Բուն Բարեկենդանի յաջորդ օրն իսկ կը սկսուի մեծ պահքի շրջանը, որը կը տևէ 7 շաբաթ: (Մեծ պահք, որովհետև տարուայ ընթացքին եկեղեցւոյ սահմանած պահքի ամենաերկար շրջանն է: Եկեղեցական տօնացոյցով տարուայ մեկ երրորդը պահքային է, որպէսզի մարդիկ աւելի ժուժկալ սնուին): Շաբաթներու հաշիւը պահելու համար, մեր նախնիները իւրօրինակ շաբաթացոյց են պատրաստած, որն այսօր կը յիշատակուի որպէս ակլատիզ, ախալոճ, ախացել, խուլուճիկ, կոկորիճ, մեծպաս, մռմռաս, ֆռիկ, և այլ անուններով: Հայաստանի տարբեր շրջաններում, մինչև այսօր կը հանդիպինք այս խրտուիլակի պատրաստման, սակայն այն դադրած է իր նախկին գործառոյթէն (դերակատարութենէն):
Պահքի առաջին օրը հայկական գիւղերում սովորութիւն է եղած լուալ տան բոլոր ամանները, լուացք ընել և լոգնալ. այսպիսով ձերբազատուիլ բարեկենդանի և ընդհանրապէս ուտիքի օրերու յիշողութիւններէն, և մաքրուած մտնել պահքի շրջան:
Շատ գիւղերում, առաջին օրը կը պատրաստէին պահքային կերակուրներու մեծ ընտրանի և կը դիմաւորէին պահքը: Ահա Նախիջևանցիներու բանահիւսութենէն գեղեցիկ օրինակ մը.
Ուտիս՝ հոտիս, պաս՝ ատլաս ու խաս,
Շնորհաւոր պաս, թաս ը’մ ռախի տաս,
Ես խմեմ, դուն խնդաս,
Դուն ա բարով մեր տուն գաս:
Մեծ պասն եկաւ, բարով եկաւ,
Յիսուն օրը հետը բերաւ,
Սոխ ու սխտոր կանոն դրաւ,
Փորիս հալը խարապ ըրաւ:
Բարով եկար զէյթուն ամի,
Հազար բարի օրհնած լոբի,
Սիւել, կըճան, պոչով ապուր,
Բարի եկաք, հազար բարի:
Բնականաբար պահք կը պահէին ընտանիքի բոլոր անդամները և փոքրերուն սորվեցնելը մեծերու՝ ենթադրաբար տան մեծ մայրիկի պաշտօնն էր. ան ալ իր հերթին ստեղծած է ակլատիզի կերպարը, պապիկի տեսքով, դաժան արտայայտութեամբ, երբեմն ձեռքին քարեր, երեխաներուն վախցընելու համար, որպէսզի չխախտեն պահքը: Ակլատիզը կը պատրաստէին խաչաձև փայտի վրայ, ամրացուած կ’ըլլար սոխի մը, սոխի մէջ ալ կը խրէին 7 փետուր (յաճախ գունաւոր), որոնք կը խորհրդանշէին պահքի 7 շաբաթները: Ակլատիզը կը կախէին ձեղունէն, որպեսզի անընդհատ օրօրուելով շարժման մէջ ըլլայ և յիշեցնէ բոլորին, որ պահք է: Կարնոհայերի բանահիւսութեան մէջ պահպանուած է ակլատիզը կախելու ընթացքին երգուած տողերը.
Ակլատիզ, չուանը՝ վիզ,
Եկաւ մեզ հիւր՝ կախուաւ երդիս:
Իւրաքանչիւր Շաբաթ երեկոյ փետուրներէն մեկը կը հանէին և կը նետէին թոնրի մէջ: Վերջին Շաբաթ օրը, երբ բոլոր փետուրներն արդէն դուրս եկած կ’ըլլան, մեծ մայրիկը այդ սոխով թանապուրի համար սոխարած կը պատրաստէր:
Հոդվածը և լուսանկարը՝ Սոնիա Թաշչյանի
Уведомление: Սուրբ Հարության տոն` Զատիկ (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ