Հրաչյա Ներսիսյան

Hrachya NersisyanՆոյեմբերի 12-ին ծնվել է հայ նորագույն թատրոնի հիմադիրներից մեկը՝  կինոյի և թատրոնի անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը: 

Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895թ.-ին, Կոստանդնուպոլսին մոտիկ Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։ Նա սովորել է Կոստանդնուպոլսի ֆրանսիական Սեն Բարբ և ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ ինքնուրույն սովորել է լեզուներ. բնագրով կարդացել է ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների երկեր, խոսել է արաբերեն ու իտալերեն:

Ապագա դերասանի նկարագրի ձևավորմանը նպաստել է ծանոթությունը Դանիել Վարուժանի և Կոմիտասի հետ:

1915 թ-ին Կոստանդնուպոլսում Ներսիսյանը մասնակցել է Հայ դրամատիկ և Արշակ Պենկլյանի օպերետային խմբերի ներկայացումներին: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին ծառայել է թուրքական բանակում որպես թարգմանիչ, Մերձավոր Արևելքի երկրներում ականատես է եղել հայերի կոտորածներին: 1918 թ-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս, վերստին խաղացել Պենկլյանի խմբում:

Հայաստան է եկել Վահրամ Փափազյանի և Մկրտիչ Ջանանի հետ: Երևանում մշտական բնակություն է հաստատել 1923թ-ին՝  դառնալով հայկական առաջին թատրոնի դերասան:

Հրաչյա Ներսիսյանը թատրոնում խաղացել է Լիր արքա, Համլետ, Օթելլո, Դոն Կիխոտ, Պաղտասար ախպար, Գևորգ Մարզպետունի, Մեք-Գրեգոր և այլ դերեր: Նկարահանվել է «Ինչու է աղմկում գետը», «Առաջին սիրո երգը»«Գիքոր», «Պեպո», «Նամուս», «Դավիթ բեկ», «Զանգեզուր» և այլ ֆիլմերում:

1961թ.-ին Մեք-Գրեգորի («Իմ սիրտը լեռներում է») կերպարանքով ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին։

Ռ. Զարյանի «Հուշապատում» գրքից

Շատերը գիտեին նրան: Ավելի ճիշտ, ո՞վ չգիտեր: Բայց եթե չիմանային էլ, ու նա անցներ փողոցով, անմիջապես ուշադրություն կդարձնեին: Մեծություններ կան, որոնց հանդիպելիս, եթե չիմանաս` ով է, չես նկատի: Բայց երբ ասում են` ով է, սկսում ես մեծությունը հաստատող նշաններ գտնել նրա մեջ: Նախապաշարման ուժն է դա: Հրաչյա Ներսիսյանը, սակայն, այնպիսի արտաքին ուներ, որ եթե մարդ չիմանար էլ նրան, միևնույնն է, անպայման ուշադրություն կդարձներ: Նրա արտաքին ընդհանուր պատկերի և ամեն մի շարժման մեջ նշանակալիություն կար:
Միշտ այն տպավորության եմ եղել, թե նրա մեջ ապրում է միայնության մեջ թաքնված սեր: Եվ մեն-մենակ քայլելը կարծես իր կյանքի սիրելի պահերից էր: Մարդիկ ասես զգում էին այդ, և չնայած արտիստի պարզ ու հասարակ բնավորությանը, հաճախ մնում էին տարածության վրա` ասես չկամենալով խանգարել, ընդհատել սկիզբ առած մի կյանք, որտեղ նա ամեն ինչ էր` մերթ իսկապես արքա, որին թվում էր, թե ամեն ինչ ենթակա է իրեն, մերթ իրեն չվստահող հուսահատ մի անձ… Ու այդ պահերին է, որ նա` այդ մեծ արտիստը, բացի իրենից, ներում էր բոլորին` հանդիսատեսին, որ, սիրելով իրեն, քիչ արածը շատ է համարում, և արվեստակից ընկերոջը, որին հայտնի չէ «կամենալու» և «կարենալու»` իրեն այնքան ծանոթ դրաման: Ներում է բոլորին, բոլորին նայում հաշտ աչքով, մերձավորի այն սիրով, որ, հայեցողությունից ավելի չլինելով, պարտադրում է լուռ մնալ, ձայն չհանել, թողնել նրանց երջանիկ ինքնախաբեության մեջ:
Քիչ էր խոսում: Գուցե և զգում էր սիրտը բանալու պահանջ, դրան անսովոր մարդու կյանքում հազվագյուտ էին այն պահերը, երբ բացվում էր լիասիրտ:
… Դեմքի առնական արտահայտությունը մեղմում էր աչքերի կապույտը: Խորունկ, բովանդակալի, հաճախ առանց խոսքի օգնության արտահայտում էին մի ամբողջ կյանքի պատմություն: Ասում են` աչքերը հոգու հայելի են: Եթե այդ ճիշտ է, ապա Ներսիսյանի աչքերը վկայում էին հոգեկան այն հարստությունը, որ ամեն անգամ բերում էր իր հետ արտիստը բեմ ելնելիս… Ներսիսյանի աչքերը կյանքում կապույտ էին, իսկ բեմում` ուրիշ: Կապույտ էին, երբ նա խաղում էր անտարբեր լինելու չափ հանգիստ, իսկ բեմում նրա աչքերն այլ էին: Կարելի՞ է նկարագրել այն գույնը, որ առնում է ծովը, երբ փոթորկված զարկվում է ափերին: Եվ որովհետև Ներսիսյանը հաճախ էր բեմում փոթորկահույզ վիճակներ ապրում, ապա նրա աչքերը ցոլում էին, ցողում էին, փայլում, գույն տալիս, գույն առնում…
… Հրաչյան սիրում էր կարդալ: Կարդում էր ոչ միայն հայերեն և ռուսերեն: Կարդում էր նաև ֆրանսերեն, անգլերեն: Եվ դա նրան առավելություն էր տալիս շատերի նկատմամբ: Սովորություն չուներ կարդացած գրքերից խոսելու: Դա էր պատճառը, որ շրջապատի աչքում կարդացած մարդու համարում չուներ… Խոսափում էր խոսել, արտահայտվել, մանավանդ ելույթ ունենալ, և այդ պատճառով շատերն այն կարծիքին էին, թե նրա ստեղծագործությունը մտքի հենակետեր չունի: Երբ խոսում էր, տպավորություն չէր գործում: Բայց երբ փորձում էիր խորանալ, թե նրա անկազմակերպ խոսքի ետևը ինչեր են թաքնված, տեսնում էիր մտքի երբեմն այնպիսի խորություն, որով հաճախ չեն փայլել իրենց մտքով Հրաչյայից առավել համարված դերասանները:
Կյանքում կարծես անտարբեր, մի կողմ քաշված, ավելի դիտող, քան արտահայտվող, ընդհանրապես սակավախոս, նա բեմում լեզու էր առնում, ուժ ստանում և արտահայտվում էր, իր խոսքն ասում շատ ավելի ազդեցիկ, քան շատ գիտուններ: Արտիստ էր ոչ թե զբաղմունքով, այլ էությամբ: Բեմը նրա տարերքն էր, այն հարազատ միջավայրը , ուր նա ուժեղ էր, երբեմն` ամենակարող:

Աղբյուր՝  Ֆիմինե ֆեյսբուքյան էջ

Հրաչյա Ներսիսյանի մասնակցությամբ կարող եք դիտել հատվածներ հետևյալ ֆիլմերից՝

Դիմանկար. Հրաչյա Ներսիսյան

Առաջին սիրո երգը

Զանգեզուր

Դավիթ բեկ

Գիքոր

Պեպո

Տժվժիկ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Հրաչյա Ներսիսյան

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s