բոլոր խնդիրներն էլ լուծվեցին:
Զվարճասեր Նորման
Մադրիդում ապրում է Նորմա անունով ոմն բրազիլուհի` իրապես ինքնատիպ մի կին: Իսպանացիները նրան անվանում են «երկաթե տատիկ»: Նա արդեն վաթսուն տարեկան է, բայց համատեղում է մի քանի աշխատատեղ և անվերջ կազմակերպում տարբեր միջոցառումներ, տոնախմբություններ, երաժշտական երեկույթներ:
Այդպիսի մի միջոցառման ժամանակ, մոտավորապես առավոտյան ժամը չորսին, երբ հոգնությունից հազիվ էի ոտքի վրա կանգնում, ես Նորմային հարցրի` որտեղից այդքան էներգիա:
— Ես ապրում եմ համաձայն կախարդական օրացույցի: Եթե ուզում ես, կարող եմ ցույց տալ:
Հաջորդ օրը, գնացի նրա տուն: Նա ձեռքն առավ մի հնամաշ օրացույց`ամբողջովին պատված խզբզոցներով:
— Եվ այսպես, այսօր այն օրն է, երբ հայտագործվել է պոլիոմելիթի դեմ շիճուկը,- ասաց նա,-պետք է նշել այս իրադարձությունը, որովհետև կյանքը հրաշալի է:
Նորման օրացույցի յուրաքանչյուր թերթիկի վրա նշել էր կարևոր որևէ իրադարձություն` օրվա հետ կապված: Նրա համար կյանքը առիթ էր, որպեսզի ուրախանա:
Կապույտ լեռներում
Ավստրալիա հասնելու հաջորդ օրը իմ խմբագիրն ինձ տարավ Սիդնեյից ոչ հեռու գտնվող ազգային զբոսայգի: Այնտեղ` աչքից հեռու, անտառի մեջ, որպես հուշարձան վեր են խոյանում Կապույտ լեռներ անվամբ երեք ժայռեր:
-Սրանք երեք քույրեր են եղել,- ասաց խմբագիրը և պատմեց այսպիսի մի լեգենդ. «Մի անգամ կախարդուհին զբոսնում է երեք քույրերի հետ: Նրանց է մոտենում այն ժամանակների ամենահայտնի զինվորներից մեկն ու ասում.
-Ուզում եմ ամուսնանալ այս գեղեցկուհիներից մեկնումեկի հետ:
-Եթե նրանցից մեկը քեզ հետ ամուսնանա, մնացած երկուսը կմտածեն, որ իրենք գեղեցիկ չեն: Ես փնտրում եմ այնպիսի ցեղ, որի զինվորները կարող են ունենալ երեք կին,- ասում է կախարդուհին ու շարունակում ճանապարհը:
Տարիներ շարունակ նա ճամփորդում է ավստրիալիական մայրցամաքով, բայց այդպես էլ չի կարողանում գտնել իր փնտրածը:
-Ամեն դեպքում, մեզանից մեկը կարող էր երջանիկ լինել,- նկատում է քույրերից մեկը, երբ արդեն ծերացել էին և ուժից ընկել անվերջանալի ճանապարհներից:
-Ես սխալ թույլ արեցի,- համաձայնեց կախարդուհին,- բայց արդեն ուշ է այդ մասին խոսելը:
Եվ նա երեք քույրերին դարձրեց քարե ժայռեր, որպեսզի ով էլ որ անցնի մոտակայքով, հիշի` մեկի երջանկությունը ամենևին էլ չի վկայում մյուսների դժբախտության մասին»:
Ռուսերենից թարգմանեց Նունե Մովսիսյանը
Լուսանկարը` Google.ru-ից
Уведомление: Էլեկտրոնային ռեսուրսներ. գրականության ցանկ « Մեդիամանկավարժական բլոգ