Մոնտենեգրո՝ Ադրիատիկ ծովի, կարմիր արևի և սև լեռների երկիրը

450546182_7343943965711471_8922479383510583603_n

Մոնտենեգրոն գտնվում է Հարավային Եվրոպայում, Բալկանյան թերակղզու ամենափոքր պետությունն է՝ 14,026 կմ², ազգաբնակչությունը՝ 625, 266:

Սա հատկապես շեշտում եմ, որ էլ չասեք, թե Հայաստանը փոքր երկիր է, մենք՝ հայերս էլ քիչ ենք։

Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) մայրաքաղաքը Պոդգորիցան է (Տիտոգրադ), նախկինում եղել է Հարավսլավիայի կազմում, անկախացել է 2006 թվականին, ասել է թե՝ Մոնտենեգրոն նորաստեղծ պետություն է՝ «սոցիալիստականի» ծանոթ կնիքը  ճակատին, սակայն հասցրել է տեղ զբաղեցնել աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների առաջին տասնյակում։

2010 թվականին ստացել է Եվրամիության անդամության թեկնածուի պաշտոնական կարգավիճակ, իսկ 2017 թվականին անդամագրվել է ՆԱՏՕ-ին։ 

Պետական լեզուն սերբերեն է, որը երկու հնչյունի ավելացմամբ այժմ կոչվում է մոնտենեգրին:

Տարածքի 70-80 տոկոսը բնակելի չէ՝  լեռների, Ադրիատիկ ծովի, մեծ և փոքր  լճերի պատճառով։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում, ամենամեծ լիճը Սկադարն է, ամենաբարձրը Դուրմիտոր լեռն է՝ 2522 մ։ Կան մոտ 40 մեծ և փոքր լեռնագագաթներ։ Ի դեպ, Մոնտենեգրո թարգմանաբար նշանակում է «սև լեռ»։ Բանն այն է, որ Մոնտենեգրոյի լեռները հիմնականում պատված են սոճիներով, որոնք հեռվից նայողին սև են թվում։ 

Մոնտենեգրոն մի երկիր է, ուր կարելի է ամենուր տեսնել բազմագույն օլեանդրներ [1], լողափեր, հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ։ 

Թերևս՝ այսքանը Մոնտենեգրոյի մասին։

Մոնտենեգրոն, նախ և առաջ, ինձ գրավեց իր հինավուրց պատմույամբ։ Տպավուրիչ էին հատկապես Բուդվա և Կոտոր ծովափնյա փոքրիկ քաղաքները, դարերի ընթացքում ստեղծված քրիստոնեական ժառանգությունը։ Զարմանալի էր Սուրբ Աստվածամոր արհեստական կղզին՝ համանուն սրբապատկերով և եկեղեցի-թանգարանով։ 

Բուդվան աշխարհի հնագույն բնակավայրերից է, ըստ պատմաբանների, ունի առնվազն  2500 տարվա պատմություն, իսկ Կոտորը հմայեց իր վենետիկյան ոճի պարիսպներով, որը, ի դեպ, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմությունը՝ պատմություն, սակայն ինձ Մոնտենեգրոյում ամենաշատը տպավորեց հատկապես մի երևույթ՝  տեղաբնակների ընտանեկան լողը։ Ընտանիքի անդամները միասին լողում էին՝  միևնույն ժամանակ լողալ սովորեցնելով տան ամենափոքրին։

Լինում էին դեպքեր, երբ մանչուկները վախից լաց էին լինում։ Ընդ որում, ինչքան բարձր էր լաց լինում երեխան, ծնողը նույնքան ձայնը ցածրացնում էր։ Վերջում միշտ հաղթում էր ծնողը․ երեխան, ուզեր, թե չուզեր, ստիպված էր լող տալ․ այլ տարբերակ չկար։ Մայրը, որպես կանոն, նստում էր լողափին և ուշադիր հետևում էր փրկօղակով լող տվող փոքրիկին։

Այս պատմության ամենասիրունը վերջաբանն էր։ Հենց փոքրիկն ափ էր դուրս գալիս, բոլորը միասին՝ ծանոթ, թե անծանոթ, ջրում, թե ափում, սկսում էին «բրավո» ասել և ծափահարել փոքրիկին։ Տեսնել էր պետք փոքրիկի աչուկների փայլն ու ուրախությունը, երբ բոլորի հետ միասին ծափահարում էր ինքն իրեն։

Իսկը տեսնելու և վայելելու բան էր․․․

Իսկական վայելք էր ևս մեկ բան՝ սեբաստացի սովորողների ազատությունը և դրանից բխող բոլոր սիրունությունները՝ անկաշկանդ, անբարդույթ վարքագիծն ու վարվելակերպը։ Բա ազգագրական փառատոնի նրանց ոգեղեն ելույթը․․․

Ապրի բլեյան դպրոցի մանկավարժությունը։ 

Շնորհակալ եմ ճամփորդության կազմակերպիչներ Մարթա Ասատրյանին և Լուսինե Սարգսյանին, բոլոր-բոլոր մասնակիցներին՝  իմ ամառային մեկ շաբաթն այսքան սիրուն, տպավորիչ և գունեղ դարձնելու համար։

Ուզում եմ իմանաք՝ ինձ համար չափազանց հաճելի էր Ձեզ հետ ճամփորդել, ընկերներ ջան։ 

Լուսանկարը՝  Մարթա Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

[[1] Օլեանդր-ճփնի, նզրուվարդ, վարդասարդ, դափնեվարդ

Լատիներեն անվանումը՝ Nerium, շնամեռուկազգիների (Apocinaceae) ընտանիքի բույսերի ցեղ։ Հայրենիքը Փոքր Ասիան և Հարավային Եվրոպան է (Միջեկրականի ծովեզերք)։ Մշտադալար բարձր թուփ է, բարձրությունը հասնում է 4-5 մետրի։ Ծաղիկները բուրավետ են, սպիտակ, կարմիր, վարդագույն և դեղին երանգներով։ Լիաթերթ ծաղիկները նման են վարդի։ Արձակում է յուրահատուկ բուրմունք, որը վտանգավոր է մարդու համար, հատկապես գիշերը՝ փակ սենյակում։ Այդ բուրմունքը մարդկանց մոտ ուժեղ գլխացավ և գլխապտույտ է առաջացնում։ Բույսը թունավոր է, անասունները տերևները կամ ծաղիկները ուտելու դեպքում սատկում են։ Բույսի հետ գործ ունենալուց հետո անհրաժեշտ է ձեռքերը լավ լվանալ օճառով։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։

23

Լուսանկարում՝ օլեանդր (անձնական արխիվ)

Նկարաշարերը՝  ֆեյսբուքյան իմ էջում

Սիրով՝  Նունե Մովսիսյան

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий