Նավասարդ

img4843_238166933

Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն նաւասարդի,
Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք ևւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց:

Նավասարդի տոնը նշվում է ի հիշատակ Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակի օրվա: Օգոստոսի 11-ը  հատկանշական է նաև նրանով, որ Հայկ-Օրիոն համաստեղությունը ուղղահայաց դիրքով կանգնում է Տաթևի սյան ուղղությամբ։

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր: Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը:
(Լուսանկարում Հայկի և Բելի ճակատամարտի վայրն է․ Վան, Հայկաբերդ. անձնական արխիվ): Ի դեպ, Վան քաղաքից 26 կմ հեռավորության վրա գտնվող Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) հայտնաբերված նեկրոպոլի (դամբարանադաշտ) տարածքում թուրքերը շարունակում են պեղումներ իրականացնել: 
45379085_2022807324462797_9063741309486891008_o 
Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում:
Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք:
Հայկի սերունդը նրա անունով կոչվել է Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի անվանադիր նախնին է և ռազմի գերագույն աստվածը: 
Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը: «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» անուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ: 

Նավասարդ բառը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։ Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։ Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։ Նավասարդյան օրերը կրում էին ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը։ Պատմում են, որ մինչև հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը թագավորինն էր, ապա աչքի էին զարնում նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։ Ուխտավորների բազմության մեծ մասը ժամանակը անց էր կացնում ծառերի տակ։ Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Աշտիշատում հունական օլիմպիական խաղերի նմանությամբ կազմակերպվում էին մրցություններ։ Մարզական խաղերի ժամանակ երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի և հոգու կարողությունները։ Մրցությունների ժամանակ բանաստեղծը իր հորինած երգն էր արտասանում կամ երգում, երաժիշտը իր բամբիռն էր նվագում, ըմբիշը բազուկների զորությունն էր ցուցադրում, արհեստավորը իր պատրաստած ընտիր գործերը, գյուղացին՝ իր հողի ճոխ բարիքները։ Մրցություններում հաղթողներին վարդերից վառվռուն պսակներ էին հանձնում և օծում վարդաջրով։ Աղավնիներ էին բաց թողնում և իրար վրա վարդաջուր շաղ տալիս։

Աղբյուրը`  Վիքիպեդիա

Լուսանկարում՝  Հայկ Նահապետի քանդակը սկզբնապես տեղադրված է եղել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ (1970 թվականին), այնուհետ՝ 1975 թ. տեղափոխվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգված: Քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան

Կարող եք ծանոթանալ նաև՝

Ս.Հարությունյան «Հայ հին վիպաշխարհը» 

Հայկական դիցարան

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

Ձեր՝  Հայկական կակաչ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Նավասարդ

  1. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

Оставьте комментарий