Երբեք մի շփոթեք շարժումը գործողության հետ: Էռնեստ Հեմինգուեյ
Ծերունին կամուրջի մոտ
Պողպատյա շրջանակներ ունեցող ակնոցով և շատ փոշոտ շորորով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ:
Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաները այդ տեղում ճգնելով ու ամեն ինչ սղկելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին`մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստած էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:
Իմ գործն էր անցնել կամուրջը, հետազոտել այն կողմի կամրջագլխային ամրությունը և պարզել, թե մինչև որտեղ էր առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր:
— Որտեղի՞ց ես գալիս, – հարցրեցի ես նրան:
— Սան Կառլոսից,- ասաց նա ու ժպտաց:
Դա իր հայրենի քաղաքն էր և այդ նրան հաճույք պատճառեց անվանել այն ու նա ժպտաց:
— Ես կենդանիներին էի խնամում, – բացատրեց նա:
— Օ, – արտաբերեցի ես լավ չհասկանալով:
— Այ՛ո, -ասաց նա,- հասկանու՞մ եք, ես ապրում էի կենդանիներին խնամելով: Ես վերջինն էի, որ թողեցի Սան Կառլոս քաղաքը:
Նա ոչ հովվի նման էր, ոչ էլ` նախրապանի: Ես նայեցի նրա սև ու փոշոտ շորերին, փոշուց սպիտակած դեմքին, պողպատյա շրջանակներով ակնոցին ու ասացի,-՞ինչ կենդանիներ էին դրանք:
— Տարբեր կենդանիներ, -ասաց նա ու թափահարեց գլուխը: Ես ստիպված էի նրանց թողնել:
Ես դիտում էի աֆրիկյան տեղանքի նմանվող Էբրոյի ճյուղաբերանը և ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև թշնամիների հայտնվելը ու անընդհատ ականջ էի դնում առաջին այն ձայներին, որոնք կլինեին ընդհարում կոչվող այդ մշտապես խորհրդավոր իրադարձության ազդանշանը: Իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ:
— Ի՞նչ կենդանիներ էին դրանք, – հարցրեցի ես:
— Բոլորը միասին երեքն էին,- բացատրեց նա: – Երկու այծ ու մի կատու, հետո կար նաև չորս զույգ աղավնի:
— Եվ դու ստիպվա՞ծ էիր թողնել նրանց, – հարցրեցի ես:
— Այ՛ո, հրետանու պատճառով: Կապիտանն ինձ կարգադրեց գնալ հրետանու պատճառով:
— Եվ դու ընտանիք չունե՞ս,- հարցրեցի ես, նայելով կամրջի մյուս ծայրին , որտեղ վերջին մի քանի սայլեր հաղթահարում էին գետափի թեքությունը:
— Ո՛չ, – ասաց նա, – ես հայտնեցի` միայն կենդանիներ: Կատվի հետ, իհարկե, ամեն ինչ լավ կլինի: Կատուն իր գլխի ճարը կտեսնի, բայց ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինեն մյուսները:
— Ի՞նչ քաղաքականության ես հետևում, – հարցրեցի ես:
— Ես քաղաքականություն չունեմ, – ասաց նա: Ես յոթանասունվեց տարեկան եմ: Ես արդեն տասներկու կիլոմետր քայլել եմ ու կարծում եմ, որ հիմա չեմ կարող առաջ շարժվել:
— Սա կանգ առնելու համար լավ տեղ չէ,- ասացի ես: Եթե հասցնես, վերևում, ճանապարհի վրա բեռնատարներ կան:
— Ես մի քիչ կսպասեմ, – ասաց նա, – ու հետո կգնամ: Ու՞ր են գնում բեռնատարները:
— Դեպի Բարսելոնա, – ասացի նրան:
— Ես այդ ուղղությամբ ոչ մեկի չեմ ճանաչում, – ասաց նա, -բայց շ՛ատ շնորհակալություն. Կրկին, շ՛ատ շնորհակալություն:
Նա ինձ նայեց անօգնական ու հոգնած տեսքով և հետո` կարիք ունենալով որևէ մեկի հետ կիսելու իր վիշտը`ասաց. «Կատվի հետ ամեն ինչ լավ կլինի, ես համոզված եմ:Կարիք չկա անհանգստանալ կատվի համար:Բայց մյուսները …: ՞Ինչ ես կարծում, ինչ կլինի մյուսների հետ:
— Դե, նրանք հավանաբար բարեհաջող կերպով դուրս կպրծնեն դրանից:
— Դու այդպե՞ս ես կարծում:
— Իսկ ինչ՞ու ոչ, -ասացի ես, դիտելով դիմացի ափը, որտեղ արդեն սայլեր չկային:
— Բայց նրանք հրետանու տակ ի՞նչ կանեն, երբ ինձ կարգադրեցին հեռանալ հրետանու պատճառով:
— Դու աղավնիների վանդակը բաց ե՞ս թողել, – հարցրեցի ես:
— Այ՛ո.
— Ուրեմն նրանք կթռչեն:
— Այ՛ո, անշուշտ նրանք կթռչեն, բայց մյուսները …: Ավելի լավ է չմտածել մյուսների մասին,- ասաց նա:
— Միգուցե գնայիր, եթե հանգստացել ես, -պնդեցի ես: -Վեր կաց և փորձիր քայլել:
— Շնորհակալություն,- ասաց նա և ոտքի կանգնեց, երերաց ու նորից նստեց փոշու մեջ: – Ես կենդանիներին էի խնամում, – վհատորեն ասաց նա, բայց արդեն` ոչ ինձ: -ես կենդանիներին էի խնամում:
Նրա հետ ոչինչ չէր կարելի անել: Զատկի կիրակի էր, և ֆաշիստները առաջանում էին դեպի Էբրո գետը: Այնպիսի մռայլ ու ցածր ամպերով պատված օր էր, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրացել: Այդ և այն փաստը, որ կատուները կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, ողջ բախտավորությունն էր, որ այդ ծերունին երբևէ կարող էր ունենալ:
Անգլերենից թարգմանեց Յուրա Գանջալյանը
Լուսանկարը՝ http://armcult.am/?p=1083
Уведомление: Էռնեստ Հեմինգուեյ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Էռնեստ Հեմինգուեյ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)