Նոր կիրակին կամ Կրկնազատիկը կոչում են «Թովմասի Կիրակի»: Կիրակի կամ Կիվրակէ հունարեն բառ է, նշանակում է Քրիստոսի Հարությանը նվիրված օր:
Սկզբնական շրջաններում տարածված չէր կիրակի բառը, այլ գործածական էր միաշաբաթը, որպես շաբաթվա առաջին օր: Հետագայում միաշաբաթի փոխարեն տարածվեց հունական կիրակին:
Արևելյան Եկեղեցիները Զատկին հաջորդող Կիրակիին տալիս են նոր մակդիրը, իսկ Արևմտյան Եկեղեցիները այն կոչում են «սպիտակ կիրակի»: Հայաստանյայց Եկեղեցին Զատկին հաջորդող Կիրակին անվանում է Կրկնազատիկ: Ըստ այս Կիրակիի շարականների մեկնության, Նոր Կիրակին իր մեջ բովանդակում է կյանքի վերանորոգության խորհուրդը:
Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառով:
Զատիկ նշանակում է ազատություն և այդ օրը կրկնակի ազատության օր է: Աստված մեզ ազատել է մեղքերից, սակայն մենք գտնվում ենք կրքերի ազդեցության ներքո: Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, դա կոչվում է Կրկնազատիկ: Կրկնազատիկ է կոչվում մեր հարության պատճառով: Քրիստոս առաջին կիրրակի օրը մեզ հարություն տվեց Իր հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի՝ և մեռելներից հարություն առնելով պիտի անմահանանք: Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ ու տոնախմբությամբ:
Կրկնազատկի տոնին, արդեն իսկ ամրագրված ավանդույթի համաձայն, Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի Շուրիշկանի հրաշագործ Ս. Ավետարանը: Ավետարանը արդեն 30 տարի է պահվում է Մատենադարանում, որտեղից միայն տարին մեկ անգամ է դուրս բերվում, այն էլ հայրենադարձ իրանահայերի խնդրանքով:
Շուրիշկանի ավետարանի հետ կապված են բազմաթիվ հրաշագործ պատմություններ, ավետարանին նվիրված են բազում երգեր ու ստեղծագործություններ:
Շուրիշկանի Ավետարան
Շուրիշկանի Ավետարանը գրվել է 1498թ. Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում: Թուրվանդա անունով մի իշխան պատվիրել է Բարսեղ քահանային ընդօրինակել Ավետարանը: Այն ունի 322 թերթ, չափսերը` 18×13 սմ է, գրված է բոլորագրով: Ավետարանն ունի երեք գեղեցիկ մանրանկար, հարուստ է կիսախորան-անվանաթերթերով և լուսանցքազարդերով: Ավետարանի կազմը կաշվեպատ ստվարաթղթից է` պատված արծաթե բարձրաքանդակ ականակուռ կրկնակազմով, իսկ աստառը թղթից ու մետաքսից է:
Այս Ավետարանն անցել է կռվի ու բռնագաղթի ճանապարհ: 1603-1604թթ. Շահ-Աբասի կատարած արշավանքների հետևանքով բռնագաղթի ճանապարհը բռնած հայորդիների մեջ եղել է Տեր Գրիգորն իր ընտանիքով, ով իր ձեռքով Շուրիշկանի ավետարանը տեղափոխել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղը: Ավետարանը թաքցրել են Սուրբ Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում, որտեղ սյն մնացել է 370 տարի:
Այն վայրում, որտեղ թաքցված էր եղել Ավետարանը, սկսել է ջուր հորդել: Մարդիկ վկայում էին, որ այդ ջուրը բուժիչ և զորավոր է: Հետագայում այդ տեղը կոչվել է «Պապի աղբյուր», որի կողքին կառուցվել է մատուռ:
Շուրիշկանի ավետարանը մշտապես եղել է վտանգների ու սպառնալիքների տակ: Սակայն Ավետարանի հրաշագործություններին ծանոթ են եղել նաև օտարները, որոնց մասին վկայում է Շուրիշկանի ավետարանին կցված գրքույկը, որը կոչվում է ֆերմաններ կամ հրամաններ: Ահա այդպիսի հրամաններից մեկի մեջ պարսիկ իշխանները գրել են. «Չի կարելի ձեռք տալ Շուրիշկանի ավետարանին»: Եվ արգելում էին, որ ոչնչացվի այն` տեղյակ լինելով նրա հրաշագործություններին և զորություններին:
Հավատացյալներին Ավետարանի զորություններին հաղորդակից դարձնելը ավանդություն է եղել և այդ նպատակով այն տարվել է տարբեր վայրեր: Մի անգամ Ավետարանը մեծ փառքով տարվել է Ջուղա քաղաք, 3 օր պահվել է այնտեղ, արժանացել մեծ ընդունելության և պարգևների, որից հետո վերադարձվել է Շուրիշկան: Երկրի տարբեր մասերից մարդիկ իրենց շնորհակալություններն ու գոհունակությունն են հայտնել հրաշագործ Ավետարանին` իրենց բարեգործությունները բերելով եկեղեցուն, որոնցից կուտակված հասույթից եկեղեցու խորհրդի որոշմամբ Շուրիշկանում կառուցվել է ծխական դպրոց:
Ավետարանի հռչակը մեծ է եղել թե´ քրիստոնյա, թե´ իսլամ հավատացյալների մեջ, և այդ առթիվ աշուղների ու երգասացների կողմից գրվել են գովասանական երգեր:
Շուրիշկան լույսի փաթախտա ա,
Սուրբ ճառագայթ ամէն վախտ ա.
Զորությունը չարին յաղթա,
Շուրիշկանանց ավետարան:
Զորավար հանճար արեգակ,
Լուսապայծառ ամէն տեսակ.
Զորքերդ բարի հրեշտակ,
Շուրիշկանանց ավետարան:
Դարերի ընթացքում ձեռագիրը եղել է մարդկանց սեփականությունը: 1971թ. Ավետարանի ժառանգներ Ներսես և Մաթեոս Ծառուկյանները ներգաղթելով Հայաստան` Շուրիշկանի ավետարանը հանձնել են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան, որը մինչ օրս պահվում է այնտեղ: Մատենադարանում այն 10599 Ա ձեռագիրն է:
1971-2002թթ. այն միայն եղել է Մադենադարանի այցելուների համար հասանելի: Հավատացյալ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել հաղորդակից լինել հրաշագործությամբ ու բժշկությամբ հայտնի սրբությանը: Միայն 2002թ. Մեսրոպ Աշճյանի միջնորդությամբ Արագածոտնի թեմի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե Բարսեղյան քահանան թույլտվություն է ստանում Ավետարանն ամեն տարի Սբ. Հարության տոնին հաջորդող կիրակի օրը` Կրկնազատիկին, Մատենարադարանից տանել եկեղեցի:
Այնուհետև ամեն տարի Սուրբ Զատկի հաջորդող կիրակի օրը Ավետարանը Մատենադարնից թափորով բերվում է Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի` իր հրաշագործություններին հաղորդակից դարձնելով ուխտավորներին:
Շուրիշկանի ավետարանը համարվում է բուժիչ ու հրաշագործ: Ավետարանը կոչվել է նաև «Պապ» և «Խնդրակատար»: Սրբություն է հատկապես պարսկահայերի, հնդկահայերի, նաև` պարսիկ մահմեդականների համար:
Աղբյուրը` nli.am, qahana.am
Կարող եք ծանոթանալ նաև՝ Գիրք, որը 7 տարի ապրեց ջրի տակ
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Աշխարհամատրան կիրակի կամ Կանաչ կիրակի (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)