Վերափոխումն Ս.Աստվածածնի. Խաղողօրհնեք

10_4

Եղեգնաձորի Սպիտակավոր Ս. Աստվածածնի եկեղեցում գտնվող Աստվածամոր զարդաքանդակը, մասնագետների կարծիքով, ոչ միայն հայ, այլև ողջ քրիստոնեական միջնադարի` Աստվածամոր  լավագույն հարթաքանդակներից է:

Վերափոխումն Ս. Աստվածածնի

Օգոստոսին նշվում է Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխումը (վերափոխում նշանակում է վերփոխվել, վեր փոխադրվել), որը կենցաղում առավել հայտնի է Խաղողօրհնեք անվամբ:

Աստվածածնի Վերափոխումը Տիրամորը նվիրված հայոց եկեղեցական տաղավար տոներից է: Այդ օրը պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք`«որպէս արմտեաց և պտղոց օրհնութիւն»: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:

Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թե մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Հայերս տոնում ենք ոչ թե Աստվածամոր ննջումը, այլ իր Միածին որդու մոտ վերափոխումը: Աստվածամոր Վերափոխման տոնը միշտ կատարվում է կիրակի օրը, քանի որ ս. Մարիամը ծնվեց հինգշաբթի օրը (մեր եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին), ննջեց նույնպես հինգշաբթի օրը, իսկ կիրակի օրը հարություն առավ`փոխվեց իր որդու մոտ: Վկայությունը հավաստում է, որ Աստվածամոր «…ննջելու օրը լեռները, դաշտերն ու հովիտները զարդարվեցին`ծլարձակելով բազմերանգ ծաղիկներ, երգասաց թռչունների երամները երգեցին իրենց քաղցրահունչ օրհնությունները»:

Կրոնական ավանդության համաձայն` Աստվածամայրը խաղաղ մահ է ունեցել, ննջել և երկինք փոխադրվել կամ վերափոխվել:Ավանդության համաձայն` ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ս.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հրեշտակների հետ հայտնվել է Քրիստոսը: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ Տիրամոր մարմինը չի լինում: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին` որպես մխիթարություն:

Ըստ Մովսես Խորենացու, Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում, ի պատիվ Աստվածամոր, եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում:

Հայոց կենցաղում այդ տոնի համատեքստում առանձնանում էին մատաղները, ուխտագնացությունները և խաղողօրհնեքի արարողությունը, որը բնապաշտական ծագում ունեցող ծես է և առնչվում է Նավասարդի`բերք ու բարիքի առատությունն ապահովող հավատալիքների հետ: Նավասարդի տոնակատարությունները կատարվում էին հայոց աստվածամայր Անահիտին նվիրված մեհյաններում, որոնց տեղերում քրիստոնյա Հայաստանում կառուցվեցին Մարիամ Աստվածածնի անունով եկեղեցիներ ու վանքեր: Քրիստոնեական այս օջախները ժառանգեցին Անահիտին նվիրված մեհյանների տոնահանդեսները, իսկ Մարիամ Աստվածածինը` Անահիտի գործառույթները: Հավանաբար ոչ մի սրբի այնքան աղոթք չէին հղում, որքան ս. Մարիամին: Աստվածածնին ապավինում էին հատկապես կանայք, աղաչում էին իրենց զավակ պարգևել, նպաստել իրենց սիրային իղձերին, բուժել հիվանդներին, պաշտպանել իրենց ընտանիքի անդամներին և այլն: Հայ եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար ս. Մարիամը առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Բնական է, որ Մարիամ Աստվածածնի տոնահանդեսները կատարվում էին գլխավորապես նրա անունը կրող ուխտավայրերում: Շատ վայրերում նախապես ընտրելով իրենց տոնական ուխտավայրը, ազգականների խմբերը երբեմն գիշերով ճանապարհ էին ընկնում, որպեսզի արևածագը դիմավորեին նախապես որոշված ուխտավայրում: Գիշերային այդ երթերը տոնական հանդիսության հետաքրքիր մասն էին կազմում, որոնց ընթացքում անպակաս էին զանազան խաղերն ու երգերը: Առավոտյան սկսվում էր մատաղի արարողությունը:

Կերակրատեսակների մեջ աչքի էր ընկնում մրգերի առատությունը, կաթնասերը, գաթան, հալվան, մատաղիմիսը: Այդ օրը բոլոր թոնիրները վառվում էին և կանայք ձեթով բոկեղ էին թխում: Բոկեղի հոտը դառնում էր տոնի ուղեկիցը: Կիրակի անպայման սմբուկով ու սիսեռով ճաշ էին եփում: Այս սմբուկը հավանաբար տարվա առաջին բերքն էր լինում: Այս ճաշատեսակն այնքան տարածված էր, որ հարևան թուրքերը Աստվածածնի տոնը «պատընճան պայրամ» (սմբուկի տոն) էին կոչում:
Ուխտավայրերում երգվող երգերը գլխավորապես սիրային երգերն էին, սակայն զգալի թիվ էին կազմում նաև ս. Մարիամին գովերգողները:

Ավանդաբար Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդում է խաղողօրհնեքի արարողությունը: Մինչ ս. Աստվածածնին նվիրված այս տոնը, խաղողը պաս էր համարվում այնպես, ինչպես խնձորը` Վարդավառին:

Աշխարհի բազում ժողովուրդների մեջ ավանդաբար պահպանված սովորույթ կա` հասունացած առաջին բերքը, առաջին պտուղները զոհաբերել ուխտավայրում կամ պաշտամունքի այլ օջախներում, որից հետո միայն կարելի է այն ճաշակել: Խաղողն օրհնելու ծեսով պայմանավորված`այս տոնը ժողովրդի կողմից ստացել է Խաղողօրհնեք անվանումը: Քրիստոնեության ընթացքում ընդհանրացված սովորույթ էր դարձել խաղողի առաջին ողկույզները քահանային օրհնել տալը: Երբեմն խաղողի առաջին բերքը տանում էին եկեղեցի, սակայն առավել հաճախ քահանան էր գնում խաղողի այգի և տեղում օրհնում հասունացած և դեռ հասունացող բերքը` բարեմաղթելով բերքի առատություն: Քահանան, մկրատը աջ ձեռքում և խաչը ձախ ձեռքում, մտնում էր այգիները, կատարում էր անդաստան և խաղողի օրհնության արարողությունը, իսկ ճաշակողների համար հայցում մտքի և հոգու առողջություն: Օրհնությունից հետո սովորություն կար թռչուններին ևս բաժին հանել: Այդ նպատակով, օրհնված խաղողի ողկույզները կախում էին բարձր վայրերից կամ էլ խաչքարերի վրա:

Քրիստոնեական այս ծեսն անցյալում կատարվում էր մեծ հանդիսությամբ, քանզի խաղողը հայոց մեջ համարվում էր մրգերից ազնվագույնը: Պատահական չէ, որ պատարագի գինին հենց խաղողից էին պատրաստում: Նույն օրհնված խաղողից օրհնվածգինի էին պատրաստում, որը մարդիկ պահում էին մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը` որպես լիառատության ապահովման նշան:

Իսկ ինչո՞ւ է նման օրհնության համար ընտրվել հատկապես խաղողը: Քրիստոսն իրեն համեմատում էր խաղողի վազի` որթատունկի հետ. «Ես եմ ճշմարիտ որթատունկը…»: Խաղողից է պատրաստվում նաև գինին: Քրիստոսը, Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին տալով աշակերտներին, ասաց. «Այս է իմ արյունը»:

Տոնի ակունքները

Սակայն պիտի նշել, որ խաղողի օրհնության ավանդույթը հայերի մեջ ծնունդ է առել դեռևս Նոյի ժամանակներից: Երբ Նոյը տրտմում է աշխարհի ապականության համար, Աստված նրան գինի է տալիս մխիթարելու համար: Իսկ, երբ Նոյն իջնում է Արարատի գագաթից, նրա առջև բացվում է մի հիասքաչ դաշտ: Այստեղ էլ նա տնկում է խաղողի առաջին որթը: Աստվածաշունչն այսպես է ներկայացնում խաղողագործության սկիզբը Հայոց աշխարհում:

Ավանդույթը կապված է նաև մայրության և պտղաբերության հեթանոսական աստվածուհի Անահիտի հետ: Անահիտի գլխավոր տոնը կապվում էր բերքի հասունացման հետ և նշվում էր հին տոմարով Նավասարդի սկզբին, որը համընկնում է ժամանակակից Խաղողօրհնեքի օրվա հետ: Խաղողը և գինին կապվում էին սիրո, գեղեցկության աստվածուհու` Աստղիկի, և հյուրընկալության, այգեգործության ու բերքի հովանավոր աստծո` Վանատուրի հետ: Սակայն հայ հեթանոսական դիցարանում կար ևս մեկ աստվածություն, ում մեհյանին խաղող էր մատուցվում: Դա անդրաշխարհի աստվածն էր` Սպանդարամետը, որին նույնացնում էին հունական Դիոնիսիոսի` գինու և խրախճանքների աստծո հետ:

Ինչպես վկայում է պատմիչ Ագաթանգեղոսը, Սպանդարամետի գլխավոր մեհյանը ավերվում է Գրիգոր Լուսավորչի և Տրդատ արքայի հրամանով, և հենց այս նույն տեղում 303 թ. կառուցվում է Կաթողիկե եկեղեցին:

Հեթանոսական աստվածներին փոխարինելու եկան քրիստոնեական սրբերը: Անահիտի պաշտամունքին փոխարինեց Մարիամ Աստվածածինը` որպես մայրության և պտղաբերության մարմնացում: Վերաիմաստավորվեցին նաև Անահիտին նվիրված ծիսակատարությունները, սակայն նույնը մնաց խաղողը:

Օգտագործված գրականություն

Արտակ Արք. Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»

Արամ Դիլանյան, «Տերունի տոներ»

Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն»

Կայքէջեր`araratian- tem.am, Gloff Armenia

Լուսանկարները՝  անձնական արխիվից

Կարող եք ծանոթանալ նաև՝ 

1Մխիթար Սեբաստացի «Անճառին խորան»

Գրիգոր Նարեկացի, «Ներբող Աստվածածնին»

Ս. Ներսես Շնորհալի, Խաղողի օրհնության աղոթք

Մովսես Խորենացի, «Անթառամ ծաղիկ»

Սբ. Գրիգոր Տաթևացի, Քարոզ Աստվածածին կույսի վերափոխման մասին

Ինչպես նաև՝  Տիրամոր վերափոխման ավետարանական թեման հայ մանրանկարչության մեջ

 

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Վերափոխումն Ս.Աստվածածնի. Խաղողօրհնեք»

  1. Margarit:

    Շնորհակալություն…

  2. Уведомление: Վերափոխումն Ս.Աստվածածնի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Օրհնեալ ես դու ի կանայս, Բերկրեալ Տիրամայր եւ Կոյս… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s