Մաթևոսյան «Ինքդ պիտի որոշես՝ Իշխանն ես, թե Ավետիքը»

473448_10150586745140780_2001474715_o

Փետրվարի 12-ին ծնվել է արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:

…Բայց ինչո՞ւ մենք մեր երկրի ու մեր կյանքի ամեն հինգ տարին նվիրում ենք նախորդ տասը տարին ջնջելուն:
– Ես այդ ջնջողներից չեմ, ես գրողի իմ սկզբունքն ունեմ՝ ինչ ծնել է մայր Հայաստանը, իմ որդիներն են, ես տեր եմ ամենքին:
– Բայց գերիշխողը հասարակական-քաղաքական մտածողությունն է, որ ամեն նախորդ իշխանության անվանում է նախկին հանցավոր ռեժիմ…
– Դա հույժ կուսակցականացվածությունից է: Որպեսզի իրենց գործը հեշտացնեն, վերցնում են մեծ ամբողջի մի չնչին մասը և սքանչելիորեն հաղթահարում են. իրենց հոդվածը կամ գրվածքը կամ էլ իշխանության մի կարճ օրը գլուխ է գալիս, իսկ մեծ պատմությունը տապալվում է:
Առաջին խորհրդարանի ժամանակից կար կլոր սեղանի ճանապարհը. առաջին հանրապետությունը կործանվեց մեր կուսակցականացվածության պատճառով, երրորդի թուլությունը նույնպես կուսակցականացվածությունն է: Պիտի հաղթահարենք կուսակցական էգոիզմը:
– Ինչո՞ւ չի լսվում Ձեր ձայնը, ինչո՞ւ օրը մի կուսակցություն է ստեղծվում և նոր ոչինչ չի ավելացնում եղածին:
– Մաքիավելին էր ասում. «Հասարակությունները սիրում են, երբ մեծագույն և ամենամարդկային գաղափարներն անգամ իրենց պարտադրվում են բռնությամբ»: Մովսեսը բռնությամբ էր Աստծո խոսքը պարտադրում իր ժողովրդին:

– Ձեր գրականության հիմնական հերոսը Տերն է, առանցքը՝ Տիրոջ գաղափարը…
– Տերը մեր մեջ է, մեր կողքին, պիտի չթողնենք, որ քանդի:
– Իսկ ի՞նչ պիտի անենք, որ ոչ թե քանդի, այլ կառուցի:
– Իր մեջ պիտի կառուցող տեսնենք: Այրականություն տեսնենք: Հող ու հաղթանակ: Գեղեցկության ձգտում: Ուժ տեսնենք, որին ապավինած՝ հեղձուկը հաղթահարում ու չենք խեղդվում:
– Ձեր լավատեսության հիմքը իրակա՞ն է, թե՞…
– Հայեցակարգի խնդիր է:
Ամբողջ Ուկրաինայի, Զապորոժյան Սեչի կազակության թևերը Պետրոսը կապեց, հյուսիս քշեց՝ նոր նվաճված ճահիճներում Պետերբուրգ կանգնեցնելու: Սահմանները փակեց, որ Ռուսաստան ապրանք չներմուծվի, որ ռուս մուժիկն ինքն աշխատի: Դա տղամարդու քայլ էր: Տղամարդու ռիսկ էր: Քո երկրում արա քո քայլը: Ուրիշի երթին մի խառնվիր գնա: Սեփական քո երթը ունեցիր: Մեր երթի գլխին մեր ձեռքով հյուսված մեր դրոշը չէր՝ ուրիշի երթի ետևից գնացինք: Ընթացքում տղամարդիկ հայտնվեցին, կարողացան առևտրի, խաբեության, պատերազմի դաշտում խորամիտ, նրբամիտ, խելացի, կամային, ռազմիկ լինել, բանակ սարքեցին, մեզ հետ հաշվի նստեցրին աշխարհին, մեր վարքը մեր ձիու պես մեր տակը քաշեցին ու ընթացք տվեցին, կարողացան նախանձ շարժել ու ծանր հատուցեցին:
Հատուցեցինք:
Բայց որ մի անգամ հնարավոր էր, էլի է հնարավոր: Հրաշամանուկ չէր: Մեր պատվախնդրությունը, մեր այրականությունը իրեն վերստին կգտնի: Ազգերն ու ժամանակները այդ պատվախնդրությունը, կրկնում եմ, ունեն, իրենցից հետո անապատ չեն թողնում:
– Իսկ արվեստը, մշակույթը, գրականությունը:
– Գրականությունը Քրիստոս է ստեղծում: Ղուկասը, Հովհաննեսը, Մատթեոսը, Մարկոսը Ավետարան էին գրում: Գիրքը ստեղծվեց և ամբողջ աշխարհը վերափոխեց: Խաչատուր Աբովյանը վերածնեց Խորենացու անցյալը, Վարդան Զորավարի: Ազգի անցյալը և ազգի հեռանկարը: Քո գրականությո՞ւնն ինչ է անում: Գրականությունը Րաֆֆին է, կարո՞ղ ես ուրանալ, Աբովյանն է, Թումանյանն է, Չարենցն է, ուրանալո՞ւ ես:
– Այսօ՞ր էլ նրանք են:
– Նրանք միշտ են: Այսօր մեծ անուններ չկան, բայց մի քիչ էլ մեզ նայենք՝ երեկ ինչո՞ւ կային ու այսօր չկան: Ինչո՞ւ Պարույր Սևակը երեկվա օրով Վարդան Զորավարից մեծ ներկայություն էր…
Այդուհանդերձ՝ եթե հրապարակը այսօր պարապ է, մեղքը ժամանակակիցներինը չէ, ժամանակինն է: 20-ական թթ. Չարենցը կայծակի պես ճայթեց և իրենով հրապարակը լցրեց, որովհետև թիկունքում համաշխարհային հեղափոխական–ժողովրդավարական շարժում կար: Ազգդ պատրաստ էր այդ ճայթյունին: Այսօրվա մեջ էլ պայծառ-լավ անուններ կան, ոչ շատ, բայց կան:
– Անցած տասը տարին ինչպե՞ս եք գնահատում:
– Ճակատագիր է: Եղանք և ուրիշը չէինք լինելու: Կատարվեց՝ ինչ կատարվելու էր:
Ի՞նչ ենք արել, որ չլինի:
Ինչը որ բացթողում եմ համարել, վերին զորությամբ կատարվել է մեր հարևան ազգերի մեջ և վերջացել ձախողումով: Չեչնիա է եղել, Վրաստան, Ադրբեջան, Հարավսլավիա…
Ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանը արել կամ չի արել և վերջացել է այս իրավիճակով, այլ դեպքում վերջանալու էր ողբերգությամբ:
Ամբողջ ազգի համար և ինձ համար ահավոր կորուստ է Վանոյի բացակայությունը, Վազգենի մահը, մյուսների աղարտումը, աղավաղումը: Համազգային զորություն էին լինելու տիրական կայսեր գոյությամբ: Այսօրվա ներկաներն էլ աղարտված-աղավաղված են և ավելի բացակա՝ քան սպանված Վազգենը, արտաքսված Վանոն:
Առանց Ռուսաստանի ի՞նչ էր լինելու Պուշկինը, առանց տաճարի ի՞նչ էին լինելու զանգը կամ երգեհոնը…
Միմյանց համար զինվոր ու հրամանատար լինեինք. ի՜նչ գեղեցիկ էր լինելու մեր միությունը:
– Լավ, բա մեջներս վրեժ չպիտի՞ լինի, բռունցք չպիտի՞ լինի, որ անարդար հարվածը գոնե փոխադարձենք, չպիտի՞ էնպես անենք, որ գլխներիս խփելուց՝ իրենց ձեռքը ցավի, չպիտի՞ ատենք, կծենք, հիշողություն ու ցավ չպիտի՞ ունենանք: Մեր միջի աղտը, աղբը չպիտի՞ հանենք, պիտի հանդուրժե՞նք, ներե՞նք…
Ավետի՞քն ենք, թե՞ Իշխանը…
– Ավետիքն էլ, Իշխանն էլ մենք ենք: Մենք մեզ պիտի պաշտպանենք: Գոյությունն ատամներով են պաշտպանում: Թշնամուդ պատկառանքի՞ն, թե քամահրանքին ես տեր:
– Պատկառանքին:
– Ուրեմն ուժեղ եղիր, քոնը ուրիշին մի տուր:
Ինչքան տվեցիր, տանելու են: Տարան՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են:
Հիմա դու որոշիր՝ Իշխանն ես, թե Ավետիքը…
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Հայացք Երևանից», N 4, 2001 թ.

Աղբյուրը`  hrantmatevossian.org

Կարող եք ծանոթանալ նաև «Հրանտ Մաթևոսյան» կայքէջին

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Մաթևոսյան «Ինքդ պիտի որոշես՝ Իշխանն ես, թե Ավետիքը»

  1. Նունե Ռուբիկի Մովսիսյան:

    Որդին հարսինն է, աղջիկը՝ փեսայինը. շաղ են գալիս, տանը մնում ես մենակ: Ամեն մեկը իրենը գտնում է, քոնը՝ քո մարդն է:
    Քառասուն տարեկան կորցրիր, թե ութանասուն՝ ամենամեծ կորուստդ է: Զավակները հայր են կորցնում, հարսները
    սկեսրայր են կորցնում, թոռները՝ պապ, իսկ դու Քեզ ես կորցնում, քանզի ոչնչի պետք չի լծի կենտ եզը: Քանզի դու նրա հետ եզ էիր ու գութան էիր քաշում…

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s