Հոգևորականները հորդորում են Ամանորը դիմավորել եկեղեցում, խորհել հոգևոր վիճակի մասին և ստանալ Աստծո օրհնությունը:
Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ օր է յուրաքանչյուր մարդու համար: Օր՝ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը: Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երևույթ է, և իր մեջ որևէ խորհուրդ չունի:
Իր թե նշանակությամբ, թե էությամբ, և թե խորհրդով Ամանորը զիջում է Ս. Ծննդյանը: Իսկ Ս. Ծնունդն ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը: Իզուր չէ, որ շուրջ 2000 տարի մարդկությունն իր տոմարական բոլոր հաշվարկները կապում է Քրիստոսի Ծնունդով` նախքան Քրիստոս և Քրիստոսի Ծնունդից հետո:
Ս. Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը, բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո էլ հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:
Հունվարի 6-ին Հայ առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը:
Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են` «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց», «Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:
Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը երկու անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Քրիստոսի մայրը՝ սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը, ծնվել է ամուլ ծնողներից: Նա աստվածատուր է, որովայնից ընտրյալ զավակ, և նրա ծնունդը հրեշտակն է ավետել: Մարիամը սերում է քահանաների ու թագավորների տոհմից: Մարիամի հայրը՝ Հովակիմը, Հուդայի թագավորական ցեղից էր, իսկ մայրը՝ Աննան, Ղևիի քահանայական ցեղից, ով Գալիլիայում ամուսնացավ Հովակիմի հետ և ծնեց հրաշագեղ Մարիամին: (Ի դեպ, Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը, կենսագրության առանձին դրվագներին անդրադարձել է նաև Մովսես Խորենացին):
Ըստ Ղուկասի Ավետարանի վկայության, Հիսուս ծնվել է առաջին մարդահամարի ժամանակ, երբ Նրա մայրը` Մարիամը, իր ամուսնու` Հովսեփի հետ Նազարեթ քաղաքից Բեթղեհեմ էր գնում` իրենց հայրենի քաղաքում արձանագրվելու համար: Հիսուսի մայրը` Մարիամը, շնորհալի կույս էր, որը նշանված էր Հովսեփ անունով մի բարեպաշտ մարդու հետ: Սակայն ամուսնությունից առաջ Մարիամը հղիացել էր Սուրբ Հոգուց: Այդ մասին նրան ավետել էր Աստծու հրեշտակը. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետեւ դու արժանացար Աստծու շնորհին: Ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի Որդի կկոչվի […] Նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. Ա 30-33): Այս մասին Հին Կտակարանում մարգարեները նախապես գրել էին. «Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի…» (Ես. Է 14), ու այդ նորածինը պետք է դառնա աշխարհի Փրկիչը:
Եվ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Մայրը փաթաթեց նրան խանձարուրով եւ դրեց մսուրի մեջ, որովհետեւ իջևանատանը իրենց համար տեղ չկար:
Մանուկ հասակում Հիսուսին տարան Եգիպտոս` Հրեաստանի Հերովդես արքայի հալածանքներից նրան հեռու պահելու համար, իսկ պատանի տարիքում, Հովսեփի եւ Մարիամի ուղեկցությամբ Նա վերադարձավ: Տեղեկություններ չկան այն մասին, թե ինչպես եւ ինչ միջավայրում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Հայտնի է միայն, որ Եգիպտոսից վերադառնալով, Հիսուս ծնողների հետ հաստատվեց Գալիլեա գավառի Նազարեթ քաղաքում: Այս պատճառով էլ հետագայում նրան կոչեցին Նազովրեցի:
Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով:
Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այդ օրը՝ Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները:
Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:
Աղբյուրը՝ Արամ Դիլանյան, «Ս. Աստվածածնի հղացման տոն»
Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»
Լուսանկարը՝ Հայ մատենագրութեան թուանշային գրադարան
Уведомление: Ծիսական տոնացույց. Մեդիաուղեցույց -2014 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական ծիսական ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կաղանդ, ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսուցչի լույսն Արատեսում — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա
Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | «Պարտեզ» ամսագիր
Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ — Մարգարիտ Սարգսյան
Уведомление: Սուրբծննդյան ծեսը հայոց մեջ (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)