Ռաբինդրանաթ Թագոր «Չարի հիմնախնդիրը»

200px-Tagore3(Հրա­պա­րա­կա­յին դա­սա­խո­սու­թյուն Հար­վար­դի հա­մալ­սա­րա­նում)

Հարցը, թե ինչու գոյություն ունի չարը, հավասարանշանակ է այն հարցին, թե ինչու գոյություն ունի անկատարը կամ, այլ խոսքերով` ինչու գոյություն ունի տիեզերքը։ Եկեք համաձայնենք, որ այլ կերպ չի էլ կարող լինել, տիեզերքը պիտի անկատար լինի և, այն հարցը, թե «Մենք ինչո՞ւ գոյություն ունենք» — անհեթեթ է:
 Իմաստալից է այլ մի հարց. «Արդյո՞ք այդ անկատարությունը անվիճելի ճշմարտություն է, իսկ չարը` բացարձակ և անանցավոր»։ Գետն իր սահմաններն ունի, իր ափերը, բայց մի՞թե դրանից հետևում է, թե գետը բաղկացած է միայն ափերից կամ, թե այդ ափերն են գետի գոյության անվիճելի ապացույցը։ Հենց այդ անջրպետները չե՞ն, որ ինքնին ստիպում են գետին ջրերն առաջ տանել: Քարշաճոպանը հանգուցում են մակույկին, բայց մի՞թե իմաստը այդ հանգույցի մեջ է։ Մի՞թե ճոպանը չէ, որ հանգույցով հանդերձ, մակույկը ձգում է առաջ:
 Աշխարհի առաջընթաց շարժումն ունի իր սահմանները, այլապես այն գոյություն չէր ունենա, բայց տիեզերքի նպատակը ոչ թե իրեն կաշկանդող սահմանների, այլ դեպի առաջ, դեպի կատարելություն շարժման մեջ է: Զարմանալին այն չէ, որ աշխարհում կան արգելապատնեշներ և տառապանքներ, այլ այն, որ կա օրենք ու կարգ, գեղեցկություն ու բերկրանք, բարություն ու սեր։ Աստծու մասին պատկերացումը, որ ներհատուկ է մարդուն,– հրաշքների հրաշքն է: Խորամուխ լինելով կյանքի էության մեջ, մարդը գիտակցեց. այն, ինչը անկատար է թվում, կատարելության դրսևորումներից է. այսպես` երաժշտական լսողությամբ օժտված մարդը հասկանում է, թե որքան գեղեցիկ է երգը, չնայած ընկալում է միայն հնչյունների որոշակի հաջորդականությունը: Մարդն իր համար բացահայտել է մեծագույն պարադոքսը` այն, ինչը սահմաններ ունի, չի պարփակված այդ սահմաններում, այլ անընդհատ շարժվում է և, այդպիսով, յուրաքանչյուր ակնթարթ բացասում է իր ավարտվածությունը: Ըստ էության անկատարը կատարյալի բացասումը չէ, իսկ վերջավորը չի հակասում անվերջավորին, ի՞նչ է այն, եթե ոչ մասնակիորեն դրսևորվող ավարտվածություն և, անվերջություն, որ իրեն ի հայտ է բերում որոշակի սահմաններում:

Ցավը` վկայությունը նրա, որ մենք վախճանական ենք, մեր կյանքում ամուր կերպով չի հաստատվում: Այն ինքնանպատակ չէ, ինչպես բերկրանքը։ Զգալով ցավը, հասկանում ես, որ այն տեղ չունի տիեզերքի իրական հավիտենության մեջ: Այն նման է մեր գիտական գործունեության սխալին։ Ուսումնասիրել գիտության զարգացման պատմությունը, նշանակում է անցնել տարբեր ժամանակներում մարդուն մոլորեցրած սխալների լաբիրինթոսով: Այսուհանդերձ ոչ ոք լուրջ չի համարում այն դրույթը, թե գիտությունը սխալների տարածման իդեալական միջոց է։ Աստիճանական մոտեցում ճշմարտությանը — սա է կարևորը գիտության զարգացման պատմության մեջ,- ոչ թե նրա անհաշիվ սխալները: Սխալը, արդեն իսկ իր բնույթով, չի կարող մեկընդմիշտ ամրապնդվել, չի կարող դիմանալ ճշմարտության հարևանությանը և, թափառականի նման, անմիջապես լքում է նստահարմար վայրը, հենց որ մոտենում է պարտքերը վճարելու ժամանակը:

Գիտական սխալի, ինչպես և ցանկացած այլ ձևով դրսևորվող չարիքի, էությունը իր անկայունությունն է, քանզի չարը չի ներդաշնակվում շրջապատին։ Միջավայրը ամեն ակնթարթ իր ճշտումներն է մտցնում նրա մեջ և չարը կերպարանափոխվում է։ Մենք չափազանցում ենք նրա նշանակությունը, երևակայելով, թե այն քարացել է մեռյալ կետում: Մենք սարսափահար կլինեինք, հավաքելով բոլոր վիճակագրական տվյալներն այն մասին, թե ինչպիսի անհավանական թիվ են կազմում մահվան դեպքերն աշխարհում` յուրաքանչյուր վայրկյան: Բայց մշտական շարժման մեջ է նաև չարիքը, թեև իր ամբողջ անչափելիությամբ և անընդգրկելիությամբ հանդերձ, այն ի վիճակի չէ մեկընդմիշտ կանգնեցնելու մեր կյանքի ընթացքը. հողը, ջուրը և օդը առաջվա պես գեղեցիկ և մաքուր են: Յուրաքանչյուր նման վիճակագրություն շարժման մեջ գտնվող ամեն բան անշարժ վիճակում ներկայացնելու փորձ է, և այդժամ իրերն ու երևույթները մեր աչքում ձեռք են բերում կշիռ ու նշանակություն, ինչը դրանք իրականում չունեն։ Նույն այդ պատճառով, մասնագիտության բերումով գործունեության ինչ-որ ոլորտի հետ կապված մարդիկ հակված են չափազանցելու դրա նշանակությունը. հաշվի առնելով միայն փաստերը, նրանք կորցնում են հսկողությունը իրականության նկատմամբ: Խուզարկուն հնարավորություն ունի մանրամասնորեն հետազոտելու հանցագործությունները, բայց նա կորցնում է իրական պատկերացումն այն մասին, թե դրանք ինչ տեղ են զբաղեցնում հասարակայնության կյանքում։ Երբ գիտությունը կենդանական աշխարհում գոյության պայքարը լուսաբանող փաստեր է հավաքում, մեր երևակայության մեջ հայտնվում է «արյունոտ մագիլներով ու ժանիքներով» բնությունը։ Մտահայեցողական այդ պատկերացումներում գույնն ու ձևը կայուն են թվում, մինչդեռ իրականում դրանք հպանցող են։ Նման ձևով կարելի է հաշվարկել օդի ճնշումը մարմնի մեկ քառակուսի դյույմի վրա, ապացուցելու համար, թե չափազանց մեծ է օդի բեռը մեր ուսերին։ Բայց մարմինն ընտելանում է ցանկացած ճնշման, և մենք թեթևորեն ենք տանում մեր բաժին բեռը։ Ինչ վերաբերում է գոյապայքարին բնության մեջ, ապա այն մղվում է փոխադարձության հիման վրա։ Բայց չէ՞ որ աշխարհում տեղ կա նաև երեխաներին, ընկերներին սիրելու համար, նաև` սիրուց ծնվող անձնազոհության համար. սերը կյանքի դրական սկիզբն է:

Եթե մենք մեր լուսադիտակն ուղղեինք միայն մահվան փաստի վրա,– բովանդակ աշխարհը հսկայական դամբարան կթվար մեզ, բայց առօրյա կյանքում մահվան մասին միտքը մեզ ամենաքիչն է զբաղեցնում։ Ոչ այն պատճառով, որ այն ամենաքիչ ակնհայտն է, այլ որովհետև մահը կյանքի բացասական կողմն է. օրինակ, մենք ամեն պահ թարթում ենք, բայց կարևոր է ոչ թե այն, որ գոցում ենք աչքներս, այլ` որ բացում ենք։ Ամբողջության մեջ կյանքը երբեք լուրջ չի վերաբերվում մահվանը։ Կյանքը ծիծաղում է, պարում, խաղում, նա կառուցում է, նեղ օրվա պաշար է կուտակում, սիրով է զբաղվում մահվան աչքի առջև: Միայն իրական մահվանը բախվելիս է, որ զգում ենք նրա խավարը, ընկնում վհատության գիրկը: Մենք մոռանում ենք այն մասին, որ մահը ամբողջականության` կյանքի մասն է միայն։ Նման մի բան է կատարվում, երբ մանրադիտակով նայում ենք գործվածքի պատառիկին։ Գործվածքը ցանց է թվում, նայում ես մեծ անցքերին և ցնցվում մտովի։ Բայց ճշմարտությունն այն է, որ մահը բացարձակ ռեալություն չէ։ Նա սև է երևում, ինչպես որ երկինքը` կապույտ, բայց մահվան մասին միտքը չի մթագնում մեր գոյությունը, ինչպես որ երկինքն էլ կապույտի նախշեր չի թողնում թռչունների թևերին:

 Հետևելով, թե երեխան ինչպես է քայլել սովորում, մենք տեսնում ենք նրա անվերջ ձախողումները, ծայրաստիճան սակավադեպ են հաջողությունները: Եթե մենք սահմանափակեինք մեր դիտարկումները ժամանակի կարճ հատվածով, դաժան տեսարան կլիներ: Բայց չնայած ձախողումներին, երեխային շարժման մեջ է դնում հրճվանքը, որ ուղեկցում է նրան անհնարին թվացող գործողությունների ընթացքում։ Ընդսմին, երեխայի ուշադրությունը սևեռված է ոչ թե հերթական անգամ վայր ընկնելու, այլ գոնե մի պահ ոտքի վրա դիմանալու հնարավորության վրա:
 Ամենաբազմազան տառապանքները, որոնց մենք բախվում ենք առօրյա կյանքում, նման են քայլել սովորող երեխայի ձախողումներին. դրանք վկայում են մեր անբավարար գիտելիքների, չօգտագործվող հնարավորությունների, կամարտահայտման անկարողության մասին միայն։ Բայց եթե տառապանքները բացահայտեին մեր անզորությունը միայն,- մենք կկործանվեինք, ընկնելով անհուսալի վշտի մեջ: Երբ մենք դիտարկման առարկա ենք ընտրում մեր գործունեության որևէ սահմանափակ ոլորտ, անձնական ձախորդություններն ու դառնությունները սպառնալի չափեր են ընդունում մեր գիտակցության մեջ, բայց կենսափորձը հարկադրում է մեզ ամենայն ինչին մոտենալ ավելի ընդգրկուն տեսակետից: Կյանքը մեզ տալիս է կատարելության իդեալը, և այն մշտապես օգնում է մեզ հաղթահարելու տվյալ պահին կաշկանդող սահմանափակությունը: Մեր ներսում ապրում է հույսը, այն առաջ է անցնում մեր այսօրվա աղքատիկ փորձառությունից,– այն ինչ-որ բանի նկատմամբ մեր միջի անմեռ հավատն է, որ երբեք չի ընդունում որևե անմատչելի բանի հասնելու մեր անկարողությունը, նրա մտահորիզոնն անսահման լայն է և համարձակորեն հաստատում է, որ մարդը աստվածահավասար է և նրա խելահեղ երազանքները իրականանում են ամեն օր։
Մենք ճանաչում ենք ճշմարտությունը, երբ մեր մտքերն ուղղում ենք դեպի անսահմանություն: Ճշմարտության իդեալը ոչ թե նեղ շրջանակներով կաշկանդված ներկայի, ոչ թե մեր այսրոպեական ապրումների մեջ է, այլ կեցության ամբողջականության գիտակցման մեջ. դա հնարավորություն է ընձեռում, որպեսզի ինքներս մեզ տեսնենք ոչ թե այնպիսին, ինչպիսին կանք, այլ` ինչպիսին ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ լինել: Գիտակցաբար թե անգիտակցաբար մենք մեր մեջ կրում ենք ճշմարտության այդ զգացումը, և այն նշանակալիորեն ավելի ուժեղ է, քան թվում է, քանզի մեր կյանքը միտված է դեպի անվերջություն և մշտապես շարժման մեջ է։ Նրա նկրտումներն անչափելիորեն ավելի են ձեռքբերումներից, բայց միայն առաջընթաց շարժման մեջ է գալիս այն գիտակցությունը, որ ոչ մի մարմնավորված ճշմարտություն չի մնում ավարտվածության անբնակ կղզում, այլ շարունակում է զարգանալ: Չարը չի կարող մեծ ճանապարհի ավազակի նման կանգնեցնել կյանքը, խլել նրանից իր հարստությունը։ Եվ չարը հարկադրված կերպարանափոխվում է, դառնալով բարի, այն չի կարող կանգ առնել և մարտահրավեր նետել ԱՄԵՆԱՅՆ ԳՈՅԻ։ Նույնիսկ չարյաց փոքրագույնը, ինչ-որ տեղ առհավետ թաղվելով, կթափանցեր կյանքի խորքը և կքայքայեր նրա արմատները։ Ըստ էության, մարդը երբեք չի հավատացել չարին, նա չի հավատում նաև, որ ջութակի լարերը ստեղծված են հատուկ նրա համար, որ սղոցող հնչյուններով քրքրեն իր լսողությունը, թեև վիճակագրության օգնությամբ կարելի է մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցել, որ դիսոնանսի հավանականությունը նշանակալիորեն ավելի է, քան ներդաշնակությանը, և մեկ ջութակահարին բաժին են ընկնում նվագելու անընդունակ հազարավորներ: Կատարելության պոտենցիալ հնարավորությունները հաղթահարում են գոյություն ունեցող հակասությունները: Անկասկած է, գտնվել են մարդիկ, ովքեր հաստատել են, թե մարդկային կյանքը մարմնավորված չարն է, բայց մենք չենք կարող դա լուրջ ընդունել: Նրանց տիեզերական հոռետեսությունը մարդկությանը խելքի կոչելու կամ զգացմունքներ արթնացնելու կեցվածք է պարզապես, մինչդեռ կյանքը համակված է լավատեսությամբ և առաջընթացի ձգտումով: Հոռետեսությունը հոգևոր ալկոհոլիզմի ձև է, որ մերժում է կենարար ըմպելիքները, հրապուրվում դիմակազերծող գինեմոլությամբ. այն նետում է նրան հիվանդագին հուսալքության մեջ, որից նա փրկություն է որոնում, սուզվելով ավելի ուժգին թմբիրի մեջ: Եթե մեր գոյության իմաստը չարիքը լիներ, այդ ճշմարտությունն ապացուցելու համար փիլիսոփաների կարիքն էլ չէր զգացվի։ Հաստատել դա, նույնն է, թե ինքնասպանության մեջ մեղադրես մարդուն, ով տվյալ պահին ողջ և անվնաս կանգնած է քո դիմաց։ Կյանքն ինքն է վկայում, որ ինքը չարի մարմնացում չի կարող լինել։
 Պետք է մշտապես հիշել, որ անկատարությունը լիովին անկատարություն չէ, քանզի ձգտում է կատարելության: Այսպիսով, մեր մտքի կոչումն է – կեղծ ճշմարտությունների միջնորդությամբ հաստատել ճշմարտությունը, քանզի ի՞նչ է գիտելիքը, եթե ոչ սխալները մշտապես կրակի մեջ նետելու միջոց, որպեսզի շողշողա ճշմարտության լույսը: Մեր կամքը, մեր բնավորությունը մշտապես պետք է կատարելագործվեն,– հաղթահարելով չարիքը` մեր մեջ լինի այն թե մեր շուրջը, ուր էլ որ լինի. մեր օրգանիզմը անդադար այրում է իր ներքին պաշարները, որ չմարի կյանքի կրակը, մեր հոգևոր կյանքը նույնպես վառելիքի կարիքն ունի` կրակը պահպանելու համար: Կյանքը հարընթաց է, այդ ընթացքը ծանոթ է մեզ, մեր մաշկի վրա ենք զգում այն, մեր մեջ հավատ կա, որ այն չի կարող երերալ առանձին բացասական օրինակներից, որ մարդն ընթանում է չարից դեպի բարին։ Մենք բարին ընդունում ենք որպես մարդկային բնույթի դրական սկիզբ, զուր չէ, որ միշտ և ամենուր մարդն ամեն ինչից առավել բարին է գնահատել: Մենք ճանաչել ենք բարին, սիրել այն, բարձրագույն հարգանքի մեր տուրքն ենք մատուցել այն անհատներին, ովքեր իրենց կյանքի օրինակով են ցույց տվել, թե ինչ է բարին։
 Ինձ հարցնում են. «Ի՞նչ է բարին։ Ո՞րն է մարդու հոգևոր բնույթը»: Ահա իմ պատասխանը: Երբ ընդլայնվում են մարդու պատկերացումները իր ճշմարիտ էության մասին, երբ նա գիտակցում է, որ նշանակալիորեն գերազանցում է ինքն իրեն, քան իրեն տեսնում է շրջապատն այսօր, նա սկսում է զգալ իր հոգևոր բնույթը: Ապա գալիս է այն գիտակցությունը, թե ԻՆՔԸ ԴԵՌ ԻՆՉՊԻՍԻՆ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ, և այդ տակավին չհամտեսված վիճակը նրա համար դառնում է առավել իրական, քան այն, ինչին հասել է նա: Ընդսմին, անխուսափելիորեն փոխվում է կյանքին ուղղված նրա հայացքը, և կամքը զբաղեցնում է ցանկությունների տեղը։ Քանզի կամքը բարձրագույն ձգտումն է առավել բարձրիմաստ կյանքին — այն կյանքին, որն այսօր տակավին հեռու է մեզնից, որի շատ նշաններ մենք դեռ չենք զանազանում: Այնուհետև սկսվում է մեր ներսի փոքր մարդու բախումը մարդկային բարձրագույն էությանը, մեր ցանկությունների և կամքի ընդհարումը, մեր զգացմունքների վրա ազդող իրերին ձգտումների և հոգու բարձրագույն նպատակների միջև հակամարտությունը: Ահա այստեղ էլ մենք սկսում ենք հասկանալ մեր այսրոպեական ցանկությունների և բարու միջև եղած տարբերությունները: Բարին մեր բարձրագույն էության անհաղթահարելի պահանջն է: Բարու գիտակցությունը գալիս է առավել ճշգրիտ կենսահայեցողության հետ միասին, ինչը կյանքի մասին ամբողջական պատկերացում է ենթադրում, և հաշվի է առնում ոչ միայն այն, ինչը տվյալ պահին մեր աչքի առջև է, այլև` ինչը չկա տակավին և, գուցե, չի էլ կարող լինել մարդկային կյանքում։ Հեռատես մարդը կանխավայելում է իր այն կյանքը, որ դեռևս չի եկել, այն հետաքրքրում է նրան առավել, քան առօրեականը, և հենց այդ պատճառով էլ նա պատրաստ է զոհաբերելու իր ներկան` հանուն ակնկալվող ապագայի: Եվ այդ ժամանակ նա մեծանում է, քանզի հասկանում է ճշմարտությունը։ Նույնիսկ եսակենտրոն նկատառումներից ելնելով, մարդը պարտավոր է սանձահարել իր պոռթկումները, այլ խոսքերով` պահպանել բարոյականության չափանիշները։ Բարոյականի զզացումը մեզ հուշում է, որ կյանքն աննպատակ և անջատ դրվագներից չի բաղկացած: Այդ զգացումը մարդուն տալիս է ոչ միայն սեփական «ես»-ի գոյության անընդհատության զգացողությունը, այլև իր անարդարացիության գիտակցությունը, երբ նրա ամբողջ ուշադրությունը բևեռված է այդ «ես»-ին: Չէ՞ որ մարդն իրականում ավելի նշանակալից է, քան ինքը կա: Նա պատկանում է ոչ միայն ինքն իրեն, այլև ուրիշներին, ովքեր հազիվ թե ծանոթ են իրեն: Կանխազգալով իր ապագա անհատականությունը, որ գտնվում է իր ներկա գիտակցության սահմաններից անդին, մարդը նախազգում է նաև իր առավել նշանակալից «ես»-ը, որ դուրս է իր անհատականության սահմաններից: Չկա մի մարդ, ում այդ զգացումը գոնե ինչ-որ չափով ներհատուկ չլինի, ով երբեք չէր ճնշի իր եսակենտրոն ցանկությունները` հանուն ինչ-որ ուրիշի, ով երբեք հաճույք զգացած չլինի` դատապարտելով իրեն հոգսերի ու զրկանքների` հօգուտ ուրիշ մի մարդու: Ճշմարտությունն այն է, որ մարդը մեկուսացած էակ չէ, նա տիեզերքի մասն է, և միայն դա գիտակցելով է, որ նա մեծ է դառնում։ Նույնիսկ ամենաչարակամ եսամոլը, երբ չարագործելու հնար է փնտրում, ստիպված է ընդունել այս ճշմարտությունը, քանզի չի կարող անտեսել այն և պահպանել իր ուժը։ Այսպիսով, որպեսզի օգնության կանչի ճշմարտությանը, եսամոլությունը պիտի ինչ-որ չափով անշահախնդրություն դրսևորի։ Ավազակախումբը պիտի բարոյականության ինչ-ինչ պահանջներ պահպանի, որպեսզի խումբ մնա. նրանք կարող են թալանել ամբողջ աշխարհը, սակայն ոչ միմյանց։ Որպեսզի անբարո մտադրությունը իրագործվի, այն պետք է զենքի ինչ-որ չափաբաժին փոխ առնի բարոյականության զինանոցից։ Իրականում, հաճախ հենց մեր բարոյական ուժն է մեզ հնարավորություն տալիս հաջողությամբ չարագործել, ուրիշներին շահագործել օգուտ ստանալու, զրկելու նրանց օրինական իրավունքներից: Կենդանիների կյանքում բարոյականության հասկացություն չկա, նրանք ըմբռնում են միայն ներկան, մարդու կյանքը կարող է անբարոյական լինել, բայց դա լոկ այն է նշանակում, որ նա պիտի բարոյական հիմք ունենա։ Այն, ինչը անբարոյական է, իրականում անբավարար բարոյականն է, չէ՞ որ ստի մեջ էլ ճշմարտության մաս կա, այլապես այն չէր կարող նույնիսկ սուտ կոչվել։ Կույրը զուրկ է տեսողությունից, բայց նա, ով ամեն ինչ ընկալում է աղավաղված լույսի մեջ, թեև ոչ կատարյալ, այնուամենայնիվ տեսողություն ունի: Մարդկային եսամոլությունը դրսևորվում է, երբ նա սկսում է ըմբռնել իր կախվածությունն աշխարհից, ինչ-ինչ նպատակներ է փայփայում, երբ հասկանում է, որ եսամոլության թելադրած գործողությունները վարքի որոշակի զսպվածություն են պահանջում։ Եսամոլը, հոգ տանելով իր սեփական բարօրության մասին, հաճույքով նետվում է հոգսերի մեջ, անտրտունջ դիմանում կարիքներին ու զրկանքներին, քանի որ գիտի. կանցնի ժամանակը և այսօրվա դառնությունը վաղը կվերածվի երջանկության։ Այն, ինչը մեր ներսի փոքր մարդուն կորուստ է թվում,– հաջողություն է խոստանում մեծին և հակառակը։
 Իր երկրին, գաղափարին, մարդկության բարօրությանը նվիրված մարդու կյանքը տոգորված է հսկայական բովանդակությամբ, նա թեթև է տանում նաև ցանկացած դառնություն։ Առաքինի կյանք վարել, նշանակում է ապրել բոլորի կյանքով։ Հաճույքը իր համար է միայն, իսկ առաքինությունը, բոլոր ժամանակներում, կապված է ամբողջ մարդկության երջանկության հետ։ Առաքինության տեսակետից բերկրանքն ու տառապանքը այլ իմաստ են ձեռք բերում` այն աստիճանի, որ մարդը կարող է հրաժարվել հաճույքներից և իր վրա առնել դառնության բեռը, նույնիսկ մահը կարող է ողջունել, որովհետև նա է բարձրացնում կյանքի արժեքը: Մարդկային կյանքին ուղղված հայացքի այս բարձունքից` առաքինության հայեցակետից, բերկրանքն ու տառապանքը կորցնում են իրենց բացարձակ նշանակությունը։ Այս գաղափարը հաստատում են անձնազոհության պատմական օրինակները, առօրյայում այն հաստատում ենք նաև ինքներս` մեր փոքրիկ զոհողություններով։ Ծովից մի սափոր ջուր վերցնելով, մենք անմիջապես զգում ենք նրա կշիռը, մինչդեռ երբ սուզվում ենք ծովը, հազարավոր սափորների պարունակություն է լողում մեր գլխին, սակայն չենք զգում դրա ծանրությունը։ Բոլոր ուժերը լարելով, ամեն մեկս կրում ենք մեր «ես»-ի սափորը, և մինչ եսամոլին ճնշում են բերկրանքն ու դառնությունը, այլասերը դրանք գրեթե չի զգում. առաքինի կյանք վարողը մեզ գերմարդ է թվում. նա աներեր դիմանում է ամենածանր փորձություններին, աներևակայելի համառությամբ ընդունում ամենաչարամիտ հալածանքները։

Վարել իդեալական առաքինի կյանք, նշանակում է պատկերացնել նրա հավիտենականությունը։ Կյանքին ուղղված այդ համապարփակ հայացքը տալիս է կյանքի ամբողջականության բարոյական կանխատեսման միայն մեզ հատուկ ունակությունը: Եվ Բուդդհայի ուսմունքը օգնում է մեզ զարգացման բարձրագույն աստիճանին հասցնել այդ ունակությունը, հասկանալ, որ մեր գործունեության դաշտը չի սահմանափակվում ինքնասիրահարվածության նեղլիկ բացատով։ Երբ հասանելի է դառնում առաքինի կյանքին ներհատուկ համապարփակությունը, մենք ազատվում ենք բերկրանքի և դառնության կապանքներից և, սեփական «ես»-ի բեռը թոթափելով, լցվում անպատմելի մի ցնծությամբ, որ աղբյուրի պես հորդում է անսահման սիրո ակունքից։ Այդ իրավիճակում բուռն կերպով աճում է հոգու էներգիան, բայց նրա շարժիչ ուժը ոչ թե ցանկությունն է, այլ` սեփական հրճվանքը: Հենց դրանում է կարմա-յոգայի էությունը, որն ուսուցանում է, թե ինչպես ձեռք բերել անսահման էներգիա, օգտագործելով անշահախնդիր բարության էներգիան։

Խորհրդածելով, թե մարդկությանն ինչպես ազատել տառապանքների և թշվառության ճիրաններից, Բուդդհան հանգել է այսպիսի ճշմարտության. երբ մարդը հասնում է իր բարձրագույն նպատակին, ձուլվելով ամենայն գոյին, նա ազատվում է տառապանքի գերությունից։ Եկեք այս դրույթը դիտարկենք առավել մանրամասնորեն։

 Մի անգամ իմ աշակերտը պատմեց ինձ փոթորկի ժամանակ իր ապրումների մասին և գանգատվեց, թե այդ ամբողջ ընթացքում չի կարողացել վանել այն զգացումը, որ խռովահույզ բնությունն իր հետ վարվում է այնպես, ասես ինքը մի բուռ փոշի լիներ։ Նա, որ կամային անձնավորություն էր, չէր կարողացել ազդել կատարվածի վրա:
 – Եթե մարդ արարածի հանդեպ հարգանքը կարողանար բնությանը շեղել հունից, դրանից ամենաշատը կտուժեին մարդիկ,– ասացի ես։
 Բայց նա համառեց, տարակուսանքով պնդելով, թե չի կարելի անտեսել այն զգացողությունը, որ «ես գոյություն ունեմ»: «Ես»-ը մեր մեջ ձգտում է դրսևորել միայն տվյալ անձին հատուկ անհատականությունը: Ես պատասխանեցի, որ «ես»-ը միշտ կապված է ամենքի հետ, այն կարող է նշանակել «ոչ-ես»։ Նրանց արանքում պիտի միջնորդ լինի, որ մեզ բացարձակ վստահություն ներշնչի, թե իր վերաբերմունքը «ես»-ին նույնպիսին է, ինչպիսին` «ոչ-ես»-ին։
 Եվ ահա թե էլ ինչի վրա պետք է կանգ առնել ևս մի անգամ: Պիտի հիշել, որ մեր անհատականությունը, իր բնույթի համեմատ, ստիպված է կապ փնտրել ամենայն գոյի հետ։ Մեր օրգանիզմը կկործանվի, եթե սկսի սպառել միայն սեփական պաշարները, տեսողությունը կկորցնի իմաստը, եթե մենք նայենք միայն մեզ:
 Որքան հարուստ է մարդու երևակայությունը, այնքան քիչ է տրվում պատրանքների, այնքան ավելի է ներդաշնակվում իրականությանը, և որքան պայծառ է ինքնադրսևորվում անհատականությունը, այնքան ավելի է ձգտում միասնանալու ամենայն գոյի հետ։ Քանզի անձի մեծությունը ինքը` անձը չէ, այլ իր բովանդակությունը, իսկ այն համապարփակ է. ճիշտ այդպես` լճի խորության մասին մենք դատում ենք ոչ թե իր չափերով, այլ` իջվածքի խորությամբ:
 Եթե մարդը իսկապես ծարավի է ռեալության և չի կարող գոհանալ իր երևակայության ստեղծած ֆանտաստիկ տիեզերքով, նա, ակնհայտ է, ավելի լավ է առաջնորդվի աշխարհի օրենքներով, ոչ թե սեփական քմահաճույքներով: Անողոք իրականությունը երբեմն հակադրվում է մեր կամքին, բախվելով նրան, հաճախ փշրվում են մեր երազանքները, բայց չէ՞ որ քայլել սովորող երեխան էլ է ընկնում ու վնասում իրեն։ Եվ այնուամենայնիվ, հատկապես այդ պինդ գետինն է, որ երեխային ցավ պատճառելով, քայլելու հնարավորություն է տալիս։ Մի անգամ, կամրջի տակով լողալիս, իմ զբոսանավի կայմը լռվեց, դեմ առնելով չորսուներից մեկին։ Եթե կայմը գոնե մի պահ ճկվեր մեկ-երկու դյույմի չափով, եթե կամուրջը կորացներ մեջքը` հորանջող կատվի նման, եթե ջրի մակարդակն իջներ գետում, ամեն ինչ ինձ համար բարեհաջող կավարտվեր։ Մինչդեռ ո՛չ կայմը, ո՛չ կամուրջը, ո՛չ գետը բարեհաճ չգտնվեցին անօգնական վիճակում հայտնվածիս նկատմամբ: Բայց հենց այդ պատճառով էլ ես նավարկում եմ գետով, բարձրացնում եմ կայմս, հուսալով նաև, որ երբ գետն ինձ քշի, կամուրջը կփրկի: Այսպիսին են հանգամանքները, և եթե ուզում ենք գործել դրանց համապատասխան, նախ պետք է ուսումնասիրել դրանք։ Հանգամանքների իմացությունն անհրաժեշտ է, քանզի դրանք չեն ենթարկվում մեր ցանկություններին։
Ամեն քայլափոխի մենք պարտավոր ենք, սեփական շահերից առավել, ուշադրության առնել ուրիշների շահերը։ Մենք միայնակ ենք միայն մահվան մեջ: Բանաստեղծը ճշմարիտ բանաստեղծ է լոկ այն ժամանակ, երբ իր անձնական ապրումները կարողանում է հաճելի դարձնել բոլորի համար, բայց այդպիսի ըմբռնողության նա երբեք չէր հասնի, եթե իր մեջ չլիներ այն միջնորդը, որ մերձավորն է բոլոր ընթերցողների։ Բանաստեղծի հոգևոր զարգացումը ենթարկվում է սեփական օրենքին. բանաստեղծը պարտավոր է բացահայտել այն և հետևել այդ օրենքին, միայն այդ դեպքում նա կդառնա ճշմարիտ բանաստեղծ և անմահության կարժանանա:
Այսպիսով, մենք հաստատեցինք, որ մարդու անհատականությունը ամենևին էլ միայն իրեն պատկանող բարձրագույն ճշմարտությունը չէ, մարդու մեջ կա ինչ-որ բան, որ ընդհանուր է բոլորի համար։ Եթե մարդուն բնակեցնեին մի աշխարհում, ուր ամեն ինչ կենտրոնացված լիներ իր սեփական «ես»-ի շուրջ, աշխարհը նրա համար կդառնար աներևակայելի ահավոր մի բանտ. չէ՞ որ մարդու մեծագույն բերկրանքը աճելն ու աճելն է, շրջապատող աշխարհի հետ ավելի ու ավելի միասնանալու զգացողությունը։ Իսկ դա, ինչպես արդեն հասկացանք, անհնար է, առանց բոլորի համար ընդհանուր օրենքի։ Այդ օրենքը բացահայտելով է միայն, որ մենք մեծ ենք դառնում, հասկանում տիեզերքը, իսկ քանի դեռ մեր անձնական ցանկությունները հակասում են համաշխարհային օրենքին, մենք տառապում ենք և զգում մեր գոյության ունայնությունը:
Կար ժամանակ, երբ մենք ողորմածություն էինք աղերսում, ենթադրելով, թե բնությունը կմեղմացնի իր օրենքները` հանուն մեր հարմարավետության։ Հիմա մենք փոխել ենք մեր կարծիքը։ Գիտենք, որ բնության օրենքները չես փոխի, և այդ գիտակցությունն է, որ ուժ է տվել մեզ։ Չէ՞ որ օրենքն ինքնին խորթ չէ մեզ համար, դա մեր կյանքի օրենքն է: Համաշխարհային օրենքի մեջ դրսևորվող համաշխարհային էներգիան միասնական է մեր սեփականի հետ: Այն կխորտակի մեր բոլոր պլանները, եթե մենք մանրախնդիր ինքնամոլություն դրսևորելով, մերժենք բոլորի համար ընդհանուր իրողությունները, և հենց ինքն էլ կօգնի մեզ, եթե լայնահոգություն դրսևորենք և գիտակցենք մեր միասնականությունը ամենայն գոյի հետ։ Այդպես, գիտության օգնությամբ ճանաչելով բնության նորանոր օրենքները, մենք ավելի ենք ուժեղանում, ձգտում գլխավորին: Մեր տեսողությունը, էներգիան ընդգրկում են բովանդակ աշխարհը. շոգին և էլեկտրականությունը դառնում են մեր ջղերն ու մկանները: Հետևաբար, մեր օրգանիզմում գործող փոխադարձ կապի սկզբունքը, որի շնորհիվ զգում ենք մեր մարմնի մերը լինելը և կառավարում այն,– այդ անընդմիջելի փոխադարձ կապի սկզբունքը գործում է նաև տիեզերքում, և դրա շնորհիվ մենք ամբողջ աշխարհը դիտարկում ենք որպես մեր մարմինը, որ տարածության մեջ օժտված է ձգողականությամբ, և դրան համապատասխան կառավարում այն։ Գիտության մեր դարում մենք ձգտում ենք ամենուրեք հաստատել մեր համաշխարհային էության իրավունքը: Մենք հասկանում ենք, որ մեր թշվառության ու տառապանքների պատճառը մեր այդ օրինական իրավունքը գործադրելու անկարողությունն է: Իրականում մենք տիրապետում ենք անսահման էներգիայի, քանզի հանդիսանում ենք համաշխարհային օրենքի մեջ մարմնավորված համաշխարհային էներգիայի անկապտելի մասը: Մենք դեռ պիտի հաղթահարենք հիվանդություններն ու մահը, պիտի հաղթենք տառապանքին ու թշվառությանը, քանզի գիտական իմացությունը օգնում է մեզ ճանաչել տիեզերքի ֆիզիկական աշխարհը: Եվ այդ ճանապարհին հաջողության հասնելով, մենք կհասկանանք, որ տառապանքները, հիվանդությունները, թուլությունները բացարձակ չեն. դրանք բացատրվում են միայն նրանով, որ մեր անհատական էությունը չի կարողանում ընտելանալ մեր համաշխարհային էությանը։
 Նույնը կատարվում է նաև հոգևոր կյանքում։ Երբ անհատական «ես»-ը բողոքում է համաշխարհային «ես»-ի օրինական իշխանության դեմ, մարդը բարոյական առումով ոչնչություն է դառնում և դատապարտում իրեն տառապանքների։ Այդ դեպքում, մեր հաջողությունները շրջվելով, մեծագույն պարտություններ են դառնում մեզ համար, և ցանկությունների իրականացումը հոգեպես սնանկացնում է մեզ: Մենք դառնում ենք շահամոլ, ծարավի ենք դառնում վայելելու հաճույքն այն առավելությունների, որ ուրիշները չունեն։ Բայց բացարձակապես մասնավոր այս ամենը անխուսափելիորեն բախվում է ընդհանուրին։ Քաղաքացիական պատերազմի այսպիսի իրավիճակում մարդը մշտապես ապրում է բարիկադներից այն կողմ և, ըստ էության, ցանկացած եսակենտրոն քաղաքակրթության պայմաններում, մեր տներն իրականում ոչ թե տներ, այլ մեր շուրջը բարձրացված արհեստական արգելապատեր են։ Մենք տրտնջում ենք, թե դժբախտ ենք, կարծես աշխարհում գոյություն ունի ինչ-որ բան, որ դժբախտ է դարձնում մեզ։ Համաշխարհային հոգին ձգտում է մեզ երջանկություն ընծայել, բայց մեր մարդկային հոգին չի ընդունում այն։ Հատկապես եսակենտրոն մեր կյանքն է, որ բախումներ ու բարդություններ է առաջացնում ամենուրեք, խախտում բնականոն հավասարակշռությունը հասարակայնության մեջ, դառնալով ամեն տեսակ տառապանքների պատճառ։ Իրերի այդպիսի շրջադարձի ժամանակ, կարգ պահպանելու նպատակով, ստեղծվում են հարկադրման արհեստական մարմիններ, բռնության կազմակերպված կառույցներ և դեռ պետք է դիմանալ անմարդկային այդ ինստիտուտների իշխանությանը, երբ ամեն քայլափոխի ոտնահարվում է մարդկայնությունը։
Մենք գիտենք,– ուժեղ լինելու համար անհրաժեշտ է ենթարկվել համաշխարհային ուժերի օրենքին և համակվել այն գիտակցությամբ, որ դրանք մերն են: Անձնական բարօրության համար պետք է մեր անձնական կամքը ենթարկենք համաշխարհային կամքի գերագույն իշխանությանը, անկեղծորեն հավատալով, որ դա հենց մեր սեփական կամքն է: Եթե մենք հասնենք այնպիսի մակարդակի, որ վերջավորը մեր մեջ ընտելանա անվախճանականին, այնժամ արժեք ձեռք կբերի նաև տառապանքը։ Այն կդառնա մեր լիակատար երջանկության չափորոշիչը։
 Գլխավորը, որ մարդուն ուսուցանում է կյանքը, այն չէ, որ աշխարհում գոյություն ունի տառապանք, այլ այն, որ իրենից է կախված` տառապանքն իր համար բարիք կդարձնի՞ արդյոք, կդարձնի՞ արդյոք բերկրանք: Չի կարելի ասել, թե մենք ամենևին չենք յուրացրել կյանքի այս դասը, չէ՞ որ աշխարհում չկա մեկը, ով ինքնակամ համաձայնել է հրաժարվել տառապելու իր իրավունքից, քանզի այն հավասարանշանակ է մարդ լինելու իրավունքին։
Մի անգամ աղքատ գործավորի կինը դառնորեն գանգատվեց ինձ, որ իր ավագ որդուն պատրաստվում են մի քանի ամսով ուղարկել հարուստ ազգականի մոտ: Նրան ցնցել էր հատկապես իր հոգսերը թեթևացնելու բարի մտադրությունը, չէ՞ որ ծայրը ծայրին հազիվ էր հասցնում, բայց նա չէր պատրաստվում հանուն նյութականի հրաժարվել մայրական սիրո իր անկապտելի իրավունքից: Մարդկային ազատությունը երբեք դժվարություններից ազատվելու խնդիր չի դրել, դա դժվարությունները կրելու և դրանք բերկրանքի մաս դարձնելու ազատություն է։ Այդպիսի ազատության մենք հասնում ենք, երբ գիտակցում ենք, որ մեր անհատական էությունը կեցության բարձրագույն նպատակը չէ, որ մենք մեր մեջ կրում ենք համաշխարհային էությունը, իսկ այն հավերժական է, չի երկնչում տառապանքներից և դրանք դիտարկում է որպես բերկրանքի հակառակ երես: Նա, ով հասկացավ այս ճշմարտությունը, գիտի, որ հատկապես տառապանքն է ճշմարիտ հարստությունը այնպիսի անկատար արարածների, ինչպիսիք մենք ենք, և տառապանքն է, որ վեհացրել է մեզ և արժանի արել կանգնելու կատարյալների կողքին: Նա գիտի, որ մենք թշվառներ չենք, և տառապանքը մեր ծանր վճարն է այն ամենի դիմաց, ինչը արժեքավոր է այս կյանքում` ուժի, իմաստության, սիրո դիմաց, տառապանքը խորհրդանշում է կատարելության հասնելու անսպառ հնարավորությունը, երջանկության մշտական բացահայտումը. այն մարդը, որ իսպառ կորցրել է կյանքի բերկրանքը, հենց որ վրա է հասնում աղետը, գահավիժում է ավելի ու ավելի` մինչև հոգևոր սնանկացման վերջին աստիճանը: Միայն այն դեպքում, երբ մենք ինքնազմայլանքի համար ենք օգնության կանչում ցավին, այն դառնում է չարիք, վրեժխնդիր լինում իրեն հասցված վիրավորանքի դիմաց, դատապարտելով մեզ տանջանքների։ Քանի որ նա վեստալուհի է, ում սրբազան կոչումն է ծառայել կատարելությանը, և զբաղեցնելով իր օրինական տեղը հավիտենության զոհասեղանի մոտ, նետում է սև գլխաշորը և իր պատկերին արժանացած ականատեսի դիմաց բաց անում իր կերպարանափոխված դեմքը` համակված գերագույն հրճվանքով։
Ռուսերենից թարգմանեց Գագիկ Դավթյանը
Աղբյուր`  «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդես
 Կարող եք ծանոթանալ նաև՝  «Թագոր» կայքէջին
 

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Ռաբինդրանաթ Թագոր «Չարի հիմնախնդիրը»»

  1. Уведомление: Ռաբինդրանաթ Թագոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ռաբինդրանաթ Թագոր, Աղոթք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Էյնշտեյնի և Ռաբինդրանաթ Թագորի զրույցը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Նարեկացի-Թագոր-Օշո-Նարեկացի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Երբ քեզ հարմար է, Տե՛ր, լուռ արի և նստիր այստեղ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s