Գրիգոր Նարեկացի, «Ներբող Աստվածածնին»

TiramayrՍույն կարգին դասված իբր միաշար խորհրդի տեսակ` խաչի խորհրդին ներբողյանի հետ` Տիրուհու երգաբանություն-գովեստը

Դ. Ո՛վ ամենասուրբ արարչընկալ տիրուհի եւ Աստվածածին, որ անտանելին երկնի բարձրության եւ երկրի լայնության, ծովի խորության եւ անդնդոց անհասության, էությամբ քեզանից իսկությամբ մարմնացյալը քո անձուկ որովայնի մաքուր սենյակում կարողացար կրել: Որին նայելով՝ երջանիկ Հոբը առակաձեւ պատվաբանեց եւ մեծի անբավությունը սքանչացրեց, մեկի դիմաց ասելով, թե՝ չունեմ այն, եւ մյուսի համար՝ թե ինձ մոտ չկա: Որին երգակցելով՝ վեհ Հովհաննեսը Հայտնության գրքում ասում է հիացմամբ՝ երկինք եւ երկիր փախան Աստծո առջեւից մեկ սասանությամբ, եւ տեղ չգտնվեց, քանզի արդարեւ հավետ անձկությամբ կամփոփվեն ի բերումն բովանդակության հանգստյան՝ արարչական Բանին: Իսկ դու, ս. Աստվածածին մաքուր զարմից եւ զանգվածից ընտրված, կրեցիր նրան քո մեջ՝ բարեհաճ կամքի ախորժ հանգստով, լինելով անձնավոր երկիր բույսի եւ մարմնական կենաց հացին անդաստան եւ անշեջ կրակի արծարծից վառարան եւ վայր դալարաբեր ծոցածին ծաղկի հայրական, եւ ծառ երկնուղեշ անթարշամ խնձորի, եւ գործարան գոյության լուսատու մարգարտի, եւ լեռ արձանունակ երկրալիր վեմի, եւ արփիասկիզբ այդ առավոտյան աստղի, եւ հարկ դիտապետի բանական հոտի, եւ արքայական լուսակերտ անմահ թագավորի, եւ մայր կաթնամատույց տիեզերքի ստեղծողի, եւ սրբուհի հարս Հոր Քրիստոսի:

ԺԵ. Որի նախատիպը ցուցվեց, Աստծո տեսչությամբ, ծովում մաքրապես գոյացած հրափայլ պատվական քարը եւ սպիտակ մարգարիտը: Քանզի արդարեւ դու ես ակն պատվական՝ աշխարհի ծովից ընտրված, որ աստվածային կրակի կերպարանը կրեցիր: Օ՛հ, որքան մեծ է քո մեջ կատարված խորհուրդը, սրբուհի. քանզի եթե մարգարեներն իրենց ոգեշունչ պատգամներով Իսրայելի ծնողներ կոչվեցին, ապա դու, որ Հորը համաբուն անձնավոր Աստվածորդուն քո մաքուր սենյակիդ մեջ մարմնով հայտնապես բացածանուցեցիր, ինչպիսի արժանապատիվ գովություններ պիտի ընդունես: Ո՜վ շնորհաշուք գեղով, լուսավոր ծածկույթով, անմատույց գեղեցկությամբ փողփողյալ զարդ, ով համեստ հեզությամբ, խոնարհ անբծությամբ, լույսի կերպասով, Հոգուց պարասքողված, ո՜վ երկնային զարդերով ոսկեզօծ սրբություն, արծաթափայլ մաքրությամբ, իբրեւ փառքի ակնահուռ պսակ Բարձրյալի հովանին գլխիդ վրա ընդունող, ո՜վ նշուլափայլ մաքուր ուլունքներից եռված քառամանյակյալ, Աստծո, հոգու եւ մարմնի խառնմամբ, եռահյուս էությամբ Որդուց շնորհոք առլցյալ սուրբ լանջք:

ԺԷ. Մարդկային զարմից հրեշտակ երկնային, եղծական սեռից անմահ սերովբե, հողային նյութից ոսկի Սոփերի, ծովային բեւմանց շնորհալույս մարգարիտ, Հեսսեյան բույսի քաղցրապտուղ ծաղիկ, Նախնյաց օրերից ճիռ օրհնված, հանդարտ ցողի ամպ անձրեւաձիր, արեւի ծագման ակն արփիափայլ, մերկացած այգու աստղ առավոտի, գիշերային մթան խոսնակ բերկրանքի, օրենքի ստվերի տառ ճշմարտաճառ: Այդ պատճառով իբրեւ այսքան բարյաց գործոն նյութ՝ օրհնյալ ես դու կանանց մեջ, մերկացած նախաստեղծի փառք անկապտելի, վշտացյալ անիծապարտ մոր սփոփանք քավիչ, խաղաղության ձայնատու նրանց խռովված որդիներին: Եվ արդ, ո՞ր խոսքը բաղդատելով կարող է գերհռչակել անհամեմատ մեծությունը քո, արարչի մայր, անհասի ծնող, անբավի գրկարան, ամենակալի անձանցիչ, փառազարդողի զգեցուցիչ, վերօրհնյալ գգվիչ: Ահա՛ սրանց համար, ըստ անսուտ քո խոսքի, հիրավի երանի ենք տալիս քեզ, ով մայր Հիսուսի:

ԺԸ. Աննիրհելի աչաց հայացքով դիտված լուսալիր կերպարանք, անեղծ պայմանով արձանացած մակագիծ կտակ՝ Մեծության կցորդ հարակասահման, երկուսի անայլայլ միության կապ պատկանակիր, կերպով կշռորդված վեհի պատկեր, նյութով բաղկացած թեթեւ պարզություն, տողով ձեւացած տառ ընդհանրական, անսխալ դրոշմված տենչալի տոմար, շնորհով նկարյալ մեծության մատյան, բանով բարդացյալ նամակ ընտրալի, իմաստով զոդված անձնավոր արձան, տիրոջ կերպագրությամբ կնիք մատանու: Երկնից արքայի զգեստ լուսանյութ, սուրբ օդոց անմահ բնակողին, անեղ շինողին հարկ վայելչության, մարդկության առիթ անեղ Բանին, բնության վեհին մարմնացած գործիք, պատճառ պատշաճող անպատկառ ճգնությանց, ուղղության օրինակ անայլայլ վրիպանքի, թերության լրման անպակաս աճելություն, անմահների աշխարհի երկնային Իսկուհի, հայրական գթության մասնակից շնորհընկալ, անպարտակիր ազգակցության վերստին երկնիչ, անամանակ արգանդի ծանուցիչ ծննդյան:

ԺԹ. Դու լույսի Հոր հարազատ Որդուն այս աշխարհի վրա մայրական կաթի ջամբումով դիեցրեցիր, եւ խնամական պահպանության թեւերով պարփակեցիր պարունակվողը: Եվ կենցաղի ընթացքը ձգեցիր դեպի կենաց շավիղը, եւ արագասլաց թռչնի նման փոխադրվեցիր վաղանցիկ աստենականից եւ հրեշտակաց դասերի մեջ հայտնապես աստվածունակ ճանաչվեցիր: Եվ լուսարփի ամպով համբարձվեցիր նրանցից պատված եւ հողեղեն հաստված՝ քերովբեների տեղում հանգչեցիր: Եվ կանանց դասի միջից արուսյակի կերպարանքով երեւացիր, եւ մարդկային զննելի բնությամբ ծածկվեցիր անճառաշնորհ խորհրդի մեջ: Եվ քո եւ համայնի ստեղծողից հպատակական ձեւով պաշտվեցիր, եւ աշխարհի ծագերը հաստատողից մայր անունով կոչվեցիր, եւ իբրեւ առաջին մեղսագործ կնոջ անհանցանք զավակածին գովվեցիր, եւ ամենայն ընտրյալ անբիծներից սրբության պսակ դավանեցիր: Եվ իբրեւ հանդարտ անարատ երինջ մի արարչավանդ լծին մատուցվեցիր, եւ իբր խոնարհ ավանակ աստվածային անհասանելի կամքին հետեւեցիր: Եվ աշխարհային ծովի խորքից շուշանական շավիղներով ամբարձվեցիր, եւ աշխարհիկ զբաղումների դժնի բույսերի խստությանց մեջ ծաղկեցիր, եւ երկրի դառն արմատներից քաղցրաճաշակ պտուղ հայտնվեցիր: Եվ երրորդության անտես թաքնությանը սիրո խորհրդակից կոչվեցիր, եւ Բանի ծածուկ հավաքմամբ իբրեւ լուսատու ձորձով պատվվեցիր, եւ անպարագրելի էի տեսության սկզբնավորման սահման վերակարգվեցիր: Եվ քո լուսասնյալ լանջքիդ վրա ստաշխի ծրարով թաքցրեցիր անսահմանը, եւ քո կուսական բարունակից հասունացրիր անմահարար ողկույզը, եւ զույգ կենաց միջնորդ հանդիսացար սքանչելապես, եւ մրրկածուփ խռովությանց մեջ խաղաղության խորհրդատու հայտնվեցիր, եւ իբրեւ վերնականների ուրախակից՝ անկապտելի անունով պատվվեցիր:

Ի. Արդ այսքան եւ սույնպիսի, եւ բանահյուսների ընտրելագույն երգերով գերահռչակված ես, վսեմական վարքի նախընթաց եւ առաջաշավիղ սուրբ Աստվածածին: Քանզի ինչպես քեզնից երեւյալ միածինը, հայրաբուն անդրանիկը խաչունակ մահակիր ճգնությանց սկիզբն է կոչվում, այնպես էլ դու՝ երանյալդ եւ բարեբանյալդ, աստվածակրոն կենցաղավարության իբրեւ գերազանց օրինակ ծագեցիր: Քեզանով կիզացող անմատչելի կրակը անապական՝ ճաշակումով սպառեցինք, քեզանով օդային թեւերի վրա սլացողին չորքոտանի կենդանիների վրա տեսանք, քեզանից տեսանելիներին անկցորդ եղողին մարդկային կերպարանքով նշմարեցինք, քեզանով մեր մեղքերը զգեցած գովյալին իբրեւ գառնուկ ճաշակեցինք, քեզանով չարագործներից դատվածին իբրեւ ճշմարիտ Աստծո երկրպագեցինք, քեզանով Հոր անծանոթ տերությունը իբրեւ ազգակից օրհնաբանեցինք, քեզանով անեծքի պարտամուրհակը ավազանի ջրի մեջ ընկղմեցինք, քեզանով հրեշտակաց աչքին անտեսանելուն իբրեւ մանուկ գգվեցինք, քեզանով անսահման Բանի բնությունը հասարակածին տիպով համբուրեցինք, քեզանով հոգեղեն նոր Ադամին առաջինի հասակի տեսանք, քեզանով արեգակն արդարության մեզ կենցաղակից կցորդ ստացանք, անժամանակ Բանի էությունը, Դավթից սկսյալ, քեզանով պատմաբանեցինք, մարդու պատկերին անհամեմատելին մեզ նմանատիպ քեզանով գծագրեցինք: Արդ վերոգրյալ ամենայն սուրբ արարքների պատճառը դու ես միայն, անարատ կույսերի կրոնավորության տիպար, Տիրամայր սուրբ Աստվածածին:

ԻԱ . Քանզի, եթե քեզանից աճած չլիներ երկնային ուղեղը, պիտի չպտղաբերեր մեր շրթանց անճաշակելի հաղորդությունը, եւ եթե Հոր արդարությունը երկնքից երեւացած չլիներ, ճշմարտությունը չէր սկսվելու երկրից, եւ եթե քո կուսական արգանդի մեջ հղացված չլիներ, չպիտի մարմնանար, եւ եթե մեր բնությամբ հայտնված չլիներ՝ անհասանելին չպիտի շոշափվեր եւ եթե հողեղեն բազուկները զայն գրկած չլինեին՝ չպիտի ճանաչվեր, եւ եթե երկրավոր շուրթերով չհամբուրվեր, չպիտի ճառվեր, եւ եթե մարդկային ընթացքին վարժված չլիներ, չպիտի քարոզվեր էակն արարածներից, եւ եթե անապակ յուղը թափված չլիներ վեհագույնից, չպիտի օծեր մեզ, եւ եթե մերը խառնած չլիներ իրենին, չպիտի մկրտվեր, եւ եթե մարդ խրախուսված չլիներ երկնայինով, չպիտի սրբվեր, եւ եթե Բարձրյալը խոնարհված չլիներ ընտանի փառքից, չպիտի բարձրանար ստորայիններից առնվածը:

ԻԲ. Բայց մարմնացավ, որքան մարդացավ, ինչպես ծանուցվեց, այնպես հայտնվեց, ավետարանվեց, փառավորվեց, ինչպես երգվեց, այնպես մաքրվեց, մկրտվեց եւ վկայվեց, ինչպես ճառվեց, նույնպես պատմվեց, ինչով որ տնանկացավ, դրանով ճոխացավ, ինչով որ հնազանդվեց, դրանով պաշտվեց, ինչով որ խոցվեց, դրանով երկրպագվեց, կենդանացավ նրանով, ինչով որ թաղվեց, ինչով որ պատժվեց, դրանով պատվվեց, ամաչեցրեց նրանով, ինչով պատկառեց, ինչից որ տրտմեց, դրանով ուրախացրեց, ինչով որ մերկացրեց, դրանով հագցրեց, ինչից որ բեւեռվեց, դրանով ողջացրեց, ինչից որ չարչարվեց, դրանով կանգնեց: Եվ սլացավ որպես վերնային, թռավ որպես հոգեղեն, ծածկվեց որպես անքնին, փախավ որպես անհաս, երկնքի ամպերի վրայով ընթացավ, գովվեց որպես միածին, կարմիր արյամբ ներկվեց, բաց վերքերի խոցերով հարցաքննվեց, անմահ վեհ հրեշտակներից հավատացվեց, մրցման եւ մարտի մեջ իբրեւ հաղթող փառավորվեց, իբրեւ արդարակշիռ դատավոր ամենայն ազգերից քարոզվեց: Քանզի անեղ իսկությունը քեզանից հիմնադրեց մարդեղության սկիզբը եւ քո ընտիր ու անպատմելի շնորհից ընդունեցինք այս բոլոր անզուգական պարգեւները: Եվ քեզանով, բազմերան հույսի ուրախություն, ամենայն այս բարեբաստիկ պատրաստությունը հանդերձվեց: Եվ վերինների եւ վարինների ծածուկ խորհուրդների երանական լույսի նշույլների, նոր արարածների բազմագովեստ պայծառ հորինումի փառքն ամենայն՝ սուրբ եկեղեցու անճառելի շինվածքին, ծնրադրությամբ հանդերձ մատուցանում ենք մեր կերպարանքով քեզանից ծնված Հիսուսի բարձր անվանը: Ուստի քեզ՝ բերկրյալիդ էլ մեր խոսքի սովորական օրհնաբանությունն ենք երկրորդում:

ԻԳ. Օրհնյալ ես դու կանանց մեջ, նրանց պանծալի գլուխը եւ պսակը պայծառ: Կուսական պսակ մաքուր հարսնության, պսակ ընտիր անփորձ գովության, անեղծ պսակ լույսի պանծանաց բարձրագույն կենաց, պայծառափառ պսակ իմաստուն վարքի, տիրապատվաստ պսակ երկնահանճար գիտության, պատվական պսակ եկեղեցու գեղեցկության, պաշտելի պսակ նոր Սիոնի զարդարման, բազմագույն պսակ յոթնարփյան պայծառության, առաջնորդական պսակ վերինների ազգակցության, անբիծ պսակ արդարության:

ԻԴ. Արդ, ամենքին այս վերը թվածների բաղձալի եւ երանելի բնակարան եւ անբավի ընտրողական կամքի ընդունարան ենք խոստովանում քեզ, Ադամի ստորաստեղծ երկրավոր ծնունդներս, որոնց անհամար եւ անթիվ ազգերի ամրապահ պարիսպ կառուցվեցիր: Քանզի քո արժանահայց եւ ամենազոր բարեխոսությանը միշտ ապավինելով՝ մնում ենք հաստատ, խնամված եւ հանգստացած սուրբ Աստվածածնիդ ամուր պատվարի պաշտպանության հովանու ներքո: Պատվար՝ պճնազարդ զանազան մաքրազարդ ակներով հարմարյալ, պատվար հրապարփակ անմատույց ընդդիմողաց հարձակումներից, պատվար բոցանշույլ անհուպ եւ անհասանելի դաժան դրուժաններին, պատվար ամենահրաշ ըստ Եզեկիելի, որ քո մուտքը փակված արձանագրեց ճշմարտորեն, պատվար շրջապարիսպ ըստ Դավթի, որի անշարժ հիմը Բարձրյալից հաստատվեց, պատվար ամրակառույց երկնային քաղաքի, ըստ Պողոսի, որին բնակիչ արիր ամենքիս: Քանզի Աստված՝ ծնեցիր մարմնի մեջ, եւ մարմնավոր Սիոնի ծնունդներիս վերին հոգեւոր Սիոնի որդիներ արարեցիր: Որի համար քո արդար կուսությունն օրհնվեց նրանց շուրթերով եւ ամենքից խոստովանվեցիր մարմնարան եւ տաճար Հոր իսկակցին:

ԻԵ. Որով արդարապես սաղմոսերգուի քեզ ընծայված խոսքի համաձայն՝ մեզ օգնական եղար եւ պատսպարան հորդահոս հեղեղների նեղության օրը, երջանիկների դասի կույսերի մաքրություն եւ նախաշավիղ, հիմնադիր մայր եկեղեցու հաստատության, եւ ծնող Աստծո անարատ Որդու: Հավերժական օրհնությամբ միշտ պսակենք քեզ քո նվիրական տաճարի սրբավայրի մեջ, եւ քո մաղթանքների լայնատարած թեւերի պահպանությանն ապավինելով, մեր ձեռքերը կտարածենք դրա մեջ, եւ աներկբա հույսով կհավատանք՝ թե պիտի փրկվենք: Արդ, աղաչում ենք, ընդունիր մեր լեզվի օրհներգության խոսքերը եւ հաճությամբ տուր Սիոնի եւ Բեթղեհեմի շնորհների պարգեւները: Ուսկից արժանի լինենք ընդունելու մասն փրկության, անմահ փրկչին, քո միածնիդ, միակ Աստծո, Տեր Հիսուսի մեծ գալստյան եւ փառավոր հայտնության օրը: Եվ իբր պատճառ սկզբնաշավիղ այսքան բարիքների, այս գեղապճնյալ կամարի ներքո պիտի պատվենք քեզ, անժամանակ Աստծո բարձրացյալ ծնող:

Ես՝ Գրիգորս՝ հետինը վարդապետներից եւ կրտսերը բանասերներից, մաքրակրոն վարքով գովված եւ հռչակված, հոգեզարդ եւ մտավարժ փիլիսոփա Հայր Անանիայի եղբոր աղջկա որդին: Եվ ընծայեցիր քո եկեղեցիներին՝ ցանկալի խոսքերի այս բարի նվերը, որի պտուղը պիտի վայելես ախորժ բերկրանքի ճաշակմամբ, համելով եւ հարատեւելով աղոթքի հոգեւոր հրճվանքների մեջ: Եվ ընդունելով գրվածքն այս՝ խառնես երկնային գանձերիդ հոգնահամբար եւ ամենագեղ զարդերին: Նույնպես հիշատակես իմ տրուպ անունը քո սրտի սենյակի անձկագին սիրո գավթի մեջ, միշտ նորոգ մտածելով մեզ միասնաբար, ձեր աստվածաբնակ սուրբ խորանի վրա, արարչընկալ սեղանի առջեւ, ինձ եւ իմ անդրանիկ եղբայր Հովհաննեսին ցանկալի, որ ամեն բանի մեջ ինձանից առավել գիտուն է եւ հանճարեղ իմաստասեր: Եվ ամենայն բանով մեր անձերը թող ապրեն քեզ հետ, ինչպես որ քո հոգին է միացած մեզ՝ բանավոր կցորդությամբ միեւնույն քուրայի ընտրող հալոցի մեջ, անբաժան տեսությամբ եւ համաշունչ սրտակցությամբ, անայլայլ խորհրդով, եւ անանջրպետ կամքով խարսխված, հաստատված եւ հիմնավորված մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մեջ, որին փառք հավիտյանս, Ամեն:

Արդ քանզի տեսությամբ ծանոթ չեմ այդ բաղձալի վայրերին եւ սուրբ խորաններին, աղերսում եմ, որ շնորհ անես այս գրության թերին լրացնելու եւ պսակը ամբողջացնելու՝ ըստ հարմարության: Եվ աղոթքով օգնիր ինձ՝ տառապյալիս, որ հարաժամ զբաղվում եմ ընթերցումով, իսկ գործելու համար դույզն-ինչ ժամանակ իսկ չեմ սահմանելով որոշել:

Աղբյուր՝  http://archive.168.am/am/articles/22237

Վարդգես Սուրենյանց, «Տիրամայրը մանկան հետ»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Գրիգոր Նարեկացի, «Ներբող Աստվածածնին»»

  1. Уведомление: Օրհնեալ ես դու ի կանայս, Բերկրեալ Տիրամայր եւ Կոյս… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Վերափոխումն Ս.Աստվածածնի. խաղողօրհնեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: «Գրիգոր Նարեկացի», մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Վերափոխումն Ս.Աստվածածնի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Վերափոխումն Ս.Աստվածածնի. Խաղողօրհնեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s