Թեև այսօր 100-րդ նյութը թողարկեցի, մեկ է` ես ինձ բլոգեր չեմ համարում, որովհետև իմ բլոգում հրապարակային քննարկումներ, հասարակական հնչեղության հարցեր կամ սոցիալական հրատապ շեշտադրումներ չկան (խոսքը մեր մեջ` չեմ էլ ուզում, որ լինի):
Բլոգը, ի սկզբանե ունեցել է ուսումնական-կրթական և հոգևոր-մշակութային ուղղվածություն: Ըստ իս, շատ բլոգների հետ համեմատած` ունի մի շատ կարևոր առավելություն. ոչ թե արտատպված, այլ համացանց ներմուծվող ստեղծական նյութեր են` տարատեսակ նյութեր, տեսանյութեր, թարգմանություններ, մտորումներ, խոհեր և այլն:
Սկզբունքորեն դեմ եմ հեղինակային իրավունքերի խախտումներին, այդ պատճառով ձգտում եմ միշտ նշել նյութի, լուսանկարի հեղինակին:
Հիմա նստել ու մտածում եմ` ես բլոգին տվել եմ նյութեր, բա բլոգը ինձ ի՞նչ է տվել: Մտածեցի ու հասկացա, որ տվել է`
- արագ, արդյունավետ մտածելու և գործելու հմտություն
- համակարգված մտածողություն և ժամանակի խնայողություն
- ինքնավստահություն և ինքնաճանաչողություն
(Տես է, փաստորեն օգտատեր բառը այս դեպքում շատ էլ տեղին է):
Ես եմ ու իմ բլոգը. այնպիսին եմ, ինչպիսին կամ իրականում:
Ժողովուրդ ջան, մի բան էլ` բլոգի մանր տառատեսակի համար ներող կլինեք: Էս wordpress-ը երկու ոտքը դրել է մի մաշիկի մեջ ու պնդում է, որ տառատեսակը կմեծացնի մի պայմանով, եթե ամսական 50 դոլար գումար տամ: Չէ մի, պոզեր…
Հ.Գ. Ժողովուրդ ջան, լուսանկարի բալիկները իմ երեխաներն են` Լիլիթն ու Արեգը: Այս լուսանկարը եղել է իմ բլոգ ներբեռնած առաջին նկարը:
