Ինձ իմ ներսում փնտրեք


Ծննդյան մտորումներ

Գիտակցության խորխորատներում չկա վերահսկողություն

Ինչո՞ւ պիտի ինձ վերահսկեմ, ումի՞ց պիտի ինձ պաշտպանեմ կամ պաշտպանվեմ: Ես եմ ու ես: Ինքս ինձ հսկելու, ինքս ինձնից պաշտպանվելու կարիք բնավ չունեմ ու երբևէ չեմ ունեցել: Էդ էր պակաս` ​ինքս իմ վրա վերահսկողություն սահմանեմ, կասկածեմ կամ տվյալներս ստուգեմ: Հո հսկիչ կամ սահմանապա՞հ չեմ:

Գիտակցության ծալքերում չի կարող խանդ կամ նախանձ լինել

Դե՛, չի կարող էլի: Ինչո՞ւ կամ ինչի՞ համար պիտի խանդեմ կամ նախանձեմ, եթե ինձ ոչ մեկի հետ երբեք չեմ համեմատել, առավել ևս` մրցել: Իրենք իրենք են, ես էլ` ես: Իրենք մարդու լավ տեսակ են` ուրախանում եմ, բարի են ու խելացի` հիանում եմ, նեղացնում են՝ տխրում եմ:

Գիտակցությունն ազատություն է

Անում կամ ասում եմ այն, ինչ ուզում եմ անել կամ ասել: Չեմ անում և չեմ ասում այն, ինչը չեմ ուզում ասել կամ անել: Ակնարկներով կամ ենթատեքստերով, ասել է թե` քողարկված հանդես չեմ գալիս: Դա հարաբերվելու իմ ոճը չէ, ինձ դրանից դուրս փնտրեք, ես դրա մեջ չկամ և չեմ էլ ուզում լինել: Եթե ուզում եք ինձ գտնել` իմ ներսում փնտրեք:

Գիտակցությունն ունի միայն ներկա ժամանակ

Արածիս կամ չարածիս մասին դարդ չեմ անում: Ինչ անցել է` մնում է անցյալում: Ցավս ու տխրությունս ուրիշների վզին չեմ փաթաթում, հետս էլ քարշ չեմ տալիս, այլ թողնում եմ ներսում` մարդկանց աչքից հեռու մի անկյունում, բայց․․․սրտիս մոտիկ:

Անկախ ամեն ինչից՝ սիրտս միշտ բաց է

Միշտ էլ կարող եք ներս գալ, համեցե՛ք, միայն պիտի խնդրեմ` ներս գալուց առաջ ոտքերի փոշին թափ տալ, դուրս գալուց էլ` դռները շխկոցով չփակել: Հակառակ դեպքում ձեզնից իմ ներս ձգվող լարերը կարող են կտրվել: Իսկ այն, ինչ իմ ներսում մաշվում է կամ կտրվում` ես սովորաբար ինձնից դուրս եմ բերում. հարաբերությունները կարկատելու սովորություն չունեմ, չեմ էլ ուզում ունենալ․․․

Լա՛վ եղեք, մարդիկ։ Ինչ էլ լինի, հիշեք՝ ես Ձեզ սիրում եմ։ 

Ամենայն սիրով ու հարգանքով՝ Նունե Մովսիսյան

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий