Մարտիրոս Սարյան (լրացված)

Martiros-Saryan-PhotoՓետրվարի 28-ին ծնվել է հայ նշանավոր նկարիչ  Մարտիրոս Սարյանը` նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:

«Ինձ չի բավարարում այն, ինչ ես անում եմ, ձգտում եմ ստեղծագործական առավել պարզության, որպեսզի մարդիկ նայելով իմ նկարին՝ իրենց զգան այնպես, ասես դուրս են եկել մաքուր օդի և ուրախություն են շնչում: Եթե նկարը չի հուզում և բարի մղումներ չի հարուցում մարդու մեջ, ուրեմն չունի գլխավորը` կյանքի հավերժական շունչը: Ես ձգտում եմ հաղորդել ապրելու երջանկության զգացումը: Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։ Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին»:

«Ամեն հայ իր հոգում մի Անի ունի, մի խորտակված մայրաքաղաք, որը մտքով վերականգնում է, քարը քարի վրա է դնում և վերակառուցում ու բացում է բոլոր դարպասները բարեկամների հանդեպ, իսկ թշնամիների առջև` փակում:

SaryanԱմեն հայ մի Անի ունի իր հոգում և դրանով հարուստ է: Ոչինչ չի կորչում, քանի դեռ ժողովուրդը կա: Պատմություն դառնալով ոչ մի հուշարձան ու ավերակ չի դառնում լոկ պատմություն, քանի դեռ ժողովուրդը ապրում է, որովհետև ամեն մի հայ, եթե նա իսկապես մարդ է, մտովի յուր սրտի խորքում վերականգնում, վերակառուցում է ավերակը, ու այն ապրում է մի նոր կյանքով, ոչ թե մեռած պատմությամբ, այլ ապրող, այս օրին մասնակցող կյանքով: Հազար տարի է անցել մեր մայրաքաղաքի հիմնադրման օրից, և ինձ թվում է, թե ես այդ քաղաքի բնակիչն եմ, անցնում եմ նրա փողոցներով, զրուցում եմ նրա բնակիչների հետ, լսում եմ եկեղեցիների, տաճարների զանգերի ղողանջները:
Ես հին անեցի եմ, իմ նախնիներն այնտեղից են գաղթել:
Հազար տարիների հեռվից լսում եմ նրա, մեր նախահայրերի մայրաքաղաքի զանգերի ղողանջը: Անին ապրում է, որովհետև ապրում է իմ ժողովուրդը»:

Մարտիրոս Սարյան, 25 դեկտեմբերի, 1964թ., Երևան

Աղբյուրը՝  ©  newsbox.am

Լուսանկարներում՝  «Հայաստան», «Գեղամա լեռներ»

Մարտիրոս Սարյանի նամակը Բրեժնևին

22.01.1968 թ., Երևան

Martiros SaryanՄեծարգո Լեոնիդ Ւլյիչ

Մոտ օրերս լրանում է իմ 88 տարին և նախքան այս աշխարհից հեռանալը ցանկություն ունեմ ոտք դնել այն հողի վրա, որտեղից դուրս են եկել իմ նախնիները:
Դրանք միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակներն են, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահման կազմող Ախուրյան գետի հանդիպակաց ափին: Դա` համաշխարհային նշանակության ճարտարապետական այդ հուշարձանը, իմ ժողովրդի հպարտությունն է և սեփականությունը: Հինգ քառակուսի կիլոմետր տարածքը, որը զբաղեցնում են Անի քաղաքի ավերակները, մեծ չէ, բայց այդ փոքր հողակտորը հանդիսանում է Հայաստանի սրբավայրը:
Ես ողջ ժողովրդի անունից, ողջ քաղաքակիրթ մարդկության անունից խնդրում եմ Ձեզ, վերադարձրեք Անին մայր հայրենիքի գիրկը, թույլ միք տա նրան վերջնականապես անհետանալ օտարերկրյա տիրապետության հարվածների տակ:
Փրկեցե՛ք Անին և շնորհակալ հայ ժողովուրդը ողջ աշխարհի առջև դարեդար կհատուցի Ձեզ խորին երախտագիտությամբ և հիացմունքով:

image126

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
Լենինյան մրցանակի դափնեկիր:

«Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ: Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը: Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։

Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես»։ Մարտիրոս Սարյան

 

Մարտիրոս Սարյանը Հովհաննես Թումանյանի մասին 

1912 թվին Հովհաննես Թումանյանը յուր որդի Արտավազդի հետ, որ շատ շնորհալի երիտասարդ էր՝ օժտված նկարչական տաղանդով, այցելեցին Մոսկվայի՝ իմ արվեստանոցը: Առաջին անգամ էր, որ ես տեսա պոետների թագավորին: Թումանյանն ինձ վրա թողեց հմայիչ տպավորություն: Մեր խոսակցության նյութն էր արվեստը և գրականությունը: Մինչ այդ ճանաչում էի նրան ստեղծագործություններով և հանկարծ տեսնում եմ իմ առաջ բանաստեղծին: Ուրախությանս չափ չկար: Նա, իմ պատկերացումով, մեր ազգի խղճի մարմնացումն էր, և ամեն մի հանդիպումից այդ համոզմունքն ավելի էր ամրապնդվում իմ մեջ:

1914 թվին էր, պատերազմի օրերին եկել էի Թիֆլիս, այնտեղ էին հավաքվել մեր մտավորականները: Հաճախ լինում էի Թումանյանի տանը, որտեղ հանդիպում էի Լևոն Շանթին, Վահան Տերյանին, մեր ժողովրդի հերոս Անդրանիկին և շատ ուրիշների: Խոսակցության նյութն էր լինում Հայաստանի ճակատագրի հարցը: Մեկ տարի անց իմացանք, թե ինչ սարսափելի կոտորածի է մատնվել արևմտահայ ժողովուրդը: Համատարած գաղթ էր սկսվել դեպի Անդրկովկաս. մայրերը կորցնում էին իրենց զավակներին, հազարներով մահանում էին սովից և համաճարակից: Անհնար է նկարագրել այն ողբերգությունը, որին ես ներկա եղա: Այնտեղ էր Հովհաննես Թումանյանը յուր դուստր Նվարդի հետ: Թումանյանը՝ իր ժողովրդի հարազատ զավակը, որ միշտ օգնության է հասնում նրան այդ դառը օրերին: Վեհարանը, որի կառուցումը դեռ ավարտված չէր, կողպված էր: Թումանյանը մարդ ուղարկեց կաթողիկոսի մոտ, որ բանալին տա: Նա մերժեց: Թումանյանը երկրորդ անգամ ուղարկեց: Նա նորից մերժեց՝ ասելով. «Ամենայն հայոց կաթողիկոսը չի տալիս բանալին»: Թումանյանը պատասխանեց. «Գնացեք և ասացեք, որ Ամենայն հայոց բանաստեղծը կոտրեց դուռը և այդպիսով պատսպարեց ցրտից ու անձրևից»:
1921թ. ՀՕԿ նախագահ Թումանյանը գնալու էր Պոլիս: Գնալուց առաջ եկել էր Երևան, ուր ես արդեն հաստատվել էի իմ ընտանիքով: Մի օր նա եկավ մեզ այցելության, մեծ ուրախություն պատճառեց նաև իմ կնոջը, որը նրա մեծ բարեկամ Ղազարոս Աղայանի աղջիկն է: Բավական խոսեցինք զանազան հարցերի շուրջ: Շատ տխուր էր, չէր ցանկանում գնալ Պոլիս, կարծես նախազգում էր, որ լավ չի վերջանալու այդ ճանապարհորդությունը: Նա գնաց, որ օգնություն հասցնի մեր կարոտյալ անապաստաններին: Շատ չանցած՝ նա անբուժելի հիվանդացավ, և ես այլևս չտեսա նրան:
1923 թվին մենք կորցրինք մեր հսկա պոետին և հային:

Աղբյուրը՝   Կ. Թերզյան, «Բույլ մեծաց»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , , , . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Մարտիրոս Սարյան (լրացված)

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s