Պետք չէ ինքդ քեզ խղճալ, մեղավորներ փնտրել կամ զգալ հանգամանքների կամ մարդկանց զոհ, որովհետև զոհի դերը վտանգավոր է, դա թույլ դիրք է։ Մյուսները կկարեկցեն քեզ, բայց դա արհամարհանքով համեմված զգացողություն կլինի, կարեկցանք՝ թույլ և անօգնական էակին։
Խղճահարությունը սեփական անձի նկատմամբ՝ մարդուն զրկում է ուժից և պատասխանատվությունից. մարդը սովորում է արդարացումներ գտնել և նույնիսկ սկսում է պարծենալ իր թուլությամբ, ինչպես հին փիլիսոփա Անտիսթենեսը, ով կոկետություն անելով՝ ցուցադրում էր իր հագուստի վրայի անցքերը: Դրա համար նա արժանացավ Սոկրատեսի հորդորին. «Դադարե՛ք ցուցադրվել»:
Խեղճ լինել՝ նշանակում է լինել անօգնական և անպաշտպան: Խեղճ մարդ լինելը տհաճ եզրույթ է: Այս իմաստով պետք չէ ինքդ քեզ խղճաս։ Սիրող ծնողը երբեք չի ասի իր զավակին. «Խե՜ղճ անհաջողակ, ամբողջ աշխարհը քո դեմ է, դու կյանքում երջանկություն չես ունենա, բոլորը քեզ ցավ են պատճառում: Որքա՜ն եմ քեզ խղճում»:
Դու չէիր ասի, չէ՞, քո ընկերոջը հետևյալը․ «Որքա՜ն եմ ես քեզ խղճում, դու որքա՜ն աղքատ ու անհաջողակ ես, որքա՜ն թույլ ես, դու որքա՜ն պետք է դիմանաս»։ Չես ասի, որովհետև դա նվաստացուցիչ, ուժը քայքայող խղճահարանք է։ Դա ձախողման կնիք է։
Ինքնակարեկցանքը պետք է ճիշտ արվի։ Լավագույն միջոցը ինքներդ ձեզ խրախուսելն է։ «Այո՛, ինձ համար շատ դժվար է, ես ցավ եմ զգում, ինձ վնաս են պատճառել։ Ինձ հետ ծանր բաներ են պատահել, իսկապես՝ ծանր։ Ես ցավ եմ զգում։ Ես դժվար ժամանակներ եմ ապրում։ Ես էլ եմ մարդ, և ես հիմա ինձ շատ վատ եմ զգում»։ Սա ձեր զգացմունքների անկեղծ ճանաչումն է՝ ինքնակարեկցանքը և ինքնահասկացվածությունը։
Սակայն ամենակարևորն այն է, երբ դուք ինքներդ ձեզ ասեք այն՝ ինչ կասեիք ձեր լավագույն ընկերոջը կամ դժվար կացության մեջ հայտնված ձեր զավակին։ «Կհաղթահարենք։ Ամեն ինչ կարգին է։ Ցավը կանցնի։ Մենք սա հաղթահարել ենք նախկինում, հիմա էլ կհաղթահարենք։ Մենք պետք է մի փոքր հանգստանանք, դադար տանք, համբերատար լինենք, և այդ ժամանակ անպայման ոտքի կկանգնենք։ Մենք ունենք սա և դա։ Մենք կարող ենք անել սա և դա։ Մենք գիտենք սա և դա։ Եվ անպայման կհաղթահարենք սա էլ»։
Դուք ամենալավը գիտեք, թե որ խոսքերն են ձեզ խրախուսում։ Դե՝ ուրեմն, դա էլ ասեք։ Ինչ ենք մենք ասում երեխային, ով ինչ-որ բանից տուժել է. «Առաջ գնա, ես քո կողքին եմ։ Ամեն ինչ կարգին է։ Շուտով կանցնի։ Եվ դու կհաղթես»։ Կամ էլ ինքներդ ձեզ ասեք այն, ինչը ձեր դեպքում ամենահարմարն է։ Խրախուսեք ինքներդ ձեզ։ Ահա հենց դա է պատշաճ կարեկցանքի լավագույն դրսևորումը՝ կարեկցանք և խրախուսանք։
Դու միշտ պետք է խրախուսես ինքդ քեզ։ Այս հանգամանքը ինքդ քո հանդեպ ունեցած լավ վերաբերմունքի մասին է խոսում։ Սա միանգամայն ճիշտ մտածելակերպ է։ Դա այն ուժն է, որի կարիքն այդքա՜ն շատ ունես։ Դա կարեկցանք է ապագա հաղթողին, ով ընկել և ծանր վնասվածք է ստացել։ Բայց նա անպայման կկանգնի։
Եվ երբ ասում են՝ կարեկցանք ունեցիր ինքդ քեզ, դա ինքդ քո հանդեպ լավ վերաբերմունք ունենալու և էներգիա խնայելու ունակության, ինչպես նաև՝ առողջության և ապագայում հաջողություններ և հաղթանակներ ունենալու համար է։
Այնպես որ, երբեմն կարելի է կարեկցել ինքներդ ձեզ, բայց՝ ճիշտ կարեկցել։ Կարեկցել՝ խրախուսանքով և աջակցությամբ։ Հենց այդպես են վարվում ուժեղ մարդիկ, երբ լավ են վերաբերվում իրենք իրենց։
Ես երբեմն այդպես եմ խրախուսում քեզ, ընդ որում, ինքս ինձ՝ նույնպես․ առանց վնասակար խղճահարության կամ դաժան տվայտանքի։ Առանց տրտնջալու կամ առանց ինքս ինձ ասելու՝ «հավաքիր քեզ, թուլակամ»։
Խրախուսանքը վերականգնում է էներգիան և օգնում է հաղթել։
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Նկարի հեղինակ՝ Ջոան Բրուֆալ