
Ձեզ հետ եղե՞լ են պահեր, երբ դուք մոռանաք ձեր իսկ գոյությունը: Չասեք չէ, ոնց էլ լինի, եղած կլինեն: Անպայման կլինեն: Ուղղակի դուք չեք հիշում կամ մոռացել եք, կամ էլ ուշադրություն չեք դարձրել նման պահերին՝ դրանք համարելով ոչ կարևոր բաներ:
Առավոտ ծեգին, երբ արևը բարձրանում է, իսկ օդի մեջ սառնություն կա…
Դու այնքան ես տարվում այդ տեսարանով, որ հանկարծ…կորցնում ես քեզ: Քեզ այնքան է հրապուրում ելնող արևը, գեղեցիկ առավոտը, թռչունների դայլայլը, որ մի պահ մոռանում ես, որ դու կաս:
Չգիտեմ՝ ինչու, բայց ինձ համառորեն թվում է, որ հենց այդ պահերին է ծնվում գեղեցիկը:
Հենց այդ պահերին ենք ծնվում մենք, ծնվում նորովի, ծնվում հոգեպես…
Պարզ է, որ գեղեցկությունը արևածագից չի առաջանում, քանի որ շատերն են նայում արևին՝ նույնիսկ չնկատելով: Արևը ծնվում է հենց ձեր մեջ, որովհետև դուք այդ պահին այնքան եք տարվում արևածագով, որ մոռանում եք ձեր գոյության փաստը՝ ձեր ներսում ընդունելով նույն այդ արևին: Հասկանո՞ւմ եք…
Դա կարող է լինել արշալույս, հոգեթով երաժշտություն, ճառագող ժպիտ, վսեմ լեռ, մայրամուտ, ինքնամոռաց ծիծաղ, ամե՜ն-ամե՜ն ինչ…
Նման պահեր հանդիպում են բոլորի հետ, որովհետև դա, առավել քան, բնական ու բնությունից ի վերուստ մեզ տրված երևույթ-պարգև է: Բայց չգիտես՝ ինչու մարդիկ խուսափում են կամ ուշադրություն չեն դարձնում դրան:
Ափսոս, շա՜տ ափսոս…
Մինչդեռ հենց դրանք են այն վայրկյանները, որոնք մարդուն հարուստ են դարձնում, պայծառություն են բերում հոգուն, խաղաղություն՝ սրտին, իմաստություն՝ մտքին: Մարդուն կտրում են իրականությունից, երևակայություն ու թևեր տալիս…
Նման պահերին այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես գլխիցս մի բան իջնում է ու ուսերիս վրայից ծանր բեռի նման ընկնում: Ավելորդ մի բան, որը երկար ժամանակ, չգիտես ինչու, պահել եմ: Պահել եմ ամենայն զգուշությամբ ու համբերությամբ, բայց, որը պարզվում է՝ ոչ միայն ավելորդ է եղել, այլև՝ վտանգավոր…
Վտանգավոր, որովհետև չազատվելու դեպքում, դրանք ժամանակի ընթացքում մեծանո՜ւմ-մեծանո՜ւմ, տարածվո՜ւմ-տարածվո՜ւմ են՝ դառնալով հիվանդություն, դժբախտ պատահար կամ վատագույն բնավորություն:
Ժամանակ առ ժամանակ թոթափել է պետք ամե՜ն-ամե՜ն ինչ. հիշողություն, անցյալ, ներկա ու ամենակարևորը՝ ինքդ քեզ:
Մինչև քո վրայից չսրբես-չլվաս ինքդ քեզ, չես միանա Աստծուն, գեղեցկությանը…
Ինքդ քո մեջ տարրալուծվիր ու անհետացիր, որպեսզի ինքդ քո միջից ճառագայթի նման ծնվես ու նորանաս…
Ն.Մ.