Ես վաղուց Արարատը չեմ լուսանկարում: Չեմ հավանում, երբ հետո նայում եմ արածս լուսանկարները: Մի տեսակ շատ աղքատիկ ու խղճուկ է ստացվում զգացածիս ու տեսածիս համեմատ:
Զատիկի առավոտ: Քնից արթնացա հանկարծակի, կտրուկ ու միանգամից: Աչքս բացեցի թե չէ, չգիտես՝ ինչու մոտեցա պատուհանին, բացեցի շերտավարագույրն ու միանգամից հասկացա՝ ով էր ինձ կանչում…
Նման բան ինձ հետ էլի է պատահել: Երբ գիշերը անսպասելի ու չհայտագրված ձյուն է եկել՝ ճերմա՜կ ու լուսավո՜ր: Երբ արթնացել եմ ու դեռ պատուհանից դուրս չնայած՝ համոզված եմ եղել, որ Ինքը՝ Նորին Գերազանցություն Մաքրությունն է ժամանել ձյան տեսքով…
Իմ ննջասենյակի պատուհանը նայում է ուղիղ Արարատին (իսկ այսօր՝ Արարատի աչքերին):
Նայեցի ու նայեցի, հուզվեցի ու հուզվեցի: Աստվա՜ծ իմ, ինչքան վեհաշուք, պայծառ ու ոգեղեն բան կա էս մեր նըխշուն ու խորոտ լեռան մեջ: Խենթանալու բան է…
Մեկ-մեկ քիչ է մնում մի բան դնես ոտքիդ տակ, հասնես Արարատին, համբուրես ճակատը, որ սիրտդ գոնե մի քիչ հովանա….
Ինչ էլ արեցի, ոնց էլ շարժվեցի սենյակում, հայացքս Արարատից կտրել չհաջողվեց: Փողոցում քայլելիս ու երթուղայինում էլ չկարողացա չնայել: Եկեղեցի հասնելուց մի կանգառ շուտ իջա, որ շարունակեմ Արարատին նայել: Դանդաղ քայլում էի ու մրմնջում. «Աստված իմ, շնորհակալ եմ, որ ես ծնվել եմ այս հողի վրա, շնորհակալ եմ, որ ամեն օր տեսնում եմ այս բիբլիական լեռը: Շնորհակալ եմ…»:
Ու հասկացա, չէ՛, պարզորոշ զգացի ու հստակ գիտակցումն ունեցա առ այն՝ հողը, որի վրա ես հիմա քայլում եմ, զորավոր է ու օրհնված, Արարատին, որին ես կախարդված նայում եմ ու հայացքս կտրել չեմ կարողանում՝ պայծառ է ու լուսե:
Ու պայծառությունն ու օրհնությունն այդ , չգիտեմ՝ ոնց, բայց կամացուկ գալիս, տեղավորվում ու թևավորվում է իմ ներսում…Դա նման է Պատարագից հետո ստացած Ս. Հաղորդությանը, երբ բերանումդ համ ես զգում …
Էլ ի՞նչ է պետք մարդուն, հը՞ն…Ինձ, որ ոչինչ պետք չէ:
Փա՜ռքդ շատ, Տեր Աստված, որ Արարատ ենք պարգև ստացել:
Մնում է միայն, որ Արարատն այդ մեր ներսում ունենանք…
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Уведомление: Երկուսին էլ սիրում եմ մի ուրի՜շ սիրով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Երկուսին էլ սիրում եմ ուրի՜շ սիրով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մի´ մտածեք մարդկայնորեն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սևանա լիճն ինքն իրեն կբուժի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)