Ինձ դուր է գալիս ծերանալ

362964890_1556158641858791_815694290770593218_n

«Օրեր առաջ մի երիտասարդ ինձ հարցրեց՝  ինչ ասել է ծեր լինել: Ես մի քիչ շփոթվեցի, քանի որ ինձ ծեր չեմ համարում։

Տեսնելով իմ արձագանքը՝  նա շատ վատ զգաց, բայց ես ասացի, որ հարցը հետաքրքիր է և, որ ես կմտածեմ և կգրեմ իմ բացահայտումների մասին։

Ես որոշեցի՝ ծերությունը պարգև է։ Այսօր, երևի կյանքումս առաջին անգամ, ես այն մարդն եմ, ում նման միշտ ցանկացել եմ լինել։ Ո՛չ, դա իմ մարմնի մասին չէ, բնականաբար: Երբեմն այդ մարմինն ինձ ստիպում է հուսահատվել՝  կնճիռներ, աչքերի տակ պարկեր, մաշկի վրա բծեր, թուլացած մարմին: Հաճախ ես ցնցվում եմ այն պառավից, ով տեղավորվել է իմ հայելու մեջ, բայց ասեմ՝ երկար չեմ անհանգստանում:

Ես երբեք չեմ փոխի իմ զարմանահրաշ ընկերներին, իմ հրաշալի կյանքը, իմ պաշտելի ընտանիքը ավելի քիչ ալեհեր մազեր և ավելի հարթ որովայն ուենալու հետ:

Ինչ սկսել եմ տարիքս առնել, ես ավելի բարի եմ դարձել ինքս իմ հանդեպ, ավելի քիչ՝ քննադատական: Ես դարձել եմ իմ ընկերը։ Ես ինձ այլևս չեմ մեղադրում ավելորդ խմորեղեն ուտելու, անկողինս չհարդարելու, այն ցեմենտե հիմար մողեսին գնելու համար, որը, ի դեպ, ինձ ընդհանրապես պետք չէր, պարզապես ավանգարդիստական շունչ է հաղորդում իմ այգուն։

Ես իրավունք ունեմ չափից ավել ուտել, թափածս չհավաքել, էքստրավագանտ լինել։ Ես ականատես եմ եղել, թե որքան շատ՝ չափազանց շատ, սիրելի ընկերներ են անժամանակ հեռացել այս աշխարհից՝  այդպես էլ չհասկանալով, չզգալով այն մեծ ազատությունը, որը տալիս է ծերությունը:

Ո՞ւմ ինչ գործն է, եթե ես կարդում եմ մինչև առավոտյան չորսը և քնում մինչև կեսօր։ Ես պարում եմ ինքս ինձ հետ՝  լսելով հիսունականների հրաշալի մեղեդիները և, եթե երբեմն ցանկություն է առաջանում լաց լինել հեռացած սիրո համար, ինչ արած՝ բռնում եմ ու լաց եմ լինում։

Եթե սիրտս ուզում է՝ լողափին քայլում եմ լողազգեստով, որը հազիվ է պահում իմ հաստ մարմինը։ Եթե ուզում եմ՝ նետվում եմ օվկիանոսի ալիքի մեջ՝ ուշադրություն չդարձնելով բիկինի հագած (թե՞՝ հանված) ջահելների՝ խղճահարությամբ լցված հայացքներին։ Բան չկա, նրանք նույնպես կծերանան։

Երբեմն ես մոռացկոտ եմ դառնում, դա ճիշտ է: Չէ՞ որ կյանքում ամեն ինչ չէ, որ արժե հիշել, բայց կարևոր բաները հո հիշում եմ։

Իհարկե, տարիների ընթացքում սիրտս մեկ անգամ չէ, որ կոտրվել է։ Ինչպե՞ս կարող է սիրտդ չկոտրվել, երբ կորցնում ես սիրելիին կամ, երբ երեխան տառապում է, կամ նույնիսկ, երբ մեքենան հարվածում է սիրելի շանը:

Բայց կոտրված սրտերը մեր ուժի, մեր գիտակցության, մեր կարեկցանքի աղբյուրն են: Սիրտը, որը երբեք չի կոտրվել, ստերիլ է և մաքուր, այն երբեք չի իմանա անկատարության ուրախությունը:

Ճակատագիրն ինձ օրհնել է՝ թույլ տալով, որ ապրեմ մինչև սպիտակ մազեր, մինչև այն տարիքը, երբ պատանեկան ծիծաղս ընդմիշտ դրոշմվել է դեմքիս խորը ակոսների մեջ: Ի վերջո, քանի՞ հոգի այդպես էլ չհասցրին ծիծաղը պահ տալ կնճիռներում, իսկ քանի՞սը մահացան՝ այդպես էլ մազերը չսպիտակած․․․

Ես կարող եմ բացարձակ անկեղծությամբ «ոչ» ասել։ Ես կարող եմ բացարձակ անկեղծությամբ ասել «այո»։ Տարիքի հետ ավելի հեշտ է լինել անկեղծ։ Քեզ ավելի քիչ է հետաքրքրում, թե ուրիշներն ինչ են մտածում քո մասին։ Ես այլևս չեմ կասկածում ինքս ինձ։ Ես նույնիսկ սխալվելու իրավունք եմ վաստակել։

Այսպիսով՝ Ձեր հարցին ի պատասխան կարող եմ ասել հետևյալը՝  ինձ դուր է գալիս ծերանալ։ Ծերությունն ինձ ազատել է լիքը բաներից։ Ես հիմա ինձ ավելի եմ դուր գալիս։

Ես հավերժ չեմ ապրելու, բայց քանի դեռ այստեղ եմ, ժամանակ չեմ վատնի անհանգստանալու այն մասին, թե ինչ կարող էր լինել, բայց չեղավ, չեմ անհանգստանա, թե ինչը կարող է նորից կրկնվել:

Հա, մի բան էլ․ աստծո ամեն օր քաղցր եմ ուտելու»։

Աղբյուր՝  Фитнес для мозга

Սկզբնաղբյուր՝  vladimirpozner.ru

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий