Կապուտակ Սևան, հանրային լողափ, չոփ-չոփ անող երեխաներ, ավելի շատ հագնված, քան հանված կանայք, ուտող-խմող տղամարդիկ: Սովորական երևույթ Սևանի համար:
«Հա, բայց ի՞նչ կա զարմանալու», -զարմացած կհարցնեք դուք:
Դե, որ հարցնում եք, ես էլ պատասխանում եմ:
Ամենազարմանալուն Սևանի ափին գիրք կարդացող տեսնելն էր:
Հենց սկզբից ասեմ, որ գիտեի` այդ ընթերցասերը օտարերկրացի է լինելու: Բայց, համենայն դեպս, համոզվելու համար, մոտեցա նստարանին ու լուռ նստեցի: Մի քանի րոպե անց, գիրք կարդացողը շրջվեց ու ինձ ինչ-որ բան ասաց գերմաներենով: Մտածելով, որ խանգարում եմ, ես պատրաստվում էի լքել մեր գրքասերին: Սակայն եկավ իմ լավ ընկերը` Մարինեն, ու իմ զարմանքը կրկնապատկվեց: Պարզվեց` մեր Մարինեն երգել-պարել և սիրալեցուն «գարշելի» ասելուց բացի ուրիշ հունար էլ ունի. գերմաներեն գիտի:
Բայց ամենացնցողը մեր գերմանացու ասածն էր: Ժողովուրդ, պարզվում է` նա ներողություն էր խնդրում ինձ խանգարելու համար և ուզում էր ճշտել, եթե այդպես է, ինքը պատրաստ է հեռանալ…
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, հայեր ջան:
Լուսանկարը` անձնական արխիվից
Հեղինակ` Նունե Մովսիսյան