Մենք չենք կարող տալ այն, ինչը չկա մեր «ես»-ի մեջ: Ինչպես նաև չենք կարող ստանալ: Ամենը, ինչ կարելի է ստանալ ուրիշներից, պետք է մեզ հասանելի լինի նախքան այն ստանալը: Միայն այդ ժամանակ մենք պատրաստ կլինենք դա ընդունել: Ես կարող եմ ընդունել այն, ինչն արդեն ունեմ իմ ներսում…
Որպեսզի սիրես, հարկ է, որ սիրով լցված լինես: Նա, ով լցված է ատելությամբ, դեպի իրեն ձգում է միայն ատելություն: Նա, ով թույնով է լի, ձգում է աշխարհի մաղձը: Նմանը ձգում է նմանին:
Նա, ով ցանկանում է նեկտար հավաքել, հարկ է, որ լցված լինի նեկտարով: Նա, ով ուզում է Աստված գտնել, պետք է իր ներսում արթնացնի Աստծուն:
Դուք բառացիորեն պետք է դառնաք այն, ինչ ուզում եք գտնել: Նման եղեք նրան, ում ուզում եք հանդիպել: Որպեսզի լինեք երջանիկ, հարկ է, որ լցվեք երջանկությամբ: Հարկավոր է դառնալ հենց ինքը՝ երջանկությունը: Միայն երջանկությունը կարող է ձգել երջանկությանը:
Մի՞ թե մենք չենք տեսնում, որ դժբախտ միտքը փնտրում է միայն դժբախտություն, եթե անգամ այն դժվարությամբ է գտնվում:
Նա, ով տառապում է, աշխարհում գտնում է միայն տառապանք: Նա, ով ապրում է հոգու ընկճված վիճակներ, ամեն ինչ տեսնում է մռայլ գույներով:
Ընդհանուր առմամբ, մարդիկ ընտրում են այն, ինչը մոտ է իրենց ոգուն: Նրանք ընտրում են այն, ինչը կա իրենց ներսում: Այնուհետև նրանք իրենց ներքին ունեցվածքը դուրս են բերում ներաշխարհից և թելադրում շրջապատին: Մենք դրսում որոնում ենք այն, ինչն արդեն կա մեր ներսում:
Աշխարհն իր բոլոր պայմանականություններով և հանգամանքների բերումով մի հայելի է, ուր մենք տեսնում ենք ինքներս մեզ՝ տարբեր անկյուններից և տարբեր ձևերով:
Ամենը, ինչ ես տալիս եմ, կա իմ մեջ: Ամենը, ինչ ես ստանում եմ, նույնպես արդեն կա իմ մեջ: Իմ ողջ գոյությունը կենտրոնացած է իմ «եսի» մեջ: Ես չեմ կարող փախչել ինքս ինձնից: Իմ մեջ են խաղաղությունն ու փրկությունը, ցավն ու հաճույքը, բռնությունն ու ոչ բռնությունը, թույնն ու նեկտարը:
Աղբյուր՝ Ошо. Это должно быть в тебе, прежде чем ты получишь это
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Օշո» կայքէջին

Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան
Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան