
Vous n’aurez pas ma haine. Հուզիչ այս նամակը օրեր առաջ գրել է ֆրանսիացի լրագրող Անտուան Լեյրիսը: Այն բաց ուղերձ է ԻՊ-ի ահաբեկիչներին, ովքեր նոյեմբերի 13-ին Փարիզի «Բատակլան» համերգասրահում խլեցին 130 մարդու, այդ թվում՝ նրա կնոջ կյանքը:
«Այդ ողբերգական ուրբաթ երեկո դուք խլեցիք ինձ համար առանձնահատուկ մեկի կյանքը, նա իմ երեխայի մայրն էր և իմ ամբողջ կյանքի սերը: Բայց ձեր գործողությունների դիմաց դուք ինձնից չեք ստանա ատելություն:
Ես չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ, թե ովքեր եք դուք: Ինձ համար դուք հոգեպես մեռած եք: Եթե Աստված, ում անունից դուք սպանում եք հարյուրավոր մարդկանց, իրոք ձեզ իր նմանությամբ է ստեղծել, ապա ձեր կողմից արձակած յուրաքանչյուր փամփուշտ, իմ կնոջը և ուրիշ անմեղ զոհերին ուղղված, Նրա հենց սրտին է դիպչում:
Ձեր արարքներով դուք փորձում եք մեր սրտերը վախ և ատելություն մտցնել: Ուզում եք, որ մենք կասկածանքով նայենք մեր հարևաններին, ազատությունը զոհենք հանուն անվտանգության, դառնանք կույր անմիտներ, ինչպիսին դուք եք…Բայց դուք դա չեք ստանա: Իմ սրտում ատելության ոչ մի կաթիլ չկա: Դուք պարտվել եք:
Ես, մի քանի օրվա սպասումից հետո, իմ կնոջը տեսա այսօր առավոտյան: Նա նույնքան գեղեցիկ էր, որքան հինգշաբթի, երբ գնաց այդ չարաբաստիկ համերգին: Նույնքան գեղեցիկ, երբ ես տասներկու տարի առաջ առաջին անգամ տեսա նրան և սիրահարվեցի մինչև ականջներիս ծայրը…
Ինչ խոսք, ես վշտից մեռնում եմ: Դա է ձեր հաղթանակը, բայց դուք դրանից որևէ օգուտ չեք ստանա: Իմ կինն ամեն օր որպես անտեսանելի հրեշտակ կլինի իմ ու Մելվիլի կողքին: Վերջ ի վերջո ես կհանդիպեմ նրան դրախտում…
Իմ որդու հետ ես մնացել եմ մենակ, բայց միասին մենք ուժեղ ենք աշխարհի բոլոր բանակներից: Ես այլևս ժամանակ չունեմ ձեզ համար, որովհետև հիմա պիտի զբաղվեմ Մելվիլով, ով ուր որ է կարթնանա: Նա հազիվ 17 ամսական է, և մենք, ինչպես սովորաբար անում ենք, ճաշիկ կուտենք, իսկ դրանից հետո՝ կխաղանք միասին: Իմ որդին կմեծանա երջանիկ և ազատ: Եվ ինչքան էլ որ դուք փորձեք, նրա ներսում ատելություն չի լինելու…»:
Աղբյուրը՝ ofigenno.cc
Սկզբնաղբյուրը՝ Անտուան Լեյրիսի (Antoine Leiris) ֆեյսբուքյան էջ
Լուսանկարը՝ Անտուան Լեյրիսի ֆեյսբուքյան էջից
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի