Դուք ունեցել և ունեք միայն մեկ կյանք

giphy

Իմ հոգին շտապում է:

Ես հաշվեցի իմ տարիները և հայտնաբերեցի, որ ինձ ավելի քիչ ժամանակ է մնացել ապրելու, քան ապրել եմ:

Ես ինձ զգում եմ այն երեխայի պես, որ շահել է կոնֆետների տուփ. նա սկզբում կոնֆետներն ուտում է հաճույքով, բայց, երբ հասկանում է, որ մի քանիսն է մնացել` սկսում է դրանք ըմբոշխնել:

Ես ժամանակ չունեմ անվերջ ձգվող գիտաժողովների, կանոնադրությանը նվիրված խորհրդակցությունների, օրենքների և ներքին կանոնների մասին ընթացակարգերի, իմանալով, որ ոչինչ չի ստացվելու:

Ես ժամանակ չունեմ դիմանալու անհեթեթ մարդկանց, ովքեր իրենց չեն պահում տարիքին համապատասխան:

Ես ժամանակ չունեմ պայքարելու միջակության դեմ: Ես չեմ ուզում ներկա գտնվել այն հանդիպումներին, ուր ուռճացվում է մարդկային էգոն:

Ես տանել չեմ կարողանում մանիպուլացիան և պատեհապաշտությունը: Ինձ անհանգստացնում են նախանձ մարդիկ, ովքեր փորձում են վարկաբեկել ավելի ընդունակներին ՝ նրանց դիրքերը, հաջողությունները և ձեռքբերումները գրավելու համար:

Ինձ շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի ես սկսեմ թեմաներ քննարկել: Ես դա չեմ ուզում, քանի որ հոգիս շտապում է. փաթեթում շատ քիչ քաղցրավենիք է մնացել:

Ես ուզում եմ ապրել այնպիսի մարդկանց հետ, ովքեր շատ են մարդկային: Մարդիկ, ովքեր կարողանում են ծիծաղել իրենց սխալների վրա, ովքեր սեփական ուժերով են հասնում հաջողությունների: Մարդիկ, ովքեր հասկանում են իրենց կոչումը և չեն թաքնվում իրենց պարտականություններից:

Նրանք, ովքեր պաշտպանում են մարդկային արժանապատվությունը և մի ցանկություն ունեն միայն` լինել ճշմարտության, արդարության կողքին: Այդ նրա՛նք են կյանքն արժանապատիվ դարձնում:

Ես ուզում եմ ինձ շրջապատել մարդկանցով, ովքեր գիտեն ինչպես հասնել ուրիշների սրտերին: Մարդիկ, ովքեր կյանքի ծանր հարվածներից սովորում են աճել` պահպանելով հոգու քնքշությունը:

Այո՛, ես շտապում եմ: Շտապում եմ ապրել արդյունավետ, մի բան, որը կարողանում է տալ միայն հասունությունը:

Ես ջանում եմ իզուր տեղը չվատնել ինձ մնացած կոնֆետներից և ոչ մեկը: Ես վստահ եմ, որ դրանք շատ ավելի համով են, քան այն կոնֆետները, որոնք արդեն կերել եմ:

Իմ նպատակը վերջին հասնելն է` ինքս իմ, իմ մտերիմների և իմ խղճի հետ ներդաշնակ ապրելով:

Դուք մտածում էիք, որ ունեք երկու կյանք և հանկարծ հասկանում եք, որ ունեցել և ունեք միայն մեկը…

Աղբյուրը`  Марио де Андраде

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.