Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր» 

mahari+

Օգոստոսի 1-ին ծնվել է Գուրգեն Մահարին:

Հատվածներ Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակից

«― Հա՞յ ես, քե մատաղ, ― հարցնում է նա, անհուն մի ցավով նայելով դեմքիս։

― Հայ եմ, ― պատասխանում եմ ես՝ վախենալով, որ տեսածս տեսիլք կարող է լինել։

― Հայ եմ, ― հաստատում եմ նորից։ ― Ո՞րտեղացի ես․․․

― Ղարաբաղցի՛ եմ, քե՛ մատաղ, ղարաբաղցի՛․․․

― Ի՞նչ գործով ես նստած․․․

― Ի՞նչ գործով, ― հեգնում է նա ցրտից սրթսրթալով, ― ինչ գործո՜վ․․․ բա ղարաբաղցուն էլ կհարցնե՞ն ինչ գործով ա նստա՜ծ․․․

― Բա ինչո՞ւ չեն հարցնի, ― հարցնում եմ ես։

― Բա դու Բալունց Հեթումի անունը չես լսե՞լ․․․

― Չէ, չեմ լսել, ― պատասխանում եմ ես և իսկապես չեմ լսել։

― Էդ ես եմ, որ կամ․․․ Բալունց Հեթումին որ նստացրիլ են ոչ՝ աշխարհը վաղուց դարմադաղան էր եղել, քե՛ մատաղ․․․

― Աշխարհը՝ չէ, գուցե Ղարաբա՞ղը, ― անցնում եմ ես բանակցության։

― Բա Ղարաբաղն աշխարհ չի, ի՞նչ ա․․․ ինձ ասել են թե ես ուզալ ըմ Ղարաբաղը պոկեմ Ադրբեջանից ու Հայաստանին կցեմ։ Այ քե մատաղ, ես հի՞նչ կտրող֊կցո՜ղ եմ։ Հի՞նչը կտրեմ, հինչի՞ն կցեմ։ Բա սա ասելու բա՞ն ա․․․ Բա սրա համար մարդու կհանեն տնից, հողից, աշխատանքից ու Սիբիրնե՞ր կքշեն․ այ քե մատաղ․․․ էն քորփեն հինչ ա, նա էլ գիտի, որ Ղարաբաղը է՜է՜է՜, աթադան֊բաբադան Հայաստան ա եղել ու Հայաստան էլ կա․․․ Ե՞ս պիտի կտրեմ, կցեմ․․․ Բո՜ո՜, ― անդրադարձավ նա՝ ատամերը ցրտից չխկչխկացնելով, ― ցուրտը ջանս մտավ․․․ ես քինացի․․․ տաքերն ընկնեն՝ կնստենք, կխոսենք․․․ ասում եմ՝ տաքերն ընկնեն, միտքս լավ հասկացի․․․ Բալունց Հեթում որ ասում են, ես եմ, իմացած կաց․․․

Ու քամու հետ գլորվելով՝ Նաիրյան ոգին տեսիլքի նման դյութական՝ անհետացավ մոտակա գետնափոր բարաքներից մեկում….»։

«Մարդիկ այն չեն, ինչ երևում են։ Մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ … Ուրիշ բան մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության գործում… Մարդու մեջ դրել են ինչ-որ չար զսպանակներ, լարում են իրենց ուզած ձևով և բաց թողնում։ Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի։

Հիվանդ արդարության կենացը խմենք, ծանր է նրա դրությունը, բայց նա չի մեռնի։ Երբ հիվանդ է արդարությունը, մարդիկ խեղճանում են, մանրանում, դառնում երկերեսանի, չար, եսամոլ, ստորաքարշ։ Նրանք քծնում են, լիզում իրենց ոտնակոխ սապոգները, ասում են խոսքեր, որոնց հետ համաձայն չեն, բայց կատարում են, որովհետև արդարությունը հիվանդ է, չի կարող նրանց կարգի բերել։

Հին է ու միշտ նոր չարի ու բարու կռիվը, և միշտ բարին է հաղթանակել։ Խմենք այն մեծ օրվա կենացը, երբ վերջին բանտարկյալը կթողնի վերջին բանտը։ Թող բանտերի տեղ դպրոցներ շինվեն ու ճամբարների գրաված լայնածավալ հողերը ցորենի արտեր դառնան։

Հայդո՛ւկ, ինձ լսիր, կգա՛ այդ օրը»:

«…Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սև՛ էր»։

«Սերը ծաղկեցնում է անգամ փշալարերը»:

Աղբյուր՝  Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր»

Ծաղկաքաղը՝  «Գուրգեն Մահարի» ֆեյսբուքյան էջից

Կարող եք ծանոթանալ նաև՝

Գուրգեն Մահարի, բանաստեղծություններ

Գուրգեն Մահարի և Ավետիք Իսահակյան

Անկախության օրվա մահարիական պատգամը

Գուրգեն Մահարի և Եղիշե Չարենց

Ծանր ուխտի հին ուխտավորը

Գուրգեն Մահարի «Երևանյան քանդակներ»

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий