Սիմոն Վրացյան «Կոմիտասի թշնամիները»

460962320_3782574508673897_5827481797663308653_n

ԿՈՄԻՏԱՍԸ երջանիկ չեղավ Էջմիածնում:

Այդ կենսուրախ, զվարթ, կատակող ու խնդացող մարդը, տարիների ընթացքում հետզհետե լրջացավ ու ինքնամփոփվեց, և երբ ես ճեմարանից հեռացավ 1906–ին, այլևս բոլորովին տարբեր մարդ էր, քան իմ տեսած առաջին տարիների Կոմիտասը:

Վանքը, այդ մեծագույն բամբասարանը և խարդավանքների բույնը, Կոմիտասին էլ ընկճեց՝ հուսահատության մատնելու աստիճան: Տատասկոտ ճամփա անցավ ու զարհուրելի վախճան ունեցավ:

Ծանոթ է Թարգմանչաց տոնի առթիվ ճեմարանի հանդեսում Հայրիկի ցույց տված վերաբերմունքը, որ անսահման վիշտ պատճառեց Կոմիտասին:

Մի ուրիշ անգամ, երբ Կոմիտասը իր երգչախմբով պատրաստվում էր մեկնելու Թիֆլիս՝ համերգներ տալու, վերջին պահին Հայրիկը արգելք դրեց, թեև նախապես համաձայնություն էր տվել։ Պետք էր տեսնել Կոմիտասի հուսահատությունը, արցունք էր գալիս նրա աչքերից:

Հայրիկի շրջապատը, առհասարակ, չէր համակրում Կոմիտասին, և վերջինս գիտեր այդ:

Լուսարարապետ Ղևոնդ եպիսկոպոսը, օրինակ, որ Կոմիտասից առաջ դպրապետ էր եղել, տանել չէր կարողանում Կոմիտասի ներկայությունը տաճարում, սրբապղծություն էր համարում քառաձայն երգեցողությունը և չէր քաշվում Կոմիտասի հասցեին անարգանքի խոսքեր ուղղելուց։

Կոմիտասն էլ փոխադարձում էր — «չալղըճի»:

Մասնավորապես վերջին տարիներին Կոմիտասն իրեն օտար էր զգում Էջմիածնի միաբանության մեջ: Երևութապես գրեթե բոլորի հետ էլ խոսում-խնդում էր, բայց իրեն հարազատ էր զգում միայն ճեմարանի մթնոլորտում, աշակերտության շրջանում և իրեն մտերիմ մի քանի վարդապետների հետ:

Հիրավի, վանքը բանտ էր Կոմիտասի համար: Նրա արվեստագետի թևերը ճախրել էին ուզում ազատ օդում, վանքի խեղդիչ մթնոլորտը կապանք էր դնում նրա թևերի վրա: Քանի զարգանում էր նրա միտքը, որքան հարստանում էր գիտական պաշարը, այնքան ուժեղանում էր նրա մեջ՝ արտահայտվելու պահանջը:

Եվրոպայից վերադառնալուց հետո, նա այլևս չկարողացավ դիմանալ վանական հեղձուցիչ մթնոլորտին և որոշեց ընդմիշտ հեռանալ Էջմիածնից: 1909թ. Սեպտեմբեր 6-ին, դիմում ուղղեց Իզմիրլեան կաթողիկոսին, որով խնդրում էր իրեն ազատ արձակել Ս. Էջմիածնի միաբանության ուխտից և նշանակել Սևանա մենաստանի մենակյաց:

Ինչպես և բնական էր սպասել, Իզմիրլեանը մերժեց Կոմիտասի խնդրանքը։ Հաջորդ տարի, 1910-ի աշնանը, Կոմիտասը թողեց Էջմիածինը՝ իր ծննդավայր այցելելու պատրվակով։ Այնտեղից անցավ Պոլիս, ուր ընկավ իր փնտրած տարերքի մեջ: Իր «Գուսան» համբավավոր երգչախմբով գերեց պոլսահայության սրտերը: Համերգներ տվեց նաև Իզմիրում, Եգիպտոսում, նույնպես արտասովոր փայլով։

Կոմիտասը Պոլսում էլ ունեցավ հակառակորդներ։ Նրա համերգների դեմ ելավ այն օրերի Պատրիարքական փոխանորդ տխրահռչակ Ղևոնդ Եպս. Դուրեանը, բայց ժողովրդական խանդավառ ոգևորության մէջ խեղդվեցին այդ թշվառականների ոտնձգությունները: Կոմիտասը իր փառքի գագաթնակետին էր:

Եթե չեմ սխալվում, նա մի անգամ էլ վերադարձավ Էջմիածին՝ չգիտեմ ինչ ակնկալություններով, բայց այս անգամ էլ այնտեղ չգտավ իր որոնածը:

Եվ այնուհետև, թոթափելով իր ոտքերի փոշին, ընդմիշտ հեռացավ Էջմիածնից:

Հատված կաթողիկոս Իզմիրլեանին հասցեագրած Կոմիտասի նամակից.

«Քսան տարի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եմ։ Մտել եմ այս հաստատութեանը ծառայելու նպատակով։ Քսան տարուան ընթացքում շրջապատն ինձ թոյլ չի տուել այն անելու, ինչ կարող էի, որովհետև տեսայ միայն որոգայթ և ոչ արդարութիւն։ Նեարդերս թուլացել են, այլևս տոկալու ճար ու հնար չունեմ։ Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում. ծարաւի եմ ազնիւ աշխատանքի, խանգարում են. փափագում եմ հեռու մնալ՝ խցել ականջներս՝ չը լսելու համար, գոցել աչքերս՝ չը տեսնելու համար, կապել ոտքերս՝ չը գայթակղվելու համար, սանձել զգացումներս՝ չը վրդովուելու համար, բայց, զի՛ մարդ եմ, չեմ կարողանում։ Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կեանքս մաշուում է, և միայն վարանանքն է բուն դնում հոգուս ու սրտիս խորքում։ Եթէ հաճոյ է Վեհիդ ինձ չը կորցնել, այլ գտնել, արտասուելով աղերսում եմ՝ արձակեցէք ինձ Ս. Էջմիածնայ Միաբանութեան Ուխտից և նշանակեցէք Սևանայ Մենաստանի մենակեաց։ Քսան տարին կորցրի, գոնէ մնացած տարիներս շահեցնեմ և անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները՝ իբր առաւել կարևոր ծառայութիւն հայ տառապեալ սուրբ Եկեղեցւոյ և Գիտութեան»:

Լուսանկարում՝ Կոմիտասը Էջմիածնի հոգևոր ճեմարանում, 1900 թ

Աղբյուր՝ Աիդա Ներսիսյանի ֆեյսբուքյան էջ

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий