Վիեննա՝ անվերջ սիրելու քաղաք

Նախքան Վիեննա գնալս՝  ինձ համար այն ամենից առաջ դասական երաժշտության հետ էր նույնացվում։

Այստեղ են ապրել և ստեղծագործել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը և Լյուդվիգ վան Բեթհովենը։

Իսկ, երբ արդեն Վիեննայում էի, հասկացա, որ Վիեննան նաև հին եվրոպական շքեղությամբ աչքի ընկնող քաղաք է։ Այս քաղաքն ինքնին կարծես մի մեծ թանգարան լինի։ Այն հայտնի է իր պատմական շենքերով, լայն փողոցներով և գեղեցիկ պալատներով։ Քաղաքում շրջելիս թվում է, թե հայտնվել ես հեքիաթի մեջ։

Հատկապես տպավորիչ է ավստրիական կայսրության Հաբսբուրգների արքայատոհմի կայսրերի ամառային նստավայրը՝ Շյոնբրուն պալատը, ինչպես նաև  բարոկկո ոճով պալատական մեկ այլ համալիր՝ Բելվեդերը, հարակից մեծ այգիները և ընդարձակ դաշտերը։

Վիեննան նաև հայտնի է իր սրճարաններով, որտեղ մարդիկ կարող են ժամերով նստել, զրուցել և վայելել սուրճն ու քաղցրավենիքները։ Այդ սրճարանները քաղաքի մշակույթի անբաժան մասն են և յուրահատուկ մթնոլորտ են ստեղծում։

Իսկ վերադարձին հասկացա, որ Վիեննան մի վայր է, որտեղ անցյալն ու ներկան միահյուսվում են։ Այն քաղաք է, որը կարող է հիացնել գեղեցկությամբ ու շքեղությամբ, մշակույթով և խաղաղությամբ։

Փորձեմ թվարկել մի քանի բան, որ ինձ հատկապես դուր եկավ այդ քաղաքում։

Առաջինը ջուրն էր։ Ես ջուր սիրող մեկն եմ և ինձ այնքան էլ լավ չեմ զգում այն վայրերում, որտեղ չի կարելի ծորակից ջուր խմել։ Պարզվեց՝  Վիեննայում ոչ միայն կարելի է ծորակից ջուր խմել, այլև ջուր կա նաև փողոցներում։ Դրանք մոտավորապես մեր ցայտաղբյուրների նման էին, միայն թե անընդհատ չէին հոսում․ խնայողության նպատաակով ծորակը բացվում-փակվում էր։

Երկրորդ բանը, որ շատ հավանեցի՝ հասարակական տրանսպորտն էր։ Երևի թե սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Վիեննայի հասրակական տրանսպորտը աշխարհում լավագույններից է։ Սպասում ես առավելագույնը․․․3 րոպե, հիմնական փոխադրամիջոցը՝ տրամվայն է և մետրոն։

Երրորդը՝ շպարված կանանց գրեթե բացակայությունը։ Ես բնական գեղեցկության կողմնակից եմ, խնամքի միջոցները չափավոր օգտագործած կանայք ինձ համար շատ ավելի հետաքրքիր են ու ակնահաճո, քան շպարի տակ թաքնված դեմքերը։ Ես սիրով ու մի տեսակ կարոտով էի դիտում ավստրիացիների դեմքերի բնական գեղեցկությունը և հասարակ հագուկապը։

Չորրորդը՝ մոմլաթե տոպրակների իսպառ բացակայությունը։ Խանութներում ապրանքը փաթեթավորում է բացառապես թղթե տոպրակներով։

Մի քանի խոսք էլ ավստրիական կրթական համակարգի մասին։ Ավստրիական դպրոցներում տղամարդ ուսուցիչներն ավելի շատ են, քան մեզ մոտ։ Եվ դա, ինչ խոսք, ճիշտ է և լավ։ Սովորողներն ազատ են․ կարող են դասի ժամանակ ուտել, խոսել, նույնիսկ՝ քնել, բայց այդ ամենն անել հնարավորինս լուռ՝  չխանգարելով դասը վարող ուսուցչին։

Ուսուցիչն անվանական որևէ մեկին դիտողություն չի անում (համենայն դեպս, նման դեպքի չհանդիպեցինք)։ Դասի ընթացքում օգտագործվում են՝ թուղթ, գրիչ, մատիտ, գրատախտակ, համակարգիչ, պրոյեկտոր, տեսանյութ, ձայնագրություններ և այլն։

Դասը ընթանում է հարց ու պատասխանի ձևով՝ ուսուցիչը հարցեր է տալիս, սովորողները փորձում են պատասխանել։ Մեկ դասաժամը 50 րոպե է, դասամիջոցները՝ 10 րոպե, զանգ չի հնչում։ Սովորողները մտնում են ճիշտ ժամանակին և դասարանից դուրս են գալիս էլի ճիշտ ժամանակին։

Եվ վերջում պիտի խոստովանեմ՝ Վիեննան ինձ համար եղել և մնաց որպես Մխիթարյան միաբանությանը շահած-պահած քաղաք։

Շնորհակալ եմ իմ կրթահամալիրին և բոլոր նրանց, ովքեր իրականություն դարձրին իմ՝ ևս մեկ սիրուն ուխտագնացություն։ Շնորհակալ եմ  «Կրթամշակութային ծրագիր դեպի Վիեննա» նախագծին մասնակցելու բացառիկ հնարավորության համար։

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Հարգանքով՝  Նունե Մովսիսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց-վարժարան

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставить комментарий