«Ուսումնական հարսանիք» նախագիծ
Եթե ինձ հարցնեն` որն է ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկը` առանց վարանելու կպատասխանեմ.
-Բառարան կարդալը:
Սիրում եմ բառարաններում «թրև գալ» ու, որպես կանոն, անում եմ մեծագույն հաճույքով: Փորձենք պարզել հայկական ավանդական հարսանիքի` թերևս ամենատարածված գույների` «կանաչ» և «կարմիր» բառերի ստուգաբանությունը:
Եվ այսպես` կարմիր: Հրաչյա Աճառյանը սա համարում է փոխառություն պահլավերենից: Այս բառի արմատով կազմված շատ բառեր տարածված են աշխարհի շատ լեզուների մեջ` եբրայերեն, պարսկերեն, հնդկերեն, հունարեն, ալբաներեն և այլն: Հնդեվրոպական լեզվում արմատն է կրմի, որ նշանակում է «որդ»:
Որդան կարմիր
Որդ -ի «կարմիր» նշանակության զարգացման պատճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գույնը պատրաստում էին որդից: Կարծիք կա, որ կարմիր որդանի հայրենիքը Հայաստանն է եղել, և բառն էլ, բնականաբար, հայերենից է անցել աշխարհի մյուս լեզուներին:
Որդան կարմիրի մասին գրել են Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, հաստատելով, որ այս որդը միայն Այրարատյան գավառում է լինում՝ Երասխ գետի երկու ափերին փռված դաշտերում, ինչպես նաև Խոր վիրապի կողմերում։
Դարեր շարունակ որդան կարմիրը եղել է հայկական բրենդ` Հայաստանի հպարտությունը և ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի» փոխարեն օգտագործում էին «Որդան կարմիրի երկիր» արտահայտությունը։ Պատմական Հայաստանի իշխանական տների բաղմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել հենց այս գույնը։ Հենց կարմիր գույնի առանձնահատուկ երանգի համար են որդան կարմիրի միջատներին լատիներեն անվանել Porphyrophora` «արքայական ծիրանի», որովհետև նրանով էին ներկում արքայական ու իշխանական հանդերձները:
Բացի այդ հայկական որդանը կիրառվում էր մանրանկարչության, բժշկության, դիմահարդարման մեջ և խոհանոցում: Հայ բժիշկները կարմրաորդն օգտագործում էին լյարդի և երիկամների, ինչպես նաև շաքարախտի բուժման համար: Այն կիրառվում էր նաև որպես ջերմիջեցնող, հակաբորբոքային և հակաբեղմնավորող միջոց:
«Արնագույն կարմիր» իմաստի համար ունենք բոսոր բառը: Աճառյանը սա համարում է եբրայերենից փոխառություն, Գ. Ջահուկյանը համարում է բնիկ հնդեվրոպական ծագումով բառ: Իսկ Պետերսոնը բառը կցում է հայերեն բոց բառինՙ կազմված որ մասնիկով: Պայծառ կարմիրի համար ունենք ալ բառը, որը համարվում է փոխառություն թուրքերենից:
Կարմիր արև-1. գեղեցիկ` պայծառ արև, 2. Բախտավոր կյանք
Կարմիր խնձոր ուղարկել (ղըրկել) մեկի ետևից-կարմիր խնձոր ուղարկել բարեկամներին` իբրև հարսանիք հրավիրելու նշան
Աղբյուրը` Էդուրադ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան
«Կանաչ» բառի ծագումն անհայտ է:
Կանաչ արև—երիտասարդ կյանք
Կոսպանդ- Հարսանիքի ժամանակ փեսայի ուսից խաչաձև կապվող կանաչ և կարմիր թաշկինակներ` ի նշան փեսայության, ուսկապ
Աղբյուրը` Էդուրադ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան
Եվ վերջում`
Կանաչ-կարմիր կապել- զուգել-զարդարել
Աղբյուրը` Պետրոս Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան
Այս դարձվածքն ունի նաև պսակել, ամուսանցնել իմաստը:
Հայաստանում տոնական օրերին` մասնավորապես հարսանիքներին, թխել են մեծ, նախշազարդ գաթաներ։
Ինչպես նաև թոնրում խորովու են պատրաստել՝ ոչխարի, գառան ամբողջական մարմնից։
Հարիսան, կոլոլիկը ( թուրքերեն` քյուֆթան) և և կոլոլակը (այսպես կոչված` խոշոր քյուֆթան), խաշլաման տոնական, ծիսական կերակուրներ էին համարվում՝ կազմելով մեծ հացկերույթների սեղանի զարդը։
Սեղանին դրվել են գինով սափորներ։ Պանիրը, հացն ու գինին համարվել են հյուրասիրության կարևոր տարրեր:
Հարսանեկան սեղանին պարտադիր էին խորովածը, տոլման, խաշլաման, գառով փլավը և այլն։ Ընդ որում, հում միսը` խորովածը պատրաստել են տղամարդիկ, եփած միսը՝ տոլման, խաշլաման, հավը՝ կանայք:
Ամուսնական առագաստի մոտ դրվել են քաղցրեղեն-խմորեղեն, մրգեր, մեղր ու գինի:
Հարսանիքի հաջորդ օրը տղայի տանը հարսանիքի մասնակիցներին խաշ են հյուրասիրել։
Պատմական ակնարկ
Մեզանում տարածված կերակրատեսակների մասին մանրամասն նկարագրություն ունեն ինչպես 5-րդ դարի, այնպես էլ միջնադարյան պատմիչները:
Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանի» վեպում նկարագրել է հայ գյուղացու կենցաղը` տալով այն մթերքների և կերակրատեսակների ընդարձակ ցուցակը, որ ժամանակին գործածել է բնակչությունը: Նա թվարկել է մեզանում ամենատարածված կերակուրները, դրանք են` բոզբաշ, քուֆթա, խաշ, տոլմա, տապակած և խաշած ձուկ, գառով փլավ, խաշած հավ և ոչխարի խորոված:
Հաստատված է, որ դարեր շարունակ հայերի սնունդը հիմնականում եղել և մնում են միևնույն մթերքները:
Աղբյուրը` Հայկական խոհանոց, էջ 17
Լուսանկարը` Թամար Հարությունյանի բլոգից
Կարող եք ծանոթանալ նաև` Պսակի էթնիկ և քրիստոնեական խորհուրդը
Պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Իսկական հարսանիք Ագարակում նախագծային նյութերի փաթեթ | Արմինե Աբրահամյանի բլոգ
Уведомление: Հունվարյան գործունեության հաշվետվություն — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: «Իսկական հարսանիք ագարակում» ուսումնական նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Հունվարյան նախագծեր — Դասավանդողի մեդիադարակ