Հրաժեշտ հոգևորին կամ… բրախելու արվեստ

38063066_1092994990853742_3733580599005282304_n

Կարծես թե տրամաբանական ավարտին են մոտենում հոգևորի հետ ունեցած իմ քաղցր-մեղցր հարաբերությունները: Ինչպես և սպասվում էր` ավարտվում է խորը հիասթափությամբ և դառնահամ զգացողությամբ: Անշուշտ, հոգևոր կյանքում հիասթափությունը ոչ միայն անխուսափելի է, այլև անհրաժեշտություն, հենց թեկուզ, որպեսզի ներսդ ազատես գլամուր ասվածից: Հա՛, հենց էլ նստես հիմարության բազմոցին ու ախմախ-ախմախ դուրս տաս:

Կյանքիցս արդեն անհետացել և արագորեն հեռանում են մարդիկ, շա՜տ մարդիկ, իսկ նրանք, ովքեր մնացել են, ուրեմն «մեղքի» իրենց բաժինն ունեն: Կյանքիս հորիզոնում հաստատուն կարգով մնացել են նրանք միայն, ովքեր այս աշխարհում չեն, բայց ինձ հետ են միշտ` ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան ու …հավիտյան:

Կյանքիցս արդեն հեռացել են և շարունակում են հեռանալ գրքեր, շա՜տ գրքեր, իսկ այն գրքերը, որոնք մնացել են, այլևս ցանկություն չունեմ բացելու: Կարիք չկա, բա որ չդիմանամ և հիասթափվե՞մ: Իմ շրջապատից շատ բաներ են անհետացել, մնացել է միայն այն, ինչն ինձ չի կաշկանդում, ինչն ինձ ավելի ու ավելի բնական զգալու հնարավորություն է տալիս. այդպես ես ինձ հարմարավետ եմ զգում իմ սիրած հագուստի կամ կոշիկի մեջ:

Արդեն անհետացել են հոգևոր ձգտումների մեծ մասը, իսկ այն փոքրաթիվ բաները, որոնք մնացել են` այլևս իմ կողմից չեն ընկալվում որպես ձգտումներ, դրանք ինձ չպարտադրված` շնչառության պես մի բան են: Ես իրենց հետ լավ եմ զգում և ամենևին չեմ լարվում:

Վատ բաներն ինձ վրա այլևս այնպես չեն ազդում, ինչպես առաջ: Դրանք հիմա արժանանում են իմ անտարբերությանը, սխալված չեմ լինի, եթե ասեմ` բարյացկամությանը: Հո չե՞մ կարող դրանց պատճառով ամեն անգամ հետաձգել կամ ընդհատել Ինքնության հետ իմ հանդիպումները:

Այլևս չկա նախկին կռիվն ինքս իմ դեմ: Սեփական թուլությունների դեմ մղած կռիվն ինքնակամ տեղափոխել եմ սիրտ և դրանցից ազատվելու փոխարեն սկսել եմ հնարավորինս լավ հարաբերություններ զարգացնել այն նույն որակների հետ, որոնք ժամանակին ինձ այնքա՜ն նյարդայնացնում էին:

Փաստորեն, կյանքն առանց հոգևորի…իրականում ճշմարիտ հոգևորի սկիզբն է: Միայն թե առանց ծափերի և առանց հրավառության, առանց հոգևոր համարվելու ավելորդ անհրաժեշտության: Սա, ըստ էության, սեփական Ոչնչի շեմն է: Ընդ որում, Ոչինչն այդ Հայտնության պատկերն ունի, ավելին` այն կենդանի հայտնության մերկությունն է: Հոգևորի նախկին Եսը զիջում է չհոգևորի Ոչնչին` տարածություն բացելով Ինքնության առա՞ջ: Իմ Ոչինչը հիմա խորապես մակերեսային է, որովհետև գալիս է խորքերից…

Իմ բարեկա՛մ, եթե նկատեցիր, կյանքը հոգևորից հետո, բավականաչափ պարադոքսալ բնույթ ունի: Ես-մենք, Ոչինչ-ամեն ինչ, Շարժում-խաղաղություն. սրանք, թերևս, մտքի հակադրություններ են կամ ասենք` մտքի տարբեր բևեռներ: Իսկ իրականությունն այն է, որ դրանք ոչ միայն բաժանելի չեն, այլև խորապես անբաժան են նրանց համար, ովքեր դրանք գիտակցաբար ստեղծում են իրենց ներսում և իրենցից դուրս…

Աշխարհում ոչինչ բացատրության կարիք չունի, քանզի ամեն ինչ ի սկզբանե բաց է ու հասանելի: Խոսքից անդին Լռությունն է, եսից անդին` Ոչինչը, գիտելիքից անդին` Իմաստությունը: Հոգևորից հետո կյանքի առանցքում հայտնվում է այն, ինչը, իրոք, կարևոր է: Այն, ինչ տեղի է ունենում` փորձ է, ցանկացած իրավիճակ` հնարավորություն: Միտքն այլևս չի փրփրում, ալիք չի տալիս, ազատ է մարմինը, հոգին, ցանկությունները: Ազատությունից այլևս ազատում չկա, չէ՛, ի՞նչ եմ ասում` պրծում չկա՜, ազատությունը այլընտրանք չունի…

Սրանից հետո ինչ էլ գրելու լինեմ` ծիծաղ է առաջացնելու: Ուզո՞ւմ եք`փորձեմ:

-Եթե ես ունենայի՜ բառերի միջև եղած տարածությունը փոխանցելու ունակությունը:

(Ծիծաղի՛ր, բարեկամ):

-Եթե ես կարողանայի՜ արտահայտել այն, ինչը չի տեղավորվում բառերի մեջ:

(Բարեկա՛մ, ավելի բարձր ծիծաղիր):

Հետգրություն

Գուրգեն Խանջյան, ականջդ կանչի, հաստատ կասեիր` համբերություն քեզ, մարդ ջան…

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Հրաժեշտ հոգևորին կամ… բրախելու արվեստ

  1. Տիկին Նունե ջան… խոնարհ, բայց հաստատակամ քայլում եմ Ձեր հետևից … առանց ծափերի և առանց հրավառության: Երևի մի օր կհասնեմ ես էլ…

    Нравится

  2. Վայ, տղայիս բլոգանունով եկավ…

    Нравится

  3. Նունե Մովսիսյան:

    Եվ լավ արեց, որ եկավ: Շնորհակալ եմ ճիշտ ժամանակին գալու համար: :)

    Нравится

  4. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Հոգևորը չի կարող վերջնական նպատակ լինել | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий