«Թող ողջ մնա իմ ժողովուրդը, նրա սրտում ես երբեք չեմ մրսի: Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին»: Կոմիտաս
Կոմիտասի, ինչպես նաև՝ Կուտինայի հայկական հախճապակու դարավոր ավանդույթի հանրայնացմանը, անշուշտ, նպաստեց նաև կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը, ով օրեր առաջ Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացավ «Կոմիտասյան մանուշակներ» զգեստով: Զգեստի հեղինակն ու նախշազարդողը Լուսինե Մովսիսյանն է (Լուսնէ Արտ), կարող դիզայները՝ Նինա Սարկիսյանցը, ոճաբանը՝ Արմինե Գևորգյանը։
Շնորհակալություն գեղեցիկ թիմին՝ կոմիտասոտ աշխատանքի համար:
«Կոմիտասյան մանուշակների» նախշազարդերի նմուշները վերցվել են Կոմիտասի ջրամանից: Կոմիտասի ջրամանի հետ կապված մի պատմություն կա, համաձայն որի՝ 1881թ.-ին Գեւորգ վարդապետ Դերձակյանի հետ Էջմիածին գնալու ճանապարհին կանգ են առնում Էսքեշեհիրում՝ Թորոս Ավդալյանի տանը: Ավդալյանը խնդրում է թույլ տալ, որպեսզի ինքը հոգա Սողոմոնի ճանապարհածախսը: 1913թ. Կոմիտասը կրկին Էսքեշեհիրում էր. այցելում է Ավդալյանին եւ, որպես երախտիքի նշան, նրան է նվիրում սափորը: Ավդալյանն էլ Կոմիտասին խնդրում է, որ այն փոխանցի Փարիզում ապրող իր որդուն՝ Հովնաթանին: Սափորը Փարիզից հասնում է Երևան՝ Գրականության եւ արվեստի թանգարան, այնտեղից էլ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ:
Կուտինան կամ Քյոթահիան՝ երբեմնի հայաշատ այս քաղաքը, հայտնի է որպես մեծն Կոմիտաս վարդապետի ծննդավայր: Այս քաղաքը նշանավոր է եղել իր խեցեգործությամբ և հատկապես հախճապակե իրերի արտադրությամբ։ Ժամանակին Կուտինան ունեցել է 34 արհեստագործական հայկական թաղամասեր, որի բնակիչները Անի քաղաքից գաղթել ու հաստատվել էին այստեղ՝ իրենց հետ բերելով արհեստագործական շնորհքի գաղտնիքներն ու ավանդույթները։
Կուտինան հռչակվել էր իր հախճապակու արտադրանքով և այդ մենաշնորհը պահպանեց մինչև 19-րդ դարը: Այստեղ պատրաստված դեկորատիվ սալիկները կիրառվում և զարդարում էին հայկական և հունական եկեղեցիները, ինչպես նաև օսմանյան մզկիթները:
Հատկանշական է, որ Կուտինայի հախճապակե սալիկները յուրօրինակ էին ոչ միայն իրենց որակով, այլև գունավորումով։ Մինչև 17-րդ դարը Կուտինայի հայկական սալիկների դպրոցն օգտագործում էր միայն սպիտակ և կապույտ գույները։ Հետագայում հախճապակե սալիկների կապույտ և սպիտակ գույներին ավելացան դեղինը, կանաչը և կարմիրը:
Հախճապակե սալիկների արտադրությունը ծաղկում ապրեց գրեթե 4 դար` 16-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկիզբը: Կուտիանյում արտադրված բազմաթիվ իրեր այսօր պահվում են Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Փարիզի, Ստամբուլի, Վենետիկի, Երուսաղեմի խոշորագույն թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:
Լուսանկարը՝ Լուսինե Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից
Կոմիտասի մասին՝ «Կոմիտաս» կայքէջում
Սիրով պատրաստեց Նունե Մովսիսյանը