Սերն ինքնին խոնարհ է, և չկա ուրիշ այլ խոնարհություն:
Եթե խոնարհությունը կիրառվում է առանց սիրո, դա ընդամենը էգոյի հնարք է:
Երբ խոնարհությունը բնականորեն ծագում է սիրուց, այն շատ գեղեցիկ է:
Սիրահարվե՛ք կյանքին և սկսեք ինքներդ ձեզ սիրելուց:
Երբ դուք սիրում եք ձեզ, սկսում եք սեր զգալ նաև ուրիշների նկատմամբ, և սիրո փոքրիկ տարածքը դառնում է ավելի ու ավելի մեծ:
Եվ մի օր հանկարծ պարզվում է, որ սերը ներառում է ողջ էությունը և, որ այն այլևս կոնկրետ մեկին չի հասցեագրված. սերն ուղղակի հոսում է, այն կարող է ընդունել ցանկացած մեկը, ով ուզում է: Սերը հոսում է նույնիսկ այն դեպքում, եթե անգամ չկա այն մեկը, ով կընդունի այն:
Այդ ժամ սերը դադարում է հարաբերություն լինելուց, այն դառնում է հոգեվիճակ: Հենց այդ կարգավիճակում է, որ էությունը ձեռք է բերում խոնարհություն, ճշմարի՛տ խոնարհություն: Այդ խոնարհությամբ խոնարհ էր Հիսուսը, իսկ հռոմեացի պապը խոնարհ չէր:
Մարդը կարող է աղքատ լինել՝ այդ աղքատության մեջ լինելով եսասեր:
Մարդը կարող է խոնարհ լինել՝ այդ խոնարհության մեջ լինելով եսասեր:
Իմ պատկերացմամբ, ճշմարիտ խոնարհությունն առաջանում է սիրո բուրմունքից: Դա չի կարելի հորինել, չի կարելի սովորել:
Եղե՛ք սիրո մեջ, և մի օր հանկարծ կպարզվի, որ սերը ծաղկել է, եկել է գարուն, սերը բացել է թերթիկները և բուրում է զգլխիչ՝ նոր, մինչ այդ երբևէ չունեցած հոտով: Դուք խոնարհ եք:
Աղբյուր՝ Ошо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին