Հայ արձակի ամենաշողուն աստղը

bakunc

Հատվածներ Ակսել Բակունցի` բանտից գրված նամակներից

«Իմ գրքերը արգելված են, իմ սահմանափակ խցիկը կտրված է նորմայի չափով, ես զրկված եմ օրենքով նախատեսված իրավունքով պաշտպանելու իմ շահերը»:

«Ծա՜նր է, շա՜տ ծանր… Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում… Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Ի՞նչ է լինելու ինձ հետ… Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»։

Ակսել Բակունց, 1937թ.

Մեղադրական գործ 4131, ֆոնդ 3036, ութ հատորով, 384 վավերագիր

Ամենալուսավոր,ամենապայծառ, «արցունքի պես ջինջ» գրողը,արձակի նուրբ քնարերգուն,ամենադրամատիկ կերպարը ամբողջ 30-ական թթ. գրական-հասարակական կյանքի անցուդարձի մեջ…

Ակսել Բակունցը…Հայ գրողների վիշտն ու թախիծը, հայ մարդու խոնարհ ու տխուր կյանքի գեղագիրն ու օրհներգուն: Մեծ կարոտների ու անդառնալի կորուստների լռակյաց խնկարկուն,որը պիտի 11 ամիս շարունակ ստորացվեր ՆԳԺԿ հետաքննիչների կողմից և պայծառ հայացքը արդարությանը հառած,կանգնած իր իսկ ձեռքով փորված գերեզմանի եզրին`գնդակահարվեր,երբ դեռ նոր էլ լրացել 38 տարին:

1936թ.օգոստոսի 9-ը դարձավ հերթական շուրջկալների օր: Նույն օրը միաժամանակ ձերբակալվեցին Բակունցը, Մահարին, Ալազանը…

Բակունցի դեմ գործ է հարուցվում ՀԽՍՀ Քրեական օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով,այնուհետև մեղադրական հոդվածներն ավելացել են ընդհուպ մինչև 19-65-րդ հոդվածներով (տեռորի նախապատրաստում ղեկավարության դեմ):

Բակունցի հարցաքննությունները կրել են շատ ծանր ու դաժան բնույթ: Բակունցը ենթարկվել է ամեն տեսակի հալածանքների, ֆիզիկական բռնությամբ նրան ստիպել են ստորագրել նախապես կազմված արձանագրությունների տակ:

Նա ենթարկվել է հոգեկան ու մարմնական դաժան կտտանքների:

Ահա Բակունցի մեղադրական եզրակացությունը

1. Հանդիսանում է հակահեղափոխական,

տրոցկիստական, նացիոնալիստական կազմակերպության անդամ,որը 1934թ- դեկտեմբերի 1-ին սպանեց Կիրովին և հետագայում նախատեսում էր այդպիսի տեռոր ընդդեմ խորհրդային իշխանության:

2.1930թ. Չարենցի հետ կազմակերպել է հակահեղափոխական գրողների կազմակերպություն: 1933թ-ից գլխավորել է կենտրոնը,որը նպատակ ուներ սպանել Ստալինին,նախապատրաստում էր մահափորձ Բերիայի դեմ:

Մեղադրական այս եզրակացությունը Բակունցին հայտնվում է 1937թ-ի հուլիսի 6-ին:

Հաջորդ օրը` հուլիսի 7-ին,լսվում է նրա գործը: Խորհրդակցությունը սկսվել է 11.20-ին, ավարտվել է 11.55-ին:Բակունցը գտնվել է դահլիճում: Վկաներ չեն եղել:

11.55-ին հրապարակվում է դատավճիռը…

Ընդունված դատավճռով… Այստեղ այն պահն է, երբ, ինչպես Կարսի անկումը նկարագրելիս Չարենցն էր ասում, գրիչը ձեռքիցդ ընկնում է վար…

Ընդունված դատավճռով… Ակսել Բակունցը դատապարտվում է պատժի առավելագույն չափի`գնդակահարության:

Դատավճիռն ի կատար է ածվում հաջորդ օրը`1937թ-ի հուլիսի 8-ին:

Ավարտվում է մեծ ու լուսավոր կյանքը,մարում է հայ արձակի ամենաշողուն աստղը…

Մեծագույն գրողն ու անբասիր քաղաքացին,հայրենիքի նվիրյալ որդին ու անմեղ նահատակը արդարացվեց 1955թ-ի մարտի 2-ին:

Աղբյուր` Դավիթ Գասպարյան, «Փակ դռների գաղտնիքը»

Ակսել Բակունց,  «Գաղտնի թղթապանակ»

Ակսել Բակունց (բանտային կյանքից)

1937թ. փետրվարի 22-ին՝  մռայլ մի երեկո, կանչվեցի Հայկական պետական անվտանգության կոմիտե, ու ինձ կալանավորեցին:
Խուզարկելուց հետո տարան ու հրեցին ներքնահարկի նկուղներից մեկը՝  կարծեմ 21 կամերան, ուր գտնվում էր գրող Ակսել Բակունցը: Դուռը զրնգալով իջավ վրաս, բանալին պտտվեց ու վերջ…

Կամերայի լույսն աղոտ էր, մեռելային ու ճնշող: Զգացվում էր գաղջ բույր: Մարդկանցից շատերը անտարբեր եղան իմ նկատմամբ: Նրանցից առաջինը գունեղ վերմակի տակից գլուխը վեր բարձրացնողն ու ինձ նայողը Ա. Բակունցն էր. 5 օր առաջ մենախցից էին տեղափոխել այդ կամերան. մենախցում արդեն նստել էր 9 ամիս: Այստեղ նա համեմատաբար իրեն թեթև էր զգում, որ գտնվում է մարդկանց մեջ և, հետևաբար, աշխարհում:
Նա մեղմ շշնջաց. «Մոտ արի, նստիր այստեղ՝  կողքիս»: Խոսում էր նվաղած: Նրա դեմքը գունատ էր, ինչպես արև չտեսած բույս, բայց աչքերը առկայծում էին: Իմ շփոթվածությունը նկատելով՝ ճիգով ժպտաց: Աչքերը կապտավուն էին, խոհական, բայց գունատ, մազակալած դեմքի վրա հոգեկան տագնապից, զայրույթից ու ջղագրգռությունից խիստ էին փայլատակում: Բայց դեմքին ուներ բնական խրոխտություն: Այդ գիշերը ինձ երեք անգամ վերուվար տարան քննության համար: Բակունցն ինձ նախապես զգուշացրեց. «Գիտեմ՝  դու ևս անմեղ ես, բայց ուրիշ անմեղների անուն չտաս, իմացիր, որ շատերը այդ ճանապարհով անմեղ զոհեր են դարձել»: Առավոտյան կես շերեփի չափ վարսակի կաշ ու 400-500 գրամ տարեկանի հաց տվեցին ամեն մեկիս. դա մեր օրվա սնունդն էր:
Բակունցի նախնական քննությունն ավարտված էր, սպասում էր: Նա մեղադրվում էր 11 հոգու հետ, որոնք իբր թե ունեցել են տեռորիստական խմբակ՝ Բերիայի և պետության մյուս ղեկավարների դեմ տեռոր իրականացնելու նպատակով: Նա ասաց, որ իր վրա դրված է եղել մեղադրական 4 հոդված, որոնցից ամեն մեկը նախատեսում է մահապատիժ, և երնեկ էր տալիս ինձ, որ իմ հոդվածը թեթև է, և ես կապրեմ: Բակունցը օրեցօր սպասում էր, որ շուտով իրեն կկանչեն դատարան, և կիրականացվի մահապատիժը: Ցավով էր հիշում, որ իր ուղեղը ցամաքում է առանց կարդալու և գրելու: Նրա մեծ տառապանքը գրելու հնարավորությունից զրկվելն էր: Նա ապրում էր դառն ողբերգություն, երբ զգում էր, որ բանտերն օրեցօր լցվում են մարդկանցով: Կալանքից առաջ չգիտեմ՝ Բակունցն ինչպիսին է եղել, բայց այդ ժամանակ շատ դյուրագրգիռ էր, վերին աստիճանի ջղագար: Հաճախ դուռը ծեծում էր, երբ հսկիչը դռան նեղանցքը բացում էր, նա պահանջում էր թարմ ջուր, բայց հսկիչը հեգնանքով ասում էր. «Տեղդ նստիր, այստեղ քեզ համար սանատորիա չէ»: Այդպիսի պատասխաններից շատ էր տանջվում:
Օրական երկու անգամ մեզ տանում էին զուգարան, բայց մի քանի րոպեով: Բակունցի տրամադրությունն այդ ժամաանկ մի թեթև բարձրանում էր: Հափշտակված մոտենում էր ջրի ծորակին լվացվում, գլուխը թեքում ծորակի տակ ու լսում ջրի ձայնը. չէ՞ որ բնության հազարերանգ երևույթներից միայն ջրի նվաղ գլգլոցն էր մուտք գործել բանտ: Նա անզուսպ կերպով կարոտում էր բնությունը: Այդ պահին, ինչպես հաճախ, երևակայությամբ թռչում էր դեպի բնությունը և երբեմն էլ բացականչում: Անընդհատ ինչ-որ բանի մասին խորհրդածում էր, փիլիսոփայում և ամեն բան ասում էր գեղեցիկ ու պատկերավոր: Բակունցը շատ կենսասեր էր, ապրել ու տեսնել էր ուզում, բայց միաժամանակ չէր սարսում նրանից, ինչ որ գալու էր իր գլխին: Նա միայն տանջվում էր նրանից, որ աննպատակ, քմահաճ ու մութ գործերի զոհ է դառնում: Երբեք իրեն չցուցեց, որ գրող է ու կարևոր գործեր է ստեղծել: Ափսոսում էր, որ անավարտ են մնացել «Աբովյան» և «Կարմրաքար» վեպերը, ասում էր, որ նպատակ է ունեցել վիպերգության վերածել թոնդրակեցոց շարժումը: Որևէ դեպք պատմում էր սրտով, հուզիչ, դեպքերի մեջ դնում էր իմաստնություն, կյանքի թրթիռ: Պատմելիս երբեմն ժպտում էր, երբեմն թախծում, ճակատը շոյում ու խաղում մազերի հետ:
Հետաքրքրվեց Չարենցով, ասացի, որ Չարենցի մասին թերթերում լռություն է: Խոր ախ քաշեց: Սիրում էր Չարենցին անչափելիորեն, կախարդված էր նրա պոետական թափով, հոգու անսահման ուժով, մաքառումների ձիրքով..
1937թ. կարծեմ ապրիլի 3-ն էր, Բակունցին կանչեցին քննիչի մոտ: Վերադարձին շատ հուզված էր ու մռայլ: Քննիչը նրան կարդացել էր մեղադրական եզրակացությունը և պահանջել ստորագրել: Ամբողջ գիշեր չքնեց: Առավոտյան չէր կարողանում վեր կենալ: Շրթունքները սպիտակել էին, դեմքը՝ գունատվել, դեմքի մկանները շարժվում էին, աչքերն էլ՝ առկայծում: Մի քանի րոպե հետո հենվեց արմունկի վրա, հետո նստեց: Բոսորացավ քիչ առաջ նրա նիհար ու գունատ դեմքը, և սկսեց իրեն խոսել. «Ես ներկայացրել եմ մի քանի տասնյակ էջ կազմող գրական երկեր, այդ էջերում են շաղ տրված իմ սիրտն ու հոգին, իմ կարոտն ու տենչանքը, իմ տառապանքն ու հույսը: Եվ ահա ես ու իմ երկերը, ահա երկու անմեղ զոհեր…»:
Նրա մեջ կար գրելու ծարավ, կուտակված մտքեր ու պատկերներ, բայց ոչ թուղթ կար, ոչ էլ թանաք: Որևէ բան գրում էր ծխախոտի փոքրիկ թղթիկների վրա՝ լուցկու այրված ծայրով, որոնց պահպանելը հնարավոր չէր: Բակունցը՝ պարզ ու գրականության մարդ, խորամանկ քննիչը նրան առել էր իր ճանկերի մեջ ու տրորել նրա անարատ ու անբասիր հոգին ու մարմինը:
Ծանր օր էր 1937 թվի ապրիլի 30-ը: Ինձ հայտնեցին շտապ հավաքել «իրերը» և դուրս գալ: Այդ լուրը տագնապ առաջացրեց Բակունցի սրտում: Նա մոտեցավ ինձ՝  մի բան ասելու: Գրկեցինք իրար: Մեր սրտերի զարկերը լսվում էին ժամացույցի տկտկոցի պես: Լուռ էինք, այդ լռությունը բարձր էր ամեն խոսքից: Նա խուփ աչքերով գլուխը հենեց իմ կրծքին. իր ներքին աշխարհի հետ էր:
-Աշխարհին ասեք,-զրնգաց Բակունցի առնական ձայնը,-որ ես ժողովրդի թշնամին չեմ: Կնոջս ու տղայիս էլ հաղորդեք, որ իմ առիթով իրենց կրած տառապանքների համար ինձ չանիծեն…
Դուրս եկա կամերայից: Փակ դռան ետևում մնաց Բակունցը: Նա մի քանի անգամ ներսից հարվածեց դռանը: Կամերաներից հավաքած մի խումբ մարդկանց հետ… իջանք բանտի դարպասի առաջ: Նստեցինք պարսպի տակ, մինչև մեզ տեղավորելը: Հանկարծ մեզանից մի քանիսը գոչեցին՝ Չարենցը՜, Չարենցը՜, տեսե՜ք: Այո՛, Չարենցն էր: Մի քանի քայլ գնալուց հետո կանգ առավ ու ասաց. «Տղաներ, բժշկի մոտ եմ գնում»: Մտածեցի, թե ինչ ապրումներ կունենար Բակունցը, եթե մեզ հետ լիներ ու տեսներ Չարենցին, եթե նրանց հայացքները հանդիպեին միմյանց…
Ինձ թվում է՝ Բակունցը դատված կլինի 1937 թ. ամռան ամիսներին: Խորհում եմ, թե որտեղ է տարվել նրա դին: Սիրտս լցվում է արյունով ու թախիծով, երբ մտաբերում եմ այդ թվականներին մամուլում լույս տեսած 2-3 գրողների ու քննադատների հոդվածները մեր երկու մարտիրոսվածների մասին: Այդ հանցագործ սրտով նրանք ինչպե՞ս են գրիչ վերցնում նոր մարդու կերպարը գծելու համար:

Գուրգեն Մանուկյան

Աղբյուր՝  Ֆիմինե  ֆեյսբուքյան էջ

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Հայ արձակի ամենաշողուն աստղը

  1. Уведомление: «Ակսել Բակունց», մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. շատ լավ տեղեկւթյուն էր

    Нравится

  3. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Դեկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий