
Հոկտեմբերի 30-ին ծնվել է Ավետիք Իսահակյանը։
1948 թ. հուլիսին Ավետիք Իսահակյանը այցելում է Ադրբեջանի կազմում գտնվող Արցախ։ Չտեսնված բան էր, որ Խորհրդային Հայաստանից մարդ գնար Արցախ։ Խոչընդոտում, արգելում էին։ Վարպետի այցը իշխանությունների ուշադրության կենտրոնում էր, իսկ Արցախի հայությունը Վարպետին ընդունում է ջերմությամբ ու ակնածանքով։
Իսահակյանն այցելում է Շուշի, որը ավերված, մեռած քաղաքի էր նման։ Կինը՝ Սոֆյան, Շուշիից էր և ուզում էր այցելել ծնողների շիրիմին, սակայն շիրմաքարերը տրակտորով գլորել էին ձորը։
Իսահակյանը իր նոթատետրում գրել էր․
«Մարդկության, մեծ ազգերի, լուսավոր ազգերի աչքերի առաջ մի ողջ ժողովուրդ հայրենազրկվում է, հրեա է դառնում, բայց ոչ ոք ձեռք չբարձրացրեց կասեցնելու բարբարոսի հարվածները, դաժան գործը՝ միմիայն մղված էգոիստական, գազանային բնազդներից, հաշիվներից… Ընդհանրացումներից մեկն էլ այն է, որ վայ թե մի կնոջ, հայ ղարաբաղցի կնոջ հարցնես, թե ո՞նց ես, սկսում է լաց լինել և ասել իր կորուստների մասին: Ղարաբաղում տուն չկա, որ պատերազմի զոհ տված չլինի: Գոնե մի մարդ: Մայրեր կան` երեք- չորս տղա են կորցրել: Ուղղակի քամել են հայ ժողովրդին, քամել են…
Ղարաբաղը բացարձակ կտրված է Հայաստանից` ոչ թերթ, ոչ գիրք: Դասագիրք չունեն` հայերեն, Բաքու չեն տպում հայ դասագրքեր, նույնիսկ մայրենի լեզվի․․․․»
Մարզկոմի առաջին քարտուղարը Իսահակյանին հրավիրում է իր մոտ և հարցնում.
-Հը, ինչպե՞ս է Ղարաբաղը, տեսնո՞ւմ ես՝ ոնց է բարգավաճում Ադրբեջանի կազմում:
Վարպետը պատասխանում է.
-Հա, տեսա, եղել եմ Ամարասում, մեր հնագույն դպրոցում, և մեզ այնտեղ դիմավորեցին խոզերը և ոչխարները, նրանց համար հանգստյան տուն է… Մի՞թե այսքան ժամանակ գոնե չէր կարելի ցանկապատել, որ անասնագոմ չդառնա…
Իսահակյանը մի կերպ է ազատվում ձերբակալվելու վտանգից, բայց նրան ուղեկցող գրող Բոգդան Ջանյանն ու մյուս աջակցող պաշտոնյան ձերբակալվում ու աքսորվում են Սիբիր։
Իսահակյանն Արցախից հեռացավ դառնացած սրտով` զգալով, որ եթե այդպես շարունակվի, այնտեղ հայկական ոչինչ չի մնա։
Նյութը և լուսանկարը՝ Հենք ֆեյսբույան էջիցք
Կարող եք ծանոթանալ նաև՝ Ավետիք Իսահակյան կայքէջին