Խաչվերացի տոնին նախորդող շաբաթ օրը նավակատիք է: Այդ օրը, ինչպես նաև Խաչվերացին հաջորդող երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը Սուրբ եկեղեցու տոնն է:
Խաչվերացը Հայաստանյայց եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Տոնը նվիրված է Քրիստոսի խաչելության խաչի գերեդարձին:
Քրիստոնյա աշխարհը Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 14-ին, հավանաբար, ի հիշատակ Երուսաղեմի ս. Հարություն տաճարի կառուցման: Տաճարի կառուցումը ավարտվել է 335 թ.-ին: Տաճարը օծվել է սեպտեմբերի 13-ին: Այդ առիթով աշխարհի տարբեր կողմերից ժամանած եպիսկոպոսները ժողով են գումարում և որոշում ամեն տարի սեպտեմբերի 14-ին տոնել «Խաչի բարձրացման» տոնը:
Գողգոթայի վրա կառուցված ս. Հարության տաճարում կանգնեցված Տիրոջ խաչափայտը հետագայում մասունքների է բաժանվել և տրվել բոլոր քրիստոնյա եկեղեցիներին: Մայր աթոռ ս. Էջմիածնում մինչ այսօր պահվում է այդ մասունքը, որով օծում են մյուռոնը:
Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով: Երեկոյան պատվանդանի մեջ դնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը,այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով, վրան ցողում վարդաջուր: Այնուհետև ավետարանների ընթերցումներով, շարականների երգակցությամբ, հանդիսավոր թափորով Սուրբ Խաչը, որը զարդարված է ռեհանով, վերամբարձ պտտեցվում է եկեղեցու շուրջ, իսկ թափորապետ եկեղեցականը վարդաջուր է սրսկում ներկա հավատացյալների վրա և խաչի նշանով օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ Աստծուց հայցելով խաղաղություն ու բարօրություն աշխարհին:
Ավանդույթի համաձայն, Քրիստոսի խաչափայտը պատված է եղել ռեհանի ծիլերով և տերևներով, որը չի թողել, որ փայտը փչանա` անուշահոտություն տարածելով: Հավանաբար այդ պատճառով է ռեհանը համարվում Քրիստոսի ծաղիկ:
Շատ վայրերում սովորություն կար ծաղիկներով խաչեր պատրաստել կամ իրենց ձեռագործ խաչերը զարդարել այլազան գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով:
Աղբյուրը` Արամ Դիլանյան «Տերունի տոներ»
«Հայ եկեղեցու պատմության» դասագիրք
Qahana. am. ֆեյսբուքյան էջ
Լուսանկարում` Թորոս Ռոսլինի Ավետարանի կազմը
Լուսանկարը և գրառումը՝ Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Եփրատ գետի ոլորանում բուն դրած Հռոմեական անմատչելի բերդը՝ Հռոմկլան: Այստեղ է ապրել Ներսես Շնորհալին, այստեղ է իր շքեղաշուք մատյանները ծաղկել Թորոս Ռոսլինը:
Սուրբ Խաչին նվիրված աղոթք
Սուրբ Խաչ Հիսուս Քրիստոսի,
Գանձ անքննին, ծածկյալ մեծություն,
Ահավոր զորեղ և միշտ բարի:
Անճառ իսկություն, համագո անթարգմանելի:
Անհասանելի հեռավոր և անընդմիջելի մերձավոր,
Փառավոր գահ անմահ Թագավորի.
Ամեն:
Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Խաչվերաց կամ Սուրբ խաչ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Խաչի թեման հայ և համաշխարհային մշակույթի էջերում — Սեբաստացիական մեդիադարակ