Տիար ջան, Դուք կակաչների մասին գիտեք, բա որ իմանաք այդ կակաչների հետ ապրող մարդկանց մասին…
Մեր այգու մեր կակաչների շուրջբոլորն ապրում է 15 հոգի. պապիկ, տատիկներ, որդիներ, հարսներ, բալիկներ: Տան մեծը 12-րդ դասարանցի Լիլիթն է, իսկ ամենափոքր բալիկը 8 ամսեկան Գարեգինն է:
Էն գլխից երկու եղբայրների ընտանիքներ ապրել և շարունակում են ապրել կողք կողքի՝ մի մեծ տան երկու հարկաբաժիններում: (Ասեմ նաև՝ իմ հայրական տունն էլ է բազմամարդ եղել):
Քանի որ մեր այգին չունի սահմանաբաժան, ուստի և ընդհանուր է: Ընդհանուր է ոչ միայն խնամքը, այլև բերքն ու բարիքը: Ընդհանուր են նաև մեր կակաչները: Հատկապես այդ ծաղիկներին վերաբերում ենք ամենայն զգուշությամբ ու քնքշությամբ, որովհետև ի տարբերություն մյուս ծաղիկների, շատ ավելի նուրբ են:
Ընդհանուր են մեր բոլորի ուրախություններն ու տխրությունները, սեփական տան անվերջ շինարարությունն ու դժվարությունները:
Երբ ես աշխատանքից տուն եմ գալիս, առաջինը ամուսնուս հորեղբոր թոռնիկներն են ինձ դիմավորում ու փաթաթվում: Իսկ, երբ իմ չարուկ տղուկը՝ Արեգն է օգնության կարիք զգում, նախընտրում է առաջինը իմաց տալ հորեղբայրներից մեկն ու մեկին: Ու կապ չունի, որ այդ պահին մեր հորեղբայրը տանը չի լինում, մեկ է՝ ծտից թև է առնում ու հարեհասի պես թիկունքին կանգնում:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր երկու տան զավակների «դաստիարակությամբ» զբաղվում են երկուստեք:
Չնայած ճշմարտության առաջ չմեղանչելու համար պիտի ասեմ, որ Արեգի դեպքում դա նման է գելի գլխին ավետարան կարդալուն…:
Ես այս տանը ապրում եմ արդեն 24 տարի, երբևէ չեմ հիշում դեպք, երբ երկու տան անդամների միջև լուրջ տարաձայնություններ եղած լինեն:
Շաբաթ-կիրակի օրերը սպասված են, որովհետև ավելի շատ ժամանակ ենք տրամադրում միասին լինելու՝ սուրճ ենք խմում, զրուցում: Էլ չեմ ասում՝ տներից որ մեկում էլ համով բան է եփվում կամ թխվում, դրանից անպայման բաժին է հանվում մեր մյուս տան մյուս անդամներին:
Այսպես էլ ապրում ենք կակաչների հետ ու կակաչների պես՝ հաշտ ու համերաշխ:
