Եթե մտադիր չես քնելու, ուրեմն չես էլ քնի: Բան չկա, արդեն սովորական է դարձել, մի նեղվիր, վեր կաց նստենք ու խոսենք:
Ինչի՞ մասին: Լավ, մինչև համակարգիչը միանա, այդ ընթացքում կմտածեմ: Մտածեցի: Արի խոսենք այսօրվա քննարկումից:
Ուշի-ուշով հետևում եմ ընկերոջս՝ Հասմիկ Ղազարյանի նախաձեռնած «Ինտելեկտուալ ընթերցանության» ակումբին, ընտրած նյութերին, կազմակերպած քննարկումներին:
Չեմ էլ թաքցնի՝ հետևում եմ, որովհետև վստահում եմ Հասմիկ Ղազարյանին ու նրա գրական ճաշակին:
Ամեն ինչ սկսվեց, ինչպես կյանքում է սկսվում, անհատի ձևավորումից ու ազատության գիտակցումից՝ Ջոնաթան Լիվինգսթոն ճայից:
Անհատի ազատությունը վաղ թե ուշ ձևավորելու է գաղափար: Իսկ անհատի գաղափարը, բնականաբար, վաղ, թե ուշ մարմին է ստանալու՝ վերածվելով գաղափարախոսության: Ճիշտ այնպես, ինչպես կյանքում է պատահում և ճիշտ այնպես, ինչպես Իոնեսկոյի «Ռնգեղջյուրում» է:
Գաղափարախոսությունը արդեն գաղափար չէ: Չէ, գաղափարը գաղափար է, բայց արդեն որոշակի նպատակ է հետապնդում, ուստի և՝ «մաքրամաքուր ու պուպուշ» գաղափարից շեղում է ենթադրում, տվյալ դեպքում՝ ենթադրում է իշխանություն: Հասանք Օրվելի «Անասնաֆերմային»:
«Անասնաֆերման» սկզբում ինձ հիշեցրեց «Ընկեր Փանջունին»: Ու, եթե «Ընկեր Փանջունին» կարդալիս լիաթոք ծիծաղել եմ, ապա «Անասնաֆերման» կարդալուց հետո լիաթոք տխրել եմ:
Նախ, եկեք ստեղծագործությունների վրայից մի կողմ շպրտենք ֆաշիզմ- սովետ կոչվածների գաղափարախոսությունն ու այս կամ այն կերպարի նմանությունը իրական մարդկանց: Շպրտենք, որովհետև դրանք, իմ կարծիքով, աղճատում ու սահմանափակում են բուն ասելիքը: Մանավանդ որ ստեղծագործությունը առանց այդ շղարշների էլ ինքնին յուրօրինակ մոդել է՝ հասարակության և սոցիալական տարբեր խավերի ճշգրիտ արտապատկերում: Մոդել-կառույցը, իմ կարծիքով, անկախ գաղափարախոսությունից կարելի է դնել ցանկացած պետության, ցանկացած սոցիալական խմբավորման, ցանկացած կուսակցության հիմքում ու հայելու նման նայել ներսն ու դուրսը:
Եթե մի քանի նախադասությամբ ձևակերպելու լինեմ առակ-վիպակի ասելիքը, ապա կասեմ հետևյալը՝
Եթե գաղափար, ուրեմն նաև՝ գաղափարախոսություն:
Եթե գաղափարախոսություն, ուրեմն նաև՝ իշխանություն:
Եթե իշխանություն, ուրեմն և՝ անհավասարություն:
Եթե անհավասարություն, ուրեմն և՝ դժգոհություն:
Այս ամենը ճիշտ է ու հասկանալի, որովհետև պատճառահետևանքային կապը տանում է դեպի անխուսափելիին:
Ինքնըստինքյան պարզ է ու հասկանալի մի բան, որը առանց ասելու էլ պարզ է ու հասկանալի:
Ճիշտն ասած, ես որպես ընթերցող, ուրիշ բան էի փնտրում այդ գործում, որը, ցավոք, չգտա: Եթե գրողը (թեկուզ և՝ ամենահանճարեղ) նկարագրում է իրականությունը (անգամ՝ տաղանդավոր կերպով), ու թեկուզ տարտամ, բայց չի տալիս, չի առաջարկում ելքեր ու լուծումներ, կներեք, ինձ այդ գործը հետաքրքիր չէ, ես այդ գործը երկրորդ անգամ կարդացողը չեմ:
Իսկ այս դեպքում չի տալիս, որովհետև …տալու բան չկա:
Այ գիշեր, բարի գիշեր:
Լուսանկարը՝ անձնական արխիվից
