Եղիշե Չարենց, Ակսել Բակունցին

bakunc1

Եղիշե Չարենցի նորահայտ անտիպ էջերից

Սիրելի Ակսելին

Այդ գունատ սուբյեկտը

 Այդ գունատ սուբյեկտը, որ նստած է դեմըդ,-

Դու նրան ճանաչո՛ւմ ես, դու նրան գիտես:-

Նա այդպես միշտ գունատ է, և այդպես միշտ հե՛տդ է`

Թե շրջում ես կյանքո՛ւմ դու, երազում ես թե:

Այդ գունատ սուբյեկտը:- Առաջին անգամ նա

Երևաց կյանքում քո, երբ առար գրիչ:

Եվ այդպես` այդ օրը սկսվեց անկումդ —

Նա ցնցեց հոգին քո ու հանձնեց հրի: —

Այդ հիմար սուբյեկտը: — Քո ձեռքից բռնած նա

Քեզ տարավ բուլվարը և ասաց` նայի՛ր –

Քեզ թովում է գիշերը ու գունատ լուսաբացը,

Քեզ թովում է ալլեյը` այսքա՛ն ամայի:

Նա ասաց. – Տեսնո՞ւմ ես ոսկեգույն տերևները,

Որ այդպես ընկնում են ու ծածկում ուղիդ…

Աշխարհում օրե՛նք է իր ժամին մեռնելը…

Եվ այսպես` քեզ խաբե՛ց նա ու տվեց օղի:

Նա ասաց` ամբո՛ղջը, ինչ որ կա, չնչի՛ն է.

Ինչ որ կա — երա՛զ է, ու երազը` ծուխ, —

Դու սիրիր միայն երգը, տխրությունն ու կինը,

Որ քեզ պես անցողիկ է ու քեզ պես մահացո՛ւ:

Եվ այսպես – նա խաբե՛ց քեզ ու մնաց նա մոտդ

Ամենուր հետևե՛ց նա ու հսկեց նա քեզ:

Եվ անգամ չկորավ նա այն խնդուն առավոտը,

Երբ ցնդեց մառախուղը և արևը ծագեց…

Այդ գունատ սուբյեկտը:- Նա մի խեղճ կրետի՛ն է,

Նա հիվանդ երազող է, նա մելանխոլի՛կ,-

Բայց նրա հայացքի տակ, տե՛ս, ցնդում է գետինը

Եվ փոխվում է աշխարհը մանկական հոլի…

Թե չգար այդ սուբյեկտը, չբռներ թե վզիցդ`

Ախ, գուցե դառնայի՛ր դու հանճարեղ Իկար, —

Բայց նայի՛ր` քաշել է իր մթին շրջագիծը

Եվ ցմահ քեզ գերե՛լ է այդ սրիկա՛ն…

Կքամի նա ուղեղդ, կծծի եռանդդ,

Կխմե արյունդ` քեզ գերի դեռ թե —

Օ, խեղդի՛ր, քանի շուտ է, օ, խեղդի՛ր նրան դու

Քանի ինքը, քանի ինքը դեռ քեզ չի խեղդել…

1927, 29. 3. Արմավիրճաշարանում

Տպագրության պատրաստեց Դավիթ Գասպարյանը

Աղբյուր`  http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=1087&p_file=content

Եղիշե Չարենց, Ա. Բ.-ին

…Ե՛վ բառերի համար քո մարմարյա,

Հնամենի, բուրյան, որպես մեր հին

Քարաքանդակ անդուռ մատուռների

Անջընջելի գրերն հնադարյան,—

Եվ մյուռոնի նման սրբազնագույն

Քո երկերի մաքուր սկիհներում պահված

Խորհուրդների համար մշտահըմա,

Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,—

Քո «Միրհավի» համար— և լուսեղեն՝

Արփենիկի հուշով սրբագործված հավետ,

«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,

Որ բուրելու է հար աննյութեղեն,—

Եվ վերջապես քո վեհ, հերոսական

«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ

Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,

Շաղում է շողք ու սերմ անանձնական,—

Այս ամենի համար, — և «Ծիրանի»

Հազարամյա փողի՛ համար քո այն,

Որ դարերո՛վ տենչած խաղաղության

Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի

Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝

Հնչելու է երգեր եղբայրական,—

Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ

Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…

Այս ամենի համար, — և քո եղերական

Տառապանքի համար, որ արդ կրկին

Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—

Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…

Եվ ներբողում եմ քեղ ահա կրկին անեղծ

Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —

Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,

Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…

ՉԱՐԵՆՑ

Բակունցի դիմանկարը` Մարիամ Ասլամազյանի


Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Եղիշե Չարենց, Ակսել Բակունցին

  1. Уведомление: «Ակսել Բակունց», մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Դեկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий