Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն

18

Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երևույթ է և իր մեջ հոգևոր որևէ խորհուրդ չունի:

Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ օր է յուրաքանչյուր մարդու համար: Օր՝ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը:

Հոգևորականները հորդորում են Ամանորը դիմավորել եկեղեցում, խորհել հոգևոր վիճակի մասին և ստանալ Աստծո օրհնությունը:

Իր թե նշանակությամբ, թե էությամբ, և թե խորհրդով Ամանորը զիջում է Ս. Ծննդյանը: Իսկ Ս. Ծնունդն ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը: Իզուր չէ, որ շուրջ 2000 տարի մարդկությունն իր տոմարական բոլոր հաշվարկները կապում է Քրիստոսի Ծնունդով` նախքան Քրիստոս և Քրիստոսի Ծնունդից հետո:

Ս. Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը, բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո էլ հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:

Հունվարի 6-ին Հայ առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը:

Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են` «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց», «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:

Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը երկու անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

Քրիստոսի մայրը՝  սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը, ծնվել է ամուլ ծնողներից: Նա աստվածատուր է, որովայնից ընտրյալ զավակ, և նրա ծնունդը հրեշտակն է ավետել: Մարիամը սերում է քահանաների ու թագավորների տոհմից: Մարիամի հայրը՝  Հովակիմը, Հուդայի թագավորական ցեղից էր, իսկ մայրը՝  Աննան, Ղևիի քահանայական ցեղից,  ով Գալիլիայում ամուսնացավ Հովակիմի հետ և ծնեց հրաշագեղ Մարիամին: (Ի դեպ, Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը,  կենսագրության առանձին դրվագներին անդրադարձել է նաև Մովսես Խորենացին):

Ըստ Ղուկասի Ավետարանի վկայության, Հիսուս ծնվել է առաջին մարդահամարի ժամանակ, երբ Նրա մայրը` Մարիամը, իր ամուսնու` Հովսեփի հետ Նազարեթ քաղաքից Բեթղեհեմ էր գնում` իրենց հայրենի քաղաքում արձանագրվելու համար: Հիսուսի մայրը` Մարիամը, շնորհալի կույս էր, որը նշանված էր Հովսեփ անունով մի բարեպաշտ մարդու հետ: Սակայն ամուսնությունից առաջ Մարիամը հղիացել էր Սուրբ Հոգուց: Այդ մասին նրան ավետել էր Աստծու հրեշտակը. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետեւ դու արժանացար Աստծու շնորհին: Ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի Որդի կկոչվի […] Նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. Ա 30-33): Այս մասին Հին Կտակարանում մարգարեները նախապես գրել էին. «Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի…» (Ես. Է 14), ու այդ նորածինը պետք է դառնա աշխարհի Փրկիչը:

Եվ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Մայրը փաթաթեց նրան խանձարուրով եւ դրեց մսուրի մեջ, որովհետեւ իջևանատանը իրենց համար տեղ չկար:

Մանուկ հասակում Հիսուսին տարան Եգիպտոս` Հրեաստանի Հերովդես արքայի հալածանքներից նրան հեռու պահելու համար, իսկ պատանի տարիքում, Հովսեփի եւ Մարիամի ուղեկցությամբ Նա վերադարձավ: Տեղեկություններ չկան այն մասին, թե ինչպես եւ ինչ միջավայրում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Հայտնի է միայն, որ Եգիպտոսից վերադառնալով, Հիսուս ծնողների հետ հաստատվեց Գալիլեա գավառի Նազարեթ քաղաքում: Այս պատճառով էլ հետագայում նրան կոչեցին Նազովրեցի:

Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:

Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով:

Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այդ օրը՝ Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:

Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:

Աղբյուրը՝  Արամ Դիլանյան, «Ս. Աստվածածնի հղացման տոն»

Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Գրիգոր Տաթևացու Սուրբծննդյան տեսարանը՝  Լուսինե Մովսիսյանի

Ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Սուրբ Ծնունդ» կայքէջին

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

13 Responses to Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն

  1. Уведомление: Ծիսական տոնացույց. Մեդիաուղեցույց -2014 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հայկական ծիսական ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Կաղանդ, ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ուսուցչի լույսն Արատեսում — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ

  9. Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան

  10. Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա

  11. Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | «Պարտեզ» ամսագիր

  12. Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ — Մարգարիտ Սարգսյան

  13. Уведомление: Սուրբծննդյան ծեսը հայոց մեջ (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий