Վահագն Դավթյան, բանաստեղծություններ

davtyan

Այնտեղ
Կապույտն այնտեղ ՝ կապույտ մի դող,
Աղբյուրները՝ պատարագ,
Բարդիները լույս պաղատող
Սրբի ձեռքեր են բարակ:

Շողը այնտեղ դիպչում ցողին,
Աստղ է ծնում ու ասուպ,
Աղբյուրները ամբողջովին
Լույս են, լույսի արտասուք…

Հեռուն այնտեղ այնքան մոտիկ,
Մոտիկն այնքան է հեռու,
Որ թե գնաս ոտաբոբիկ,
Պիտի հալվես լույսերում:

Պիտի թվա, թե աշխարհում
Չկա մահվան շունչը ցուրտ,
Կա լույսի հետ խառնվելու
Պարզ ու պայծառ մի խորհուրդ…

Անանձնություն

Լռեր խռովքն այս, ու ինձ թվար,

Թե ես աղբյուր եմ մամուռն ի վար,
Գարնան անձրև եմ ու առավոտ,

Ցողաթաթախ եմ ու շաղավոտ,

Լեռնային լիճ եմ, այնքան եմ ջինջ,

Որ մեջս լույս է ու էլ ոչինչ,
Ցորենի հասկ եմ, որ լուռ հակվում,
Ճառագայթով է շարունակվում,
Լեցուն փեթակ եմ, ոսկե փեթակ,
Որ զրնգում է արևի տակ,
Կապույտ ծաղիկ եմ, խոտ եմ ու սեզ,
Այնքան խոնարհ եմ, հո՜ղ եմ ասես,
Այնքան թեթև եմ, անանձնական,
Որ բարի լո՜ւյս եմ, որ ես չկամ…
Առավոտը
Եվ առավոտյան զարմանքով տեսա,
Որ թռչունները
Ինձնից շուտ զարթնել,
Արեւի բոցից,

Թոնրի բուրմունքից
Ու ծլվլոցից
Ինչ-որ մի ծանոթ նվագ են հյուսում,
Որ փռեն բոբիկ ներբաններիս տակ …
Ու տեսա նաեւ,
Որ ծաղիկները
Նույնպես ինձանից կանուխ են զարթնել
Եվ իրենց մանրիկ,
Փխրուն ձեռքերով
Մի-մի ցող առել,
Թեքվել են խոնարհ,
Որ ցողով օծեն ոտքերն իմ բոբիկ …
Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ
Ու տարբերում հստակ չարն ու բարին,
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին…
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:
► 
Օրհնյա՜լ լինես դու…
Քո գալուց առաջ
Դատարկ, անխռով ու կույր էի ես,
Ինչպես երևի Ադամն է եղել
Արգելված պտուղն ուտելուց առաջ:
(Այդ աստվածները ինչո՞ւ են ուզում,
Որ մենք կույր լինենք, լինենք անխռով
Ու լինենք դատարկ)…

Օրհնյա~լ լինենս դու,
Քո գալուց հետո
Ես տառապանքի կշիռն զգացի,
Խռովքը խանդի, շիկնանքը շանթի,
Տեսա մերկության ցոլանքը մաքուր,
Ես լո՜ւյսը տեսա…
Ե’ս աստվածներին դարձա հավասար:
Օրհնյա՜լ լինես դու…
Զվարթնոց
Զվարթնոց: Գիշեր: Լռություն է մեծ,
Հին ավերակի քարե տվայտանք…
Իսկ մկրտության ավազանի մեջ
Անձրևաջուր է ու աստղի ցոլանք:

…Աստղերի նման մանուկներ են մերկ
Մկրտվում քարե այս ավազանում,
Խունկի մխանք է, օրհնություն ու երգ,
Հույսն ու հավատը աղոթք են անում:
Լռություն է մեծ…
Ոչ հուշ, ոչ անուն,
Անձրևաջուրը ցոլցլում է ջինջ,
Իսկ աստղը վերից այնպես է նայում,
Որ ասես ինքն էլ չի հիշում ոչինչ…
Քար է ու լույս,
Լույս է ու քար…
Խելակորույս
Ու խելագար՝
Քարը ելնում,
Երկինք սուրում,
Բիրտ շուրթերով
Լույսն համբուրում,

Փշրվում է
Վիհերն ի վար…
Քար է ու լույս,
Լույս է ու քար…
Հրաշքը
…Եվ այսքան հրաշք տեսնելուց հետո,
Ինձ համար դարձյալ հրաշքը վերին
Տաք հողի միջով բոբիկ քայլելու
Այն վաղնջական երանությունն է…

Դարձյալ ու դարձյալ
Այն վայրկյանն է սուրբ,
Երբ աչքերի մեջ բաղձալի կնոջ
Վարանումները մարմրում անզոր,
Դառնում են անմեղ -մեղավոր խոստում:
Եվ դա էլ դարձյալ,
Դա էլ երևի
Տաք հողի միջով բոբիկ քայլելու
Նույն վաղնջական երանությունն է…
Երևան, ինձ ներիր

Երևան, ինձ ներիր, ինձ ներիր,Երևան,
Որ թողած սրբատաշ հրաշքներն այս քարի,

Որոնեմ այն մայթերն ու փոշին Նաիրյան,
Որ Չարենցն է երգել ու երգել Մահարին:
Որ թողած լույսերում պողոտա ու մայթեր,
Ես գնամ, մոլորվեմ գիշերում քո այն կույր,
Որոնեմ այն հին բակն ու դռնակն այն փայտե,
Որ իր դեմ աշխարհի լույսն ու բախտն էր փակում:
Որոնեմ ջրերում փշրված լուսնկան,
Ու լսեմ գիշերով հեկեկանքը թառի,
Մահու չափ կարոտեմ ծամավոր աղջկան,
Ու սրտիս անամոք թախծությունը թառի:
Որ մորմոք խառնվի իմ հացին ու գինուն,
Հեկեկա գիշերվա մայթերում ամայի,
Հասկանամ, որ կյանքում սերը մեկն է լինում
Ու միակն է լինում կյանքի պես ու մահի…
Սիրտս
Մի նուրբ ձնծաղիկ հողից նոր ելած`
Արցունքի մի շիթ թերթերի մեջ թաց,
Մի ծիծեռնակի սրաթև սլացք,
Ինչ-որ աղջկա քնքուշ մի հայացք,

Արևի մի շող բեկբեկուն ու տաք,
Ու թրթռում ես, սի՛րտ իմ, կրծքիս տակ…
Ի՞նչ ես դու հիշում,չգիտեմ բայց ես
Շնորհապարտ եմ. սիրտ իմ, քեզ այնպես,
Որ դու կարող ես այդպես թրթռալ
Եվ որ խենթացած կարող ես դու լալ,
Մի նուրբ ձնծաղկից, մի բեկոր հուշից,
Դաշտերին իջած կապույտ մշուշից,
Գարնան հալոցքից, հավքի սլացքից,
Ինչ-որ աղջկա քնքուշ հայացքից:
Երբ ես հեռանամ
Երբ ես հեռանամ, կտանեմ ինձ հետ միայն ցավն իմ կույր,
Եվ տենդն այս վայրի, որից անընդհատ շուրթերս են ճաքել,
Իսկ մնացյալը, որ խիղճ է արդար ու սիրտ է մաքուր,
Կուզեի այնպես ես ձեզ կտակել:

Կտակել դողն այն, որով պատանու մատներն են դողում,
Երբ նա ուզում է աղջկա կրծքի կոճակը քանդել,
Հրեղեն շողն այն, որ թրթռում է մի կաթիլ ցողում
Եվ այդ կաթիլը դարձնում կանթեղ:
Եվ այն սուրբ ձյունը , որ անհայտության հեռու ոլորտից
Մանուշակների հրաշքն ու հասկի ոսկին է բերում,
ԵՎ այն հնչյունը, որ ծնվում ինչ-որ հեռու կարոտից
ՈՒ հավքի փոխված ճախրում վերևում:
Եվ բարդիները՝ կանաչ հավատի ցոլցլուն մոմեր,
Եվ գետակները, որ ցող են ցանում մանկանց ոտքերին,
Մասրենիները, որ բոցերն իրենց երկնքին ձոնել,
Շիկնանք են տալիս առավոտներին:
Եվ քարափները, որոնց կապուտակ քարանձավներում
Բնակեցրել են իմ երազների կախարդ մոգերին,
Եվ խաչքարերը, որ ասես լուսե խիղճ են ու ներում
ՈՒ միշտ խոսել են ինձ հետ ոգևին…
Եվ իմ տունը հին, իմ տունը խլված…
Երբ արդարության
Ձեռքը բաց անի ճամփաներն այն փակ, ախ, եղեք բարի,
Գնացեք, գտեք մամռած թախիծը դարավոր այդ տան
ՈՒ սիրտս դրեք սեմի սուրբ քարին…
…Վերում կապո՜ւյտ-կապո՜ւյտ երկինք,
Կարոտի չափ տրտում,
Հեոու-հեռվում մի լուրթ երկիր,
Սասնա կորած մի տուն։Ծուխն է ելնում բարա՜կ-բարա՜կ,
Անուշ հոտ կա հացի,
Ու կա մաքուր մի աղբյուրակ,
Նման անուշ լացի…Ո՞վ է կանչում հեռվից, քեզ ո՞վ,
Ո՞վ է ձայնում, իմ ծուռ,
Աչքերդ փակ՝ սև կածանով
Ո՞ւր ես գնում, ախ, ո՞ւր…
Ուռենու վրա լրած լուսնկան
Իջել է որպես արծաթե սափոր,
ԵՎ ուռին կարծես աղջիկ է չքնաղ,
Ջրի է գնում առվակի ափով:
Հեռվում մի հոգնած, քնատ մի ջրվոր
Երգում է խումար աչքերի մասին,
Ու նրա երգը ջինջ ու հեռավոր
Երազ է հյուսում գյուղի երազին:
Իսկ այգեպանը աստղերի տակ հեզ
Ննջում է հանդարտ՝ գլուխը հողին,
ՈՒ երազի մեջ լսում, թե ինչպես
Գինով է լցվում սիրտը խաղողի:
Կարող եք ծանոթանալ նաև՝  

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

14 отзывов на “Վահագն Դավթյան, բանաստեղծություններ

  1. Уведомление: Օգոստոսի 15-ին ծնվել է Վահագն Դավթյանը « Մեդիամանկավարժական բլոգ

  2. Շնորհակալություն տիկին Նունե…

    Нравится

  3. Уведомление: Ալիսիա Կիրակոսեան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Վահագն Դավթյան «Չբերեի՞ … թողնեի այնտե՞ղ …» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Վահագն Դավթյան «Սարդարապատ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Վահագն Դավթյան «Սարդարապատ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. emka:

    shaaaat shnorhakalutyun gexecik banastexcutyunneri hamar

    Нравится

  8. Уведомление: Խոսք Նոր տարուն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Վահագն Դավթյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Վահագն Դավթյան «Ծաղիկների խոսք ու շշուկ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 27.09.2022 — Հայոց լեզու, գրականություն

  12. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 27.09.2022 – Անաիս Բեգլարյան, 9-րդ դասարան, Ավագ դպրոց

  13. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 30.09.2022 — Հայոց լեզու, գրականություն

  14. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 4.10.2022 — Հայոց լեզու, գրականություն

Оставьте комментарий