Հոգևոր խորհուրդներ Հորդանանից

Ուխտագնացությունը հոգևոր արարողություն է, հոգևոր մի ճանապարհորդություն,

որի ընթացքում քրիստոնյան ինքնաքննման, ինքնամաքրման, ապաշխարության միջոցով որդեգրվում է աստվածային կենսապարգև շնորհներին, նորոգում իր ուխտն Աստծո հետ, հաղորդակից դառնում Նրա կենդանի խոսքին ու քրիստոնեական ճշմարտություններին:

Ահա այն հոգևոր խորհուրդները, որոնք հետս բերել եմ Հորդանանից։

Խորհուրդ առաջին

Հորդանանում ամենուր կարելի է հանդիպել բյուզանդական ամֆիթատրոնների: Պարզվում է՝ մինչև հինգ հազար հանդիսատես ունեցող այդ վիթխարի կառույցների հրապարակներում ափաչափ մի տեղ կա, որտեղ կանգնելու դեպքում ձայնը հնչում է առավել բարձր ու զիլ:

Եթե ուզում եք ներկայանալ՝ փնտրեք և գտեք հենց այն կետը, որտեղից դուք առավել լսելի և տեսանելի, հետևաբար՝ ընկալելի կլինեք․․․

Խորհուրդ երկրորդ

Բաց ծովում լողալու համար լավ լողորդ լինելը բավարար չէ: Սեփական ուժերին և համարձակությանն ապավինելուց առաջ և հետո հարկավոր է վստահ լինել, որ քեզ մոտիկ փրկարար նավակ է լողում, որը պատարստ է քեզ նավ հասցնել կամ ափ հանել, վտանգի մեջ հայտնվելու դեպքում։

Աստված չի կարող քեզ օգնել, եթե դու ինքդ քեզ չես օգնում․․․

Խորհուրդ երրորդ

Մեռյալ ծովի մատույցներում՝ բարձունքի վրա, երևում է Աստվածաշնչից հայտնի Ղովտի կնոջ աղե արձանը: Նա, ով Սոդոմից փախչելիս հրահանգ ուներ չշրջվել և ետ չնայել։ Բայց Ղովտի կինը ետ նայեց և քարացավ:

Որքան էլ դժվար լինի, երբեմն նույւնիսկ անհնար, անցյալը թողեք թիկունքում: Պետք չէ շրջվել և անընդհատ հետ նայել․ դա ոչինչ չի տալու՝ փոխարենը կխլի շատ կարևոր մի բան՝ Ներկան…

Խորհուրդ չորրորդ

Ըստ Աստվածաշնչի՝ Մովսես մարգարեն Բարձրյալի հետ հաղորդակցվել է Նաբավ լեռան բարձունքում։ Լեռան գագաթին տեղադրված է իտալացի քանդակագործ Ջոնվաննի Ֆանտոնիի քանդակած օձաձև խաչը, որը խորհրդանշում է անապատում Մովսեսի կերտած բրոնզե օձը և այն խաչը, որի վրա գամել են Հիսուս Քրիստոսին։

Առաջին բանը, որ ինձ միանգամից ծանոթ թվաց՝ բարձունքում թափառող քամիներն էին։ Դրանք ինձ հիշեցրին Իսրայելում գտնվող Համբարձման լեռան քամիները: Երկու դեպքում էլ սրընթաց քամիները միաժամանակ փչում էին տարբեր ուղղություններով:

Բարձրյալի հետ հաղորդակցվելու համար պիտի կարողանալ ներսի ու դրսի բոլոր քամիները խաղաղեցնել մեկ առ մեկ…

Խորհուրդ հինգերորդ

Թեև Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին էր, բայց ինքը գնաց Հովհաննես Մկրտչի մոտ և խնդրեց իրեն մկրտել: Հիսուսին հանդիպելիս, Հովհաննեսն ասաց. «Այդ ես պետք է մկրտվեմ քեզանից, այնինչ դու ես եկել ինձ մոտ, որպեսզի ե՞ս մկրտեմ քեզ»։ Սակայն Հիսուս համոզեց մկրտել իրեն Հորդանան գետում։ Ի դեպ, Հորդանան գետը մշտապես պղտոր է, որը բացատրվում է գետի ջրերում թթվածնի խտությամբ։

Առանց խոնարհամտության իզուր են ամեն ջանք, ամեն մի ժուժկալություն, հնազանդություն, անընչասիրություն, իմաստություն: Քանի որ բարու սկիզբը և վերջը՝ խոնարհամտությունն է, ինչպես չարի սկիզբը և վերջը՝ բարձրամտությունը․․․

Խորհուրդ վեցերորդ

Աստված Բացարձակ Էություն է՝ տիեզերական մի Հայելի, որն ընդամենը անդրադարձնում է՝ քեզ վերադարձնելով այն, ինչ տեսնում է քո ներսում:

Դրական մտքեր և հույզեր ունեցեք, որպեսզի պարուրվեք Դրական թրթիռներով…

Խորհուրդ յոթերորդ

Ցերեկը շոգ, իսկ գիշերը ցուրտ անապատում լույսը բացվում է այգածագից առաջ: Անապատում առավոտները լուսավոր են լինում, քանզի անապատի միրաժի մեջ արև կա թաքնված․․․

Այնպես արա, որ քո լույսը շարունակի ճառագել, եթե անգամ քո ներսի արևը դեռ չի արթնացել…

Խորհուրդ ութերորդ

Հորդանանի խորհրդանիշը Պետրան է։ Այն, թերևս, ամենից մեծ հռչակ վայելող տեսարժան վայրն է, տարեկան մեկուկես միլիոն զբոսաշրջիկ է այցելում Հորդանան՝ տեսնելու ժայռափոր Պետրան։ Պետրան տեսնելու համար հարկավոր է քայլել 10 կմ-ից ավել ճանապարհ։

Եթե գնում ես երազանքիդ ետևից՝ պատրաստ եղիր ճանապարհ անցնել․․․

Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝ անձնական արխիվից, Հորդանան, Նաբավ լեռան բարձունք

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 Responses to Հոգևոր խորհուրդներ Հորդանանից

  1. Уведомление: Ուխտագնացություններ Էրգիր, Երուսաղեմ, Հորդանան — Սեբաստացիական մեդիադարակ

  2. Уведомление: Հորդանան․ ճամփորդական նոր ուղղություն – Էկոլոգիա

Оставьте комментарий