Հունիսի 21-ին ծնվել է Ժան Պոլ Սարտրը:
Ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, նովելիստ, գրական քննադատ:
1964 թվ.-ին Սարտրը արժանացել է Նոբելյան մրցանակի իր ինքնակենսագրական «Բառեր» աշխատության համար, սակայն հրաժարվել է ասելով, որ չի ցանկանում կասկածի տակ դնել իր անկախությունը:
Նա մասնակից է եղել մի շարք ժողովրդավարական շարժումների և կազմակերպությունների: Մասնակցել է բողոքի ցույցերի ընդդեմ ալժիրյան պատերազմի, վիետնամական պատերազմի, ամերիկյան զորքերի Կուբա ներխուժմանը, սովետական զորքերի Պրահա ներխուժմանը: Անկարգության վերածված հերթական բողոքի ցույցի ժամանակ ժան Պոլ Սարտրին ձերբակալում են: Երբ դրա մասին իմանում է Շառլ դը Գոլը, հրամայում է ազատել Սարտրին` ասելով. «Ֆրանսիան Վոլտերների չի բանտարկում»:
Ժան Պոլ Սարտրը հեղինակ է մի շարք գրական` «Պատը», «Սենյակը», «Ճանճեր», «Հասունության տարիք», «Կեղտոտ ձեռքեր», «Սատանան և Տեր Աստված», «Բառեր», փիլիսոփայական` «Էգոյի տրանսցենդենտությունը», «Երևակայությունը», «Կեցություն և ոչինչ», «Էքզիստենցիալիզմը հումանիզմ է», քննադատական և քաղաքական աշխատությունների:
Մտքեր Ժան Պոլ Սարտրից
►Դուրս եմ գալիս փողոց: Ինչու՞: Դե, որովհետև նույնքան անիմաստ է տանը մնալը: Նույնիսկ եթե ես մնամ, նույնիսկ եթե լռության հետ առանձնանամ մի անկյունում, միևնույն է, ինքս ինձնից ոչ մի տեղ չեմ փախչի:
Ես գոյություն կունենամ այդ անկյունում, իմ ծանրությամբ կճնշեմ հատակը: Ես կամ:
Իսկ որտե՞ղ պիտի թաքցնեմ իմ անցյալը: Անցյալդ գրպան չես դնի, պետք է տուն ունենալ, որտեղ նրան կտեղավորես: Իսկ ես միայն իմ մարմինն ունեմ: Միայնակ մարդն իր միայնակ մարմնում չի կարող ներփակել հիշողությունները, դրանք դուրս կհոսեն իր միջից: Իսկ ես իրավունք չունեմ դժգոհել:
Ես մի բան էի ուզում` լինել ազատ…
►Մարդը դատապարտված է ազատության: Ես ինքս եմ իմ ազատությունը: Մենք հանդիսանում ենք այն, ինչ ցանկանում ենք: Մենք անզոր ենք պոկել որևէ էջ մեր կյանքից, թեև հեշտությամբ կարող ենք կրակի մեջ նետել ամբողջ գիրքը: Մարդու հոգում անցք կա՝ Աստծու չափերով, և յուրաքանչյուրն այն լցնում է՝ ինչպես կարող է: Մարդը գոյություն ունի այնքանով, որքանով դրսևորում է իրեն: Հետևաբար նա ներկայացնում է իրենից ոչ այլ բան, քան իր արաքների ամբողջությունը, ոչ այլ բան, քան սեփական կյանքը: Կյանքի իմաստ գոյություն չունի: Ես ստիպված եմ ինքս դա ստեղծել: Ես միշտ կարող եմ ընտրություն կատարել, բայց պետք է գիտենամ, որ նույնիսկ այն դեպքում, երբ ոչինչ չեմ ընտրում, ես դրանով հանդերձ այնուամենայնիվ կատարում եմ ընտրություն:
Յուրաքանչյուր երջանկության համար հարկ է լինում հատուցել: Չկա այնպիսի պատմություն, որ վատ չավարտվի: Այս մասին գրում եմ առանց որևէ պաթետիզմի, այլ ուղղակի այնպես՝ սառնասրտորեն, քանի որ միշտ այդպես եմ մտածել և քանի որ անհրաժեշտ էր այդ մասին ասել: Դա բոլորովին ինձ չի խանգարում խճճվել պատմության մեջ, սակայն միշտ ունեցել եմ այն համոզմունքը, որ այդ պատմությունը մռայլ ավարտ է ունենալու: Ինձ դեռ երբեք չի վիճակվել զգալ երջանկությունն առանց այն բանի, որ ինչ էլ ես մտածեմ դրա մասին, կկատարվի հետո:
► Մարդկային սիրո պատմությունը պարտության պատմություն է: Ինձ թվում է, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր հուսահատությունը, մի ստվեր, որ հետապնդում է մեր ինքնավստահությանը, մեր խաղաղ ներկային: Իսկական ազատությունը սկիզբ է առնում հուսահատությունից այն կողմ: Ես ինքս եմ իմ ազատությունը: Ես ինքս եմ իմ անցյալը, և եթե ես չկամ, իմ անցյալը չի կարող գոյատևել ինձնից կամ ինչ-որ բանից առավել: Այն այլևս կապ չի ունենա ներկայի հետ: Դա որոշակիորեն չի նշանակում, թե այն գոյություն չի ունենա, այլ միայն այն, որ նրա լինելությունը փակ կլինի: Ես միակն եմ, ում մեջ իմ անցյալը առկա է այս աշխարհում:
Մենք արժեքներ ենք հորինում, քանի որ ապրիորի կյանքն անիմաստ է: Այդ մենք ենք, որ նրան իմաստ ենք հաղորդում:
Աղբյուրը՝ booklover.am, Հովիկ Չարխչյանի բլոգ
Կարող եք կարդալ նաև՝ Սարտրի չհասկացված Հայաստանը
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կարդում ենք արտասահմանյան գրականություն — Գոհար Մավյանի բլոգ
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ