Վարք Մխիթար Սեբաստացի Աբբահոր

Սեբասռացի

Հեղինակ՝  Հովհաննես վարդապետ Թորոսյան

Հովհաննես Թորոսյանը բանասեր է, պատմաբան, խմբագիր, թարգմանիչ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1889-1990 և 1896-1998 թվականներին եղել է «Բազմավեպ» հանդեսի խմբագիրը։ Մի շարք կրթական պաշտոններ է զբաղեցրել Սուրբ Ղազարի վանքում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան, Փարիզի Մուրադյան, Պոլսի Մխիթարյան վարժարաններում։ Ծավալել է գրական-բանասիրական գործունեություն։ Աշխատակցել է «Բազմավեպին» և այլ պարբերականների։ Թարգմանություններ է կատարել գերմաներենից և իտալերենից։ Գրել է  «Վարք Մխիթար աբբայի» (Վենետիկ, 1901, 2-րդ հրատարակություն` 1933) գիրքը, որը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մխիթար Սեբաստացու, նրա իմացական կարողությունների, առաջնորդական հմտությունների և անխոնջ ընթերցանության մասին։

Առաջին հատված

Ճիշտ է, տղաների կրթությունն ու դաստիարակությունը հանձնվեց հատուկ Վերակացուների խնամքին, բայց Մխիթարի հովանին միշտ նրանց վրա էր: Նա հաճախ էր այցելում Նորընծայարան և Վարժարան. հետևում էր աշակերտների ժամանցին, ուշադրություն էր դարձնում նրանց կենցաղին ու վարքին, ուղղում էր յուրաքանչյուրի թերությունները, սովորեցնում էր զսպել սեփական կրքերը, խորտակել եսակենտրոն կամքը, չվհատվել դժվարությունների առաջ և չտկարանալ վշտերի մեջ:

Ընտանության հետ միասին՝ ուներ նաև հարկավոր լրջությունը, խստության հետ՝ քաղցրությունը, որով միաժամանակ սիրելի էր և պատկառելի: Նրա մի հայացքն արդեն բավական էր՝ զգաստացնելու համար հանցավորին: Չսպասված պահին վրա էր հասնում, գտնվում էր ամեն տեղ, դիտում, գործերից ավելի՝ նրանց դիտավորությունն ու նպատակն էր քննում: Երբ երկու կամ երեք հոգի միասին խոսում էին, միանում էր նրանց, լսում, թե ինչի՛ մասին էր զրույցը. եթե բարի և օգտակար նյութի շուրջ էր, թողնում էր, որ շարունակեին, իսկ եթե անշահ կամ դատարկ հարցերի շուրջ էր, իսկույն ընդհատում էր և ինչ որ մի շահեկան նյութի կողմն էր ուղղում խոսակցությունը:

Հանգստյան ժամերին թույլ էր տալիս, որ հանդարտորեն վիճաբանեին իմաստասիրության կամ իրենց ուսանած գիտությունների մասին. ինքն էլ էր ունկնդրում, առարկում, օգնում նրան, ով պետք է լուծեր խնդիրը կամ պատասխաներ հարցերին, լուսաբանում էր դժվարին կետերը և վերջում տալիս էր նաև լուծումը, եթե նրանք դժվարանում էին: Երբեմն այցելում էր սենյակները, տեսնելու համար, թե ի՛նչ են անում. արդյոք կարդո՞ւմ են, գրո՞ւմ են, թե՞ պարապ են մնացել կամ անիմաստ բաներով են զբաղվում: Նրանց գրածները կարդում էր, սրբագրում, խորհրդածում և խորհուրդ տալիս: Ներթափանց հայացք ուներ, որ կարդում էր սրտերն ու հոգու ներսը: Միևնույն հսկողությունն անում էր նաև քահանաների նկատմամբ: Չէր կարող տեսնել որևէ կանոնազանցություն կամ հանցանք և անցներ առանց խրատելու կամ հանդիմանելու: Զանցառուների հետ ընդհանրապես խիստ էր, բայց փոքր տղաների նկատմամբ ավելի ներողամիտ էր. առաջին անգամ կանոնազանց գտնվելիս՝ քաղցրությամբ խրատում էր առանձին. եթե հանցանքը կրկնվում էր, հանդիմանում էր բոլորի ներկայության. իսկ եթե երրորդ անգամ էին զանցառու լինում, պատժում էր: Սովորական պատիժներից էին ինչ որ մի թեթև ապաշխարանք դնելը, ընդհանուր ժամերգությունից զրկելը, մի որոշ ժամանակով ընկերությունից զատելը, և նման ա՛յլ բաներ: Սկզբից ևեթ խստություն էր գործադրում՝ կանոնները հարգել տալու համար: Ինքը պարտաճանաչ ու կանոնապահ անձ լինելով, նույնը պահանջում էր նաև ուրիշներից, քանի որ կանոնապահության թուլացումը կործանարար է Միաբանությունների համար: 

Երկրորդ հատված

Մխիթարն իր հանգստյան ժամերն անցկացնում էր տղաների հետ, նրանց հետ պարտեզ էր իջնում, ուրախանում էր նրանց խաղերով ու մանկական ջինջ զվարճություններով: Դիտում էր, թե ինչպե՛ս էին մոլախոտերն արմատախիլ անում, ծաղիկներ տնկում ու ջրում, և այդ բոլորից կյանքի ուսանելիք դասեր էր քաղում: Մի օր տեսնելով, որ պատանիները բույս էին տնկում և տնկելուց առաջ դրանց արմատները շաղախի մեջ թաթախում, որպեսզի հողին լավ կպնեին ու արմատակալեին, դա որպես առիթ վերցնելով՝ երեկոյան ասաց. «Առաքինության բույսերն էլ այդպես պետք է տնկեք սրտներիդ մեջ. նախ հարկավոր է թաթախել խոնարհության տղմի մեջ, որպեսզի լավ արմատակալեն և փորձությունների տապից չչորանան»[1]:

Մխիթարը, որ բնավորությամբ լուրջ ու ծանրակշիռ էր և կարգերի ու կանոնների հարցում խիստ, հանգստյան ժամերին միշտ ժպիտ էր ունենում դեմքին. նրա ներկայությունը ոգևորում էր պատանիներին և զվարթություն պատճառում: Նրանց հարցեր էր ուղղում, սովորածները կրկնել էր տալիս, առաքինությունների գործնական ձևեր էր ուսուցանում, Սրբերի կյանքից դրվագներ էր պատմում:

Մի օր փոքրիկներից մեկին հարցրեց. «Նեղությո՞ւնն է լավ, թե՞ հանգիստը»: Փոքրիկը պատասխանեց. «Նեղությունը»: Աբբահայրն ավելացրեց. «Ուզո՞ւմ ես, ուրեմն, որ ես միշտ նեղություն և վիշտ կրեմ»: Մինչ փոքրիկը տատամսում էր պատասխանելու, ինքը շարունակեց խոսքը և ասաց. «Մեղավոր մարդու համար նեղություններն օգտակար են, ինչպես լեղի դեղերը՝ հիվանդներին: Ամեն մարդ, սակայն, նեղությունն ու վիշտը ի՛ր համար պիտի փափաքի, բայց ո՛չ ուրիշների»:

Մի ուրիշ անգամ էլ, երբ երիտասարդ քահանաները կանգնել, դիտում էին Աբբահոր նորակերտ սենյակի առաստաղը, որի գերաններին նկարիչը բազմաթիվ խաչեր էր գծում, Մխիթարը դարձավ և հարցրեց նրանց. «Գիտե՞ք, թե ի՛նչ են նշանակում այդ խաչերը: Ո՛չ թե սենյակիս գերանները զարդարելու համար են, այլ՝ խորհրդով եմ դրանք նկարել տալիս: Շատ հարմար է, որ խաչը մեծավորների սենյակում գտնվի, – ավելի, քան այլուր, – ցույց տալու համար, որ նրանք հպատակներից շա՜տ ավելի խաչերի ու վշտակրության առիթներ ունեն: Դուք առաջ սակավաթիվ էիք և իմ նեղություններն էլ սակավաթիվ էին: Այդ էին նշանակում առաջին՝ հին սենյակիս սակավաթիվ խաչերը: Հիմա, որ Աստծո ողորմությամբ բազմաթիվ եք, իմ վշտերն էլ բազմացել են: Սրա համար է, որ բազմաթիվ խաչեր եմ նկարել տալիս, որպեսզի գիշեր ու ցերեկ մտածեմ, որ Աստծո փառքի և Միաբանությանս օգուտի համար հարկավոր է, որ շա՜տ խաչեր կրեմ»:

Երրորդ հատված

Մի օր, իտալացի մի նշանավոր անձնավորություն Աբբահորն այցելության եկավ և Միաբանության աղքատիկ վիճակը տեսնելով՝ հարցրեց. «Կընդունե՞ք, եթե մեկը Ձեզ երեսուն հազար դահեկանի նվիրատվություն անի»: «Ո՛չ», պատասխանեց Աբբահայրը: «Իսկ եթե հինգ կամ վեց հազար տա՞», կրկին հարցրեց նա: Մխիթարն այս անգամ պատասխանեց. «Այդքանը կընդունեի, որովհետև հիմա երեսուն հազարի կարիք չունեմ, այլ միայն հինգ հազարի»:

Մի անգամ, մի մեծ տերության դեսպանն այցելության եկավ վանք: Մխիթարն ընդունեց նրան և ուղեկցելով ցույց տվեց կղզին և շենքերը: Վանքի կացության, կարգերի ու միաբանների մասին տեղեկություններ ստանալուց հետո՝ դեսպանը Մխիթարին հարցրեց. «Իսկ քանի՞ տարի է արդեն, որ բնակվում եք Սուրբ Ղազար կղզում»: Աբբահայրն ասաց. «Արդեն քսանչորս տարի է»: «Իսկ այս ընթացքում ձեզնից քանի՞ հոգի մահացավ», տակավին հարցրեց դեսպանը: Մխիթարը պատասխանեց. «Դեռ ոչ մեկը, մեր գերեզմանոցը դեռդատարկ է. եթե չհաշվենք այն մի քանի հոգին, որոնք մահացել են առաքելության մեջ»: Դեսպանը կրկին հարցրեց. «Ի՞նչ գաղտնի դեղ ունեք, որ չեք մահանում»: Աբբահայրը ժպտալով պատասխանեց. «Մենք ուրիշ դեղ չունենք, այլ միայն այն, որ գոհանում ենք քչով, և մեր ամեն ինչը չափավոր է ու կանոնավոր»: Եվ նրան պատմեց, թե ինչպե՛ս են սնվում և ի՛նչ են հագնում: Դեսպանը զարմացած ու տպավորված վերադարձավ իր տուն:

Մխիթարը յուրահատուկ սեր և գութ ուներ աղքատների նկատմամբ, որոնց երանի էր տալիս: Նրանց մեջ Քրիստոսին տեսնելով, Մխիթարն իր ողջ կյանքում երբեք որևէ մի աղքատի ձեռնունայն չի թողել: Երբ ինչ որ մի գործով քաղաք էր գնում, իր առաջին միտքն ու հոգածությունը գրավում էին իր աղքատները. նրանց անվանում էր իմ աղքատները. իր հետ դրամ էր վերցնում և նրանց փնտրում էր՝ ողորմություն տալու:

Մի քանի անգամ այնպես պատահեց, որ մոռացավ հետը դրամ վերցնել. այդպիսի դեպքերում կես ճանապարհից ետ էր վերադառնում, որպեսզի դրամ վերցնի, կամ էլ մի ուրիշին էր ետ ուղարկում դրամ բերելու: Գյուղում ամեն անգամ տնից դուրս ելնելիս քսակը լցնում էր դրամով և հաճախ էր պատահում, որ օրվա մեջ երկու-երեք անգամ միևնույն աղքատները գալիս էին ողորմություն խնդրելու, ձանձրացնում էին նրան, բայց նա երբեք տհաճության կամ նեղության արտահայտություններ չէր անում, ոչ մեկին չէր զլանում, իսկ տալու ժամանակ դեմքին փայլում էր սրտի գոհությունն ու ուրախությունը: Աղքատները վարժվել էին, առավոտից երեկո սպասում էին դռան առաջ, և Աբբահոր դուրս գալուն պես՝ թափոր էին կազմում շուրջը: Երբ գյուղից վերադառնում էր, հաճախ հարցնում էր. «Արդյոք ի՞նչ են անում աղքատներս: Ո՞վ է հոգում նրանց»: Վանքի դռնապանին պատվիրել էր, որ երբ մի աղքատ գա, նրան դռան առաջ սպասել չտա, հետը խստությամբ չվարվի, այլ՝ շուտով տա ինչ որ պետք է և գոհությամբ արձակի:

Չորրորդ հատված

Մի օր, ինչ որ մեկը բախեց վանքի դուռը: Աբբահայրը շուտով մեկին ուղարկեց, որ տեսնի, թե ո՛վ է: Քահանան մի քիչ ուշացավ, ուստի Մխիթարն աճապարեց անձամբ գնալ դեպի դուռը: Քահանան ջանաց հանգստացնել նրան. «Գերհարգելի, բան չկա, մի աղքատ է, որ ողորմություն է խնդրում»: Աբբահայրը վշտացած պատասխանեց. «Մանավանդ այդպիսիների առաջ պետք է առավել փութով և սիրով բացել վանքի դռները, քանի որ նրանք Քրիստոսի կերպարանքով են մեզ գալիս». և առատ ողորմություն տալով՝ արձակեց աղքատին:

Մի անգամ էլ սաստիկ փոթորիկի ժամանակ, երբ արդեն մթնում էր, մի խուլ ու համր աղքատ, որ նավակով մի կղզուց մյուսն էր շրջում և ողորմություն խնդրում, վախենալով այդ եղանակին Վենետիկ վերադառնալ, եկավ նավակը վանքի դռան առաջ կապեց և լուռ ու մունջ նստեց ափի քարերին: Սոսկ պատահմամբ քահանաներից մեկը տեսավ նրան և գնաց Աբբահորը պատմեց: Երբ Մխիթարը լսեց, սաստիկ այլայլվեց, թե ինչո՞ւ խեղճ աղքատին ներս չեն հրավիրել, և շտապեց ինքը գնալ, դուռը բացել: Աղքատին ներս ընդունելով, նրան կերակուր և զգեստ տվեց, և միայն երբ եղանակը բոլորովին հանդարտվեց, նրան ճանապարհ դրեց:

Ուրիշ մի օր էլ աղքատ մի ձկնորս վանքի դուռը բախեց և ողորմություն խնդրեց: Ճաշի ժամն էր, դռնապանը տալիք ոչինչ չուներ իր մոտ: Խեղճ աղքատին այնտեղ չսպասեցնելու համար, ինչպես հանձնարարել էր Աբբահայրը, գնաց իմացրեց նրան: Աբբահայրը լսելուն պես հրամայեց, որ առատ հաց տան, և իր կերակուրն աղքատին ուղարկելով, ինքը միայն հաց ու պանիր կերավ:

Այս զգացումը դրոշմում էր նաև իր աշակերտների սրտի խորքում, իր գրեթե բոլոր նամակներում պատվիրելով աղքատասիրությունը և հանձնարարելով հոգալ խեղճերին, աղքատներին, ցավագարներին: Հոգևոր գրքեր էր ուղարկում իր քարոզիչներին, որպեսզի ձրիաբար բաժանեին աղքատներին:

Շա՜տ երկար կլիներ այստեղ մեկ առ մեկ հիշել Մխիթարի բոլոր առաքինությունները: Նա սահմանված էր Մեծ լինելու. մեծ՝ իր սրբությամբ և առաքինի վարքով, մեծ՝ գրական աշխատություններով, և մեծ՝ իր նկարագրով և գործունեությամբ: Նա մեր գովեստների կարիքը չունի. իր գործերն իր մեծության հավերժական կոթողներն են, և ինքն իսկ՝ իր անձի դրվատիքն է: Կենդանության օրոք արդեն այնքան հռչակված էր, որ բոլորն էլ, բարեկամներն ու հակառակորդները, պատկառանքով ու հիացումով էին հիշում նրա անունը: Նրա ժամանակակից Պոլսի Հայոց Պատրիարք Հովհաննես Կոլոտն անգամ գրում է. «Մեր Գերհարգելի Աբբահոր համբավը սփռվել ու տարածվել է Հունաց և Հայոց աշխարհներում, և նրա իմաստությունը հայտնի է իր տպագրած գրքերից, որոնք ամեն տեղ տարածված են»[1]: Հռոմում ևս մի այնպիսի հռչակ էր ստացել իր խոհական վարմունքով, սրբությամբ և իմաստությամբ, որ Ծիրանավորներից ոմանք նրան մինչև իսկ Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալությանն էին արժանի համարում, ինչպես հաստատում են արժանահավատ եկեղեցականների վկայությունները:

Հինգերորդ հատված

Տեսանք Մխիթարի մեծությունն իր գործերում: Արդ, տեսնենք նրա մեծության արտահայտությունն իր հոգու մեջ, որի համար ուրիշ ավելի հարմար նմանություն չենք գտնում, քան բյուրեղյա մի գունդ, որի մեջ ամենափոքր բիծ անգամ չի երևում, ուստի այն իր մեջ պայծառորեն ցոլացնում է լույսի բոլոր գույները: Նմանապես, Մխիթարի հոգու մեջ արտացոլվում են Առաքինության բոլոր գույներն ու տեսակները:

Մարդն ի բնե դյուրաբեկ ու վայրահակ լինելով, այս աշխարհի տիղմերից վեր բարձրանալու համար կարիքն ունի թևերի. այդ թևերն են աղոթքը և անսանձ կրքերի կանոնավորումը: Դեռ մանուկ հասակին, հազիվ սկսեց ինքնուրույն մտածել և ըմբռնել, Մխիթարը հասկացավ դա, և աղոթքը եղավ նրա մանկական շուրթերի առաջին թոթովանքը, իսկ տասը տարեկանից արդեն սկսեց իր ճգնություններն ու կրքերի սանձումը: Երիտասարդ հասակում, երբ մարդու արյունը եռում է, երևակայությունն ավելի վառ է լինում, արտաքին հրապույրներն ավելի բուռն են ազդում, և մարդ սովորաբար ալեկոծվում է և քիչ թե շատ կորցնում է ինքնակառավարումը, Մխիթարն իր հոգում գտավ այդ հուզական խռովքներին տիրապետելու կամքը, խորշեց մեղքի ստվերից անգամ և իր երիտասարդ հասակն անցկացրեց իր միտքն ու հոգին սնուցելով գրադարանների փոշիների տակ թաղված հոգևոր ու մտավոր գեղեցկություններով: Իսկ հազիվ քահանա ձեռնադրված, անմնացորդ նվիրվեց Սուրբ Գործին և հետամուտ եղավ մեծամեծ ձեռնարկների: Նա ապրեց միմիայն Կրոնի պայծառության և Ազգի օգուտի համար: Նրա գոյությունը սնվեց միմիայն վեհ գաղափարականներով և աստվածային ու մարդկային բարձր արժեքներով:

Մխիթարի հոգում բոլոր առաքինություններից ավելի փայլում է խոնարհությունը. խոնարհության աստիճաններով է, որ հասավ հոգևոր այդ բարձունքների գագաթին: Մխիթարի ողջ կյանքը կարծես խոնարհությունների մի սքանչելի հյուսվածք է: Երբե՛ք, ո՛չ մի տեղ, ո՛չ մի գործի մեջ նա չփնտրեց իր սեփական անձի փառքը: Հետևյալ հայտարարությունը, որ արձանագրել է իր կողմից հրատարակված Աստվածաշնչի հիշատակարանում, կարող է որպես նշանաբան ծառայել իր մյուս բոլոր գրությունների ու գործերի համար. «Իմ այս աշխատության մեջ ուրիշ ո՛չ մի նպատակ չեմ ունեցել, քան միայն՝ Աստծո փառքը և Ազգիս օգուտը: Հետևաբար, Մատյանիս ընթերցողներից ուրիշ ոչինչ չեմ ուզում սրա փոխարեն, այլ միայն, որ օգտվեն դրանից և իրենց աղոթքներում հիշեն նաև ինձ»[1]:

Մենք այնքան զգուշությամբ չենք ծածկում մեր թերությունները, որքան նա ծածկում էր իր առաքինությունները: Նրա ականջին այնքան խորշելի չէր օձի սույլը, որքան գովեստի խոսքերը, որովհետև «Ինչպես կրակն է հալեցնում մոմը», գրում է, «այդպես էլ մարդկանց գովեստները հալեցնում ու ոչնչացնում են բարի գործերը»[2]: Երբ մեծամեծ և իշխանական անձինք գովում էին նրա ճարտարապետական հմտությունը, ասում էր. «Որևէ գովասանք իրավացի է միայն այն ժամանակ, երբ տվյալ անձի վիճակին կամ պաշտոնին վերաբերվող գործերի համար է: Կրոնավորի համար գովեստ չէ, երբ ասում են, թե արագընթաց է, քաջ դերասան, ազնվական կամ գիտուն. այլ՝ երբ ասում են, որ խոնարհ կամ հնազանդ է, և նման բաներ: Այսպես նաև ինձ գովասանք չեմ համարում, երբ ասում են, թե քաջ ճարտարապետ է: Մեծ հիմարություն կլիներ հպարտանալ նման բաների համար»[3]: Ապշում էր, թե ինչպե՞ս կարելի է հպարտանալ մի շնորհի համար, որն Աստված է տվել. այդպիսիներին անվանում էր Աստծո Փառքի գող[4]:

Վեցերորդ հատված

Իրենից ավելի ո՞վ իրավունք ուներ մեծամտելու, – եթե դա ներելի լիներ, – և սակայն, իրենից ավելի ո՞վ խոնարհ եղավ: Մի ամբողջ Ազգի սերն ու հարգանքը բարձրացրեցին նրան, նույնիսկ իր կենդանության օրոք, մի պատվանդանի վրա, որի առջևից անցավ երկու հարյուր հիսուն տարիների Հայությունը, միշտ նույն երախտագիտության և միշտ նույն հիացման զգացումներով, նրան հատկացնելով «Լուսանորոգ», «Վերածնող» և «Մեծ» տիտղոսները: Մի բարձունք, որի վրա ուրիշ որևէ մարդու գլուխը պիտի պտտվեր: Եվ սակայն, Մխիթարն այդ բարձունքի վրա մնաց նույնը, ինչ որ էր հալածանքի օրերում:

Մխիթարի խոնարհ հոգին պարզ երևում է իր նամակներում, ուր երբեք չենք հանդիպում այնպիսի արտահայտությունների, որոնք կարող են սնափառության գեթ նվազագույն նշույլ պարունակել: Իր նամակներում նա պարզ ոճով պատմում է Միաբանության հաջողություններն ու առաջընթացը, որոնց մեջ, սակայն, ընդգծում է ո՛չ թե իր անձնական ներդրումները, այլ միմիայն Աստծո զորությունը, որ ձրիաբաշխ պարգևում է այդ ձիրքերը: Մանկական պարզությամբ ու հրճվանքով նկարագրում է վանքի կամ եկեղեցու շինությունները, որոնք կարծես կառուցվել են առանց ծախսերի կամ առանց նեղության, մինչդեռ գիտենք, թե ինչպիսի՛ և որքա՛ն տագնապներ ու դժվարություններ է կրել: Այդ խոնարհությունն էր, որ իրեն դյուրամատչելի էր դարձնում բոլորին. առանց նվաստանալու կամ իր աստիճանից վար իջնելու, զիջում էր և ծառայում անգամ փոքրերին:

Մի շաբաթ օր Նորընծայարան գնաց և տեսավ, որ տղաներն ավլում էին սրահները. ջուր վերցրեց, հատակին ցանեց և սկսեց նրանց հետ ավլել: Մի անգամ էլ, 1733 թվականի Հունվարին, բոլոր քահանաներն ու աշակերտները բռնվեցին մի համաճարակ հիվանդությամբ. միայն Մխիթարը և մի քանի քահանա զերծ մնացին հիվանդությունից: Մխիթարը հասնում էր բոլորին, մանավանդ՝ փոքրերին, անձամբ ծառայում էր, մխիթարում և դեղեր տալիս: Հաճախ էր կրկնում. «Որքա՜ն քաղցր է փոքր լինելը, քան թե մեծ: Որքա՜ն հաճելի է ծառայելը, քան թե ծառայություն ստանալն ուրիշներից»:

Մի օր, երբ աշակերտներն իրենց խոսակցությունն ավարտելով՝ գնում էին իրենց սենյակները, միջանցքում Աբբահայրը հանդիպեց նրանց և հարցրեց, թե ո՞ւր էին գնում: Նրանք էլ պատասխանեցին. «Խոսակցությունն ավարտելով՝ գնում ենք մեր սենյակները»: Դա լսելով, Աբբահայրն ասաց. «Ափսո՜ս, որ ժամանակին չհասա: Թերևս մի օգտակար բան լսեի ու շահեի»: Աշակերտները կարմրեցին և Աբբահոր խոսքի վրա ժպտացին, իրենց մտքում մտածելով, թե դու, որ այդքա՜ն գիտելիք ունես և անսպառ խոսում ու վարդապետում ես, մի՞թե մեր աղքատ խոսքերին կարոտ ես: Իսկ նա, հասկանալով նրանց միտքը, ասաց. «Ինչո՞ւ եք ժպտում և ամաչում: Ես համոզված եմ, որ ո՛չ միայն ձեր, որ այսքան ժամանակ սովորում և վարժվում եք սրբազան ու արտաքին գիտություններով, այլ նաև որևէ մարդու խոսքերից կարող եմ օգտվել և շահել»[5]:

Մի անգամ էլ Աբբահայրն իր շապիկը կարկատելու է ուղարկում հանդերձակար եղբորը: Եղբայրն ասում է. «Եթե այս շապիկը կարեմ, չեմ կարողանա նորընծաների զգեստները ժամանակին հասցնել, ինչպես ինձ հանձնարարել է Գերհարգելին»: Աբբահայրը դա լսելով՝ իսկույն ետ վերցրեց իր շապիկն, ասելով. «Եթե այդպես է, ավելի լավ է ես այս պատառոտված շապիկը հագնեմ, քան թե ուրիշների զգեստներն ուշանան»[6]:

Յոթերորդ հատված

Խոհեմությունը, որ մարդկային գործերի աչքն է համարվում, միշտ և ամեն տեղ փայլեց Մխիթարի հոգում: Իր նպատակին հասնելու միջոցները գտնելու հարցում նա ճարտար և հաջողակ էր, իսկ դրանց միջև ընտրություն կատարելիս՝ ո՛չ շտապող և ո՛չ էլ դանդաղ: Անհողդողդ և հաստատամիտ էր իր որոշումների մեջ, արագ և զգուշավոր՝ նրանց գործադրումի ժամանակ, և այնքա՜ն հեռատես, որ նախապես տեսնում էր գործի ելքը: Ամեն հարցում բռնում էր միջին ուղին. վեհանձնության հետ՝ խոնարհամիտ էր. հրամայելու ժամանակ՝ համեստ ու բարեշնորհ. խիստ էր, բայց և բարեհամբույր: Խորագետ էր, բայց ո՛չ խորամանկ. պարզ ու անկեղծ էր, բայց ո՛չ անզգույշ ու անգաղտնապահ. կիրթ ու ազնիվ էր, բայց ո՛չ մարդահաճո կամ կեղծավոր. բարեսեր ու բարեմիտ էր, բայց ո՛չ բնավ նվաստախոհ ու ծառայամիտ: Խոսքի մեջ ճոխ ու առատ էր, բայց ո՛չ սնոտիաբան. նրա բերանից երբևէ անօգուտ մի խոսք չէր լսվում. նույնիսկ օտարների հետ տեսակցելու ժամանակ խոսակցությունը փոխում էր եթե ո՛չ հոգևորի, ապա գոնե օգտակար ու պիտանի ինչ որ մի հարցի շուրջ. պարապ զրույցներն այնքան էին ձանձրացնում նրան, որ վայրկյաններն իսկ իրեն ժամեր էին թվում: Իր մեծամեծ գործերը համեստության քողի ներքո ծածկած, անձնագովության ստվերից անգամ խորշելով, նա շահում էր նախանձոտների սիրտը: Որքան խիստ էր իր անձի նկատմամբ, նույնքան կարեկցող էր ուրիշների տկարությունների հանդեպ: Ժիր և փութաջան էր մերձավորներին խնամելու հարցում. ուրիշներին հոգալու և երջանկացնելու համար մոռանում էր իր սեփական անձն ու հանգիստը: Անդուլ և անխոնջ էր բարին գործելու մեջ, անընկճելի էր ծանր դեպքերում, արի ու հնարագետ էր դժվարությունների առաջ. հաջողությունների և ձախողությունների մեջ՝ միակերպ աննկուն էր ու անայլայլ, ցավերի և տառապանքների մեջ՝ համբերող: Տրտում բաների մեջ անվրդով էր, հակառակությունների մեջ՝ անդրդվելի, կարևոր և մեծամեծ իրերի ձեռնամուխ, ո՛չ թե իր անձի փառքի կամ շահի համար, այլ միմիայն ըստ հարկի և ընդհանուր օգտակարության համար:

Մի անգամ Աբբահայրը հարցնում է փոքրիկ նորընծաներից մեկին. «Ո՞րն է առաքինությունների հիմքը»: «Չգիտեմ», պատասխանում է մանուկը: «Հավատքն է», ասում է Աբբահայրը, «որի վրա հիմնվում են մյուսները, և առանց սրա՝ ո՛չ մի առաքինություն չի կարող հաստատուն մնալ»[5

Մխիթարի բոլոր գործերի առաջնորդն էր այդ Հավատքը, որի խորհրդավոր մթությունների առաջ պատկառանքով կանգ էր առնում նրա հարցասեր միտքը, գիտակցելով, որ «Ավետարանի խոսքերն են հանգիստ պարգևում իմաստասիրական խնդիրների մեջ տատանվող մտքերին»[4]:

Աղբյուր՝  mashtoz.org

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 Response to Վարք Մխիթար Սեբաստացի Աբբահոր

  1. Уведомление: Մխիթար Սեբաստացու վարքը — Սեբաստացիական մեդիադարակ

Оставьте комментарий