Փետրվարի 21-ը մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օրն է։
Որոշումը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից` 1999 թվ-ի նոյեմբեր ամսին: Աշխարհում սկսել է նշվել 2000 թվ.-ի փետրվարի 21-ից: Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:
Իսկ ինչո՞ւ հենց փետրվարի 21-ին:
1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։ Կառավարության որոշումը երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է՝ զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Այս ողբերգական դեպքերի հետևանքով բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։
Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թվականին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։ Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։
Լուսանկարում` Շահիդ Մինար՝ Նահատակների հուշարձանը Բանգլադեշի Դաքքայի համալսարանում։ Հարգանքի տուրք բենգալերենի համար պայքարի՝ 1952 թվականի փետրվարի 21-ի զոհերի հիշատակին։
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Սիրում եմ, չէ՝ պաշտում եմ աշխարհի ամենապայծառ, ոգեղեն ու չնաշխարհիկ, ամենա-ամենա հայոց լեզուն: Շնորհավորում եմ բոլոր այն հայերին, ովքեր սոցցանցերում գրում են կամ պատրաստվում են գրել հայատառ: Միևնույն ժամանակ մեկ անգամ ևս հիշեցնում եմ՝ սկզբունքորեն չեմ ընդունում խրոնիկ լատինատառ մուտքագրող ընկերների հրավերները, չեմ կարդում, առավել ևս՝ չեմ պատասխանում նման գրություններին: Մեղքը ձեր վիզ: 🙂
НравитсяНравится