Անվերադարձ լքում
Ներիր, որ լքում եմ: Ես քեզ լքում եմ:Ինձնից քեզ դուրս եմ բերում ու հետո միայն հասկանում, որ ինձ եմ լքում:
Լքում եմ, այս անգամ արդեն անվերադարձ:
Ու թեև ամենամեծ լքվածը ինքը` լքողն է, բայց և այնպես` ներիր լքյալիս:
Դատարկություն
Դատարկ եմ, հիմա մեջս չկա որ սեր, ոչ կարոտ, ու ոչ էլ անգամ սպասում:
Դատարկ եմ, այդպես դատարկ է թվում այն բաժակը, որը լիքն է պռնկեպռունկ:
Դատարկ եմ, լիքը լինելու չափ դատարկ:
Ու թեև դատարկ եմ, բայց վախենում եմ թափվելուց:
Անձրևոտ լռություն
Անձրևոտ լռության խորքում աշնանային լռության կա ծվարած:
Անձրևոտ լռության ներսում մայր մտնող արև կա ժպտացող: Իմ գրկում ծիածան հայտնվեց:
Մի փունջ անձրև
Դրսում անձրև է: Ծիածանի միշտ էլ ծնվում է աղոթամրմունջ լռության գրկում:
Անձրև է նաև իմ ներսում: Ծիածանվելու համար մի բուռ արև ու մի փունւ անձրև է պետք ունենալ հոգում:
Լռություն և խոսք
Լռության մեջ ամեն ինչ կա, բառի մեջ` գրեթե ոչինչ:
Դու գնացիր
Դու գնացիր, և աշունը, որ մինչ այդ մեր հգու ջերմությունից թմրած` գլուխը ամպի ուսին դրած քնել էր երկնքում` արթնացավ ու թաց կոշիկները հագնելով իջավ երկիր:
Ժամանակը խճճվել է
Տարածության և ժամանակի համբույրից ներսումս ամեն ինչ մոխրացել է: Ժամանակը խճճվել է տարածության լաբիրինթոսում: Դատարկություն դատարկութեանց:
Այդ ես եմ
Ձմեռային այգի: Պարանից կախված միայնակ, քամուց սրսթսրթացող զգեստ: Այդ ես եմ:
Այդ մենք ենք
Փողոցով անցնող մարդը խոսում է ինքն իրեն: Մենք բոլորս էլ այդ մարդն ենք:
Անձրևոտ արևը
Լռությունը անաղմուկ փարվեց աշնանային այգու անձրևոտ ծառերին, և ես պայծառացա: Փառք քեզ, Արև:
Անձրևն էլ ժպտաց
Արևի ժպիտը երևում է անձրևե վարագույր տակից: Անձրևն էլ ժպտաց, ծիածանը վկա: Ես ինչու չեմ ժպտում:
Լքված սպասում
Ներսումս ինչ-որ բան չի վերջակետվել ու այդ ինչ-որ բանը գլուխը կախ կանգնել է լուռ ու սպասում է ինձ:
Ես էլ սպասում եմ նրան:Մեր մեջ առկա լարվածությունը մեծանում է այնքան, որ ես այլևս չդիմանալով փախչում եմ:
Ես փախչում եմ ու հասկանում, որ միշտ հաղթում է նա, ով գիտի, սովորել է սպասելու դաժան արվեստը: Ես դեռ չեմ սովորել:
Ես փախչում եմ ու հասկանում, որ ամեն անգամ վերջակետ դնելու փոխարեն ես եմ վերջակետվում:
Եվ որպեսզի չշարունակեմ վերջակետվել, ես հասկանում եմ, որ պարտավոր եմ այդ ինչ որ բանը անպայման ավարտին հասցնել, որը հիմա կարնգնել է ու ինձ է սպասում: Ես այլևս չեմ սպասում նրան” Ու հենց դադարում եմ սպասելուց, հասկանում եմ, որ քիչ-քիչ սովորում եմ սպասել”
Սկիզբ
Հոգնությունից ոտքերս ծալվում են: Սպասումս հոգնել է անվերջ սպասելուց ու ծնկում է դանդաղ` մահացողի հանդարտ անտարբերությամբ:
Ես հիմա նման եմ այան քանդակագործին, որը հոգնությունից ծնված անտարբերությամբ նայում է իր ստեղծած քանդակին ու լռում` քանզի ուժ չունի խոսելու…
Մի բուռ գարուն
Գիշերը գաղտագողի եկել ու ցերեկվա մեջ է մտել մի բուռ գարուն, ու հիմա բուրում է գարունավարի:
Լցվելու համար պիտի սիրել
Լցվելու համար պիտի սիրել: Շատ սիրել, հավատով սիրել: Հավատով սիրել նշանակում է բուժվել ու բուժել:
Հեղինակ` Նունե Մովսիսյան
Լուսանկարը` www.yandex.ru-ից
