Փավստոս Բյուզանդ պատմիչը Սբ. Ներսես Մեծին բնութագրում է այսպես. «Աստծուց երկյուղող, ավանդապահ Նրա բոլոր պատվիրաններին, մարդասեր, սուրբ, զգաստ, անաչառ, հաշտարար բարքով, խոնարհ, քաղցր ու աղքատասեր: Աստծո սիրո մեջ կատարյալ, ըստ պատվիրանի սիրում էր մերձավորին իր անձի պես, ու մանկուց է պատվիրանապահ եղել: Անձանձրույթ էր աղոթքի մեջ ու նախանձախնդիր Աստծո փառքի համար: Շատ էր սիրում աղքատներին ու տառապյալներին, հոգում էր նրանց համար, իր հանդերձներից ու կերակուրներից բաժին հանելով բոլորին: Օգնական էր տագնապածներին, վերակացու և պաշտպան զրկվածներին»:
Սբ. Ներսես Հայրապետը (353-373թթ.) բազմաշնորհ կաթողիկոսներից է , որին իրավամբ տրվել է Մեծն անունը: Ի դեպ, նա հայոց մեջ առաջինն է արժանացել Մեծ անվանը և սերունդներին հայտնի է որպես Ներսես Մեծ հայրապետ անունով: Ըստ պատմական աղբյուրների՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը:
Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռեւս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածուն եւ արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս, երբ 25 տարին նոր էր բոլորել: Նա աչքի էր ընկնում թե արտաքին բարետեսությամբ, քանզի բարձրահասակ էր ու մեծավայելուչ նախանձելի տեսքի տեր էր, և թե զինվորական կրթություն ուներ՝ բոլորից առանձնանալով իր արիությամբ և անվախությամբ:
Հետագայում հայրապետական աթոռի հարկադիր գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը եւ իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգեւոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները:
Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել վանքեր՝ յուրաքանչյուր վանքում դպրոց հաստատելով: Բացել աղքատանոցներ, որբանոցներ, կուսանոցներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ և բարեգործական այլ հաստատություններ, ինչպես նաև արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին: Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը: Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն: Ժողովը նաև խիստ պատիժներ է սահմանել արվամոլների, կենդանամոլների և սեռական այլ սանձարձակությունների դեմ: Ժողովի որոշումները կարճ ժամանակամիջոցում կյանքի են կոչվում:
Ներսես Մեծը հոգ էր տանում, որպեսզի Հայոց Եկեղեցու պաշտոնյաները զինվեն գիտությամբ և աստվածային իմաստությամբ: Սուրբ հայրապետը հայտնի էր մեծ աղքատասիրությամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին և կույրերին, անդամալույծներին և ցավագարներին: Սիրում էր անձամբ սպասավորել և դարմանել նրանց:
Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաեւ Սբ. Ներսես Հայրապետի շնորհիվ, որը ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Սբ. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»:
Հայոց կաթողիկոսը սպանվել է Պապ թագավորի կողմից թունավորվելով: Ներսես հայրապետը Պապ թագավորին արգելել էր եկեղեցի մտնել իր անվայել արարքների պատճառով: Չմոռանալով այդ անարգանքը, Պապը թշնամանում է Ներսես հայրապետի հետ և տարբեր առիթներով հալածում նրան: Պատմիչները վկայում են, որ Ներսես Մեծի ուխտադրուժ մահը ի կատար է ածվել Պապ թագավորի հրամանով, երբ նոր էր լրացել հայրապետի 45 տարին: Ըստ ավանդության, հայրապետը կանխապես իմացել է թագավորի դավադրության մասին, սակայն կամովին ընդունել է մահվան հրավերը՝ թունավորված գինին խմելուց առաջ հանդիմանելով արքային: Այնուհետև իր մահն արժանավայել դիմավորելու համար պատարագ է մատուցել, իսկ մահվանից առաջ մերձավորներին պատմել տեսիլքը Հայաստանին սպասվող իրադարձությունների՝ Արշակունիների կործանման, Արևելքի նվաճողների տիրապետության, նրանց կործանման, երկրում քրիստոնեության վերածաղկման և այլ իրադարձությունների մասին:
Համաձայն մեկ այլ վարկածի Ներսես Ա Պարթևը վախճանվել է թոքերի հիվանդությունից 373թ-ի հուլիսի 25-ին: Կաթողիկոսի մահը եղել է Եկեղյաց գավառի Խախ արքունի ավանում: Թաղվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում:
Հայրապետի բոլոր ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից: Սուրբ Խադ եպիսկոպոսը եղել է Ներսես Մեծի անբաժան և հավատարիմ գործակիցը: Նա, շրջելով գավառներով ու բնակավայրերով, ուսուցանում, նաև դարմանում էր մարդկանց: Աստված էլ նրա ձեռքով շատ նշաններ ու հրաշք էր անում և զանազան հիվանդություններ բժշկում:
Նա ինչքան է ապրել, հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ Ներսես հայրապետից առաջ է վախճանվել: Եվ ինչպես երկրի վրա էր նա անբաժան Ներսես Մեծից, այնպես էլ մահից հետո նրանց հիշատակները տոնվում են միասին: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին, նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:
Աղբյուր՝ Փավստոս Բյուզանդ, «Պատմություն Հայոց»
«Վարք սրբոց կամ հայազգի տոնելի սրբերի համառոտ վարքը ըստ Հայաստանյայց Սբ. եկեղեցու ժամակարգության» գիրք
Վիքիպեդիա, Qahana.am
Լուսանկարում` Ներսես Ա Մեծ կաթողիկոս` արված Հովնաթանյան ընտանիքի ներկայացուցչի ձեռքով: Կտավը պահպանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում
Уведомление: Տոն Սբ. թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տոն Սբ. թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ (լրացված) – Լուսինե Հակոբյան
Уведомление: Թարգմանչաց տոն – Նանե Մոմչյան
Уведомление: Սբ․Սահակ Պարթև – Լուսինե Հակոբյան