Հայ աշուղական արվեստի դասականը. Ջիվանի

pers138631279435

Ես սիրում եմ մերձավորիս, բայց չեմ ատում օտարին,
Օտարն էլ ինձ նման մարդ է, ցանկանում եմ իր բարին։ Ջիվանի

Աշուղ Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան) ծնվել է 1846 թ մարտի 5-ին, Ջավախքի Կարզախ կամ Կարծախ գյուղում: Ջիվանիկ` փաղաքշաբար այսպես է կոչել իր կրտսեր որդուն հայրը: Հետագայում տուրք տալով հոր հիշատակին` ​որդին պահում է անունը` հանելով վերջին կ-ն:

Ջիվանու ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Մինչ Ջիվանին` հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց». Ջիվանիով է հայացել հայ աշուղական արվեստը: Ջիվանու ջանքերով է բացվել առաջին աշուղական արվեստի դպրոցը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս». աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվել են արևելյան ելևէջներից:

Հայտնի է, որ նրա ստեղծագործություններից մեծապես օգտվել են  Կոմիտասը, Եկմալյանը, Կարա-Մուրզան:

«Որպես բնական խելքի, լայն մտահորիզոնի, խոր տրամաբանության և նուրբ ընկալումների տեր երգիչ-բանաստեղծ, նա
քաջածանոթ է եղել մեր ժողովրդի ավանդական և գրավոր պատմությանը, գրականությանը, մեր անցյալի կուլտուրային, լավ է իմացել հայկական ու հունական դիցաբանությունը, տեղյակ է եղել հունա-հռոմեական դասական գրականության անմահ հուշարձաններին, տիրապետել է աշուղական չափածո խոսքի կառուցման ձևերին ու կանոններին, ազատորեն օգտվել է մեր հին` գրաբար լեզվի և նոր-նոր արմատավորվող արևելահայ զինարանից և այդ բոլորը հմտորեն օգատործել իր ստեղծագործությունների մեջ: Ջիվանին քաջածանոթ է եղել և ստեղծագործել է աշուղական տաղաչափության արվեստի բոլոր օրենքներով ու չափերով»:

Ինքնակենսագրական տարաբնույթ տեղեկություններով հարուստ է աշուղի «Ճանապարհորդական տպավորություններ» խորագրով ստեղծագործությունը, որը գրել է 1900–1902 թթ. ընթացքում: Ջիվանին պահել է օրագիր, որում օր առ օր գրանցել է տեղի ունեցած արժանահիշատակ դեպքերը, ներկայացրել այն բնակավայրերը, որտեղ երգել է տեղի ժողովրդի, այդ թվում` հայերի վիճակը, կենցաղը, սովորությունները և այլն:

Ջիվանիի հետ ընկերական հարաբերությունների մեջ են եղել Թումանյանը և Իսահակյանը:

Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու,
Մարդկային սիրտը հասկանում ես դու,
Եվ քո գույները երգիդ հարազատ,
Լի են հուզմունքով անկեղծ և ազատ…

Հովհաննես Թումանյան

Իսահակյանի հետ կապված` Կարծախում այսպիսի մի պատմություն է պատմվում: Ավետիք Իսահակյանը վերադառնալով արտասահմանից` իմանում է, որ սիրած աղջկա` Շուշանիկ Մատակյանի հարսանիքին հրավիրված է եղել Ջիվանին իր խմբով: Իսահակյանը չարանում է Ջիվանու դեմ ու մի առիթով, շատերի ներկայությամբ, տեսնելով Ջիվանուն, ասում է. «Էս անուսում ռամիկն ի՞նչ գործ ունի այստեղ»: Ջիվանին վիրավորվում է և որպես պատասխան գրում «Քանքարավոր ընկեր» երգը (քանքարավոր նշանակում է տաղանդավոր):
Քանքարավոր ընկեր
Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր,
Գոյությունս գաղափարիդ վնաս չէ:
Դու քաղաքացի ես, ես գեղականցի,
Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ, վնաս չէ:
Ես խսիր եմ գործում, դու ընտիր գորգեր,
Ինչու՞ ես նեղանում ինձնից մարդ ընկեր,
Ես եզներ եմ լծում, դու նժույգ ձիեր,
Սայլապանս կառապանիդ վնաս չէ, վնաս չէ:
Քեզ սրտով հարգում է, պատվում Ջիվանին,
Դու միամիտ եղիր, գնա քո բանին,
Նա չի կարող հասնել այն աստիճանին,
Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ, վնաս չէ:

Որդին` Գարեգին Լևոնյանը իր հուշերում պատմում է, որ 1909-ին թվականին անվանի աշուղի հուղարկավորությանը մասնակցել են տարբեր ազգերի մեծ թվով ներկայացուցիչներ։ Այդ օրերին «Դաշնակցության» գործով Մետեխի բանտում գտնվող Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, երբ հուղարկավորության թափորն անցնում էր բանտի մոտով, վանդակապատ պատուհանից վերջին հրաժեշտն են տվել մեծ աշուղին՝ թաշկինակները թափահարելով։
Ջիվանու քնարը, Երևան, 1959, էջ 687

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Հայ աշուղական արվեստի դասականը. Ջիվանի

Оставьте комментарий