Արդեն իրողություն է` դպրոցում հայոց լեզվից ու գրականությունից սովորողի աշխատանքի գնահատումը այլևս չի կարող նախկին ձևով լինել, քանի որ տեղեկատվական փոփոխության հետ փոխվել են նաև կրթության նկատմամբ պահանջները, վերաբերմունքը, գիտելիքը: Եթե ավանդաբար դասավանդողների անելիքը հիմնականում սահմանումներ տալն ու ստուգելն էր ու, ըստ այդմ, գնահատականներ դնելը, ապա այսօր սովորողի համար այդ գնահատականները դադարում են գիտելիքի ձեռք բերման խթան լինելուց:
Ուսումնասիրելով կառուցողական ուսուցման մեթոդական մշակումները` ներկայացնում եմ ուսումնասիրության արդյունքը:
Կառուցողական ուսուցման մեջ արդյունավետ դասավանդում իրականացնելու համար գոյություն ունեն ուսումնառության չափանիշներ, որոնք ի սկզբանե ստեղծվել են ուսուցիչներին օգնելու համար և, որոնց գործնական կիրառումը նպաստում է յուրացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Ուսումնառության չափանիշներն են`
- դրական դիրքորոշում և պատկերացում ուսումնառության առարկայի մասին
- գիտելիքի ձեռքբերում և գիտելիքների միավորում, համադրում
- գիտելիքի յուրացում և կատարելագործում
- գիտելիքի նպատակային կիրառում:
Այլ կերպ ասած` կառուցողական ուսուցման մեջ շեշտը դրվում է գործունեության գնահատման վրա: Գործունեության գնահատումը վերաբերում է այն բազմազան առաջադրանքներին ու իրավիճակներին, որոնցով սովորողը հնարավորություն է ստանում դրսևորելու գիտելիքի իր ըմբռնումը, կարողանում է կիրառել ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու մտածելու կարողությունը: Այս գնահատումն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշոփելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը խրախուսում է ինքնագնահատումը և սեփական արդյունքների վերանայումը, պահանջում արդյունքների հրապարակում-գնահատում:
Ուսուցման արդյունավետության գնահատման ձևերը բազմազան են`
- էլեկտրոնային թղթապանակներ
- գրավոր հաշվետվություն
- բանավոր հաշվետվություն
- խմբային քննարկումներ
- բանավեճ
- նյութի տպավորիչ ներկայացում, ելույթ
- տեսանյութեր, ռադիոնյութեր, հրատապ նորություններ
- լուսապատկերներ (սլայդ)
- մեդիահաշվետվություն
- ձայնագրքեր և տեսագրքեր
Հենվելով ուսուցման գնահատման նմանատիպ ձևերի, «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» ծրագրի առարկայական ծրագրերի վրա` հավելում եմ միջին դպրոցում հայոց լեզվի, գրականության ուսուցման արդյունավետության գնահատման իմ փորձը:
Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է հետևյալ կերպ:
4-5 միավոր
- Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում. շաբաթական տասը հատ (կիսամյակում` 40), խոսքի մշակման նվազագույն աշխատանք՝ 5-6 նյութ կայքում, այդ թվում՝ սահմանված կարգով հապարակված ամսական հաշվետվությունները։
6-7 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում`
- լրատվություն, կայքի համար նյութի ստեղծում շաբաթը մեկ անգամ (կիսամյակում` 15)
- կայքում քննարկման մասնակցություն (գրավոր արձագանք), կրթահամալիրի կայքի և այլ ԶԼՄ-ների հրապարակումներին արձագանք. շաբաթը մեկ անգամ (կիսամյակում` 15)
- կայքի համար ստեղծված այլ նյութ` այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, ռադիոնյութ, տեսանյութ. շաբաթը մեկ անգամ (կիսամյակում`15)
- ամսական և կիսամյակային հաշվետվությունների սահմանված կագով հրապարակում։
8-9 միավոր
- քերականական, գրական ընթերցանության ինքնակամ, արդյունավետ, ստեղծագործական աշխատանք
- արդյունավետ աշխատանք info-mskh-ում (շաբաթական 4 և ավելի նյութ)
- ուսումնահետազոտական աշխատանք (ուսումնական նյութերի, ուսումնական տեսանյութերի ստեղծում)
- սահմանված կարգով ներկայացվող ամսական և կիսամյակային հաշվետվություններում հարցի բարձրացում, ուսումնական գործունեության կազմակերպման և արդյունքների վերլուծություն
10 միավոր
- երբ թվարկվածին ավելանում է նաև մեդիաօլիմպիադայի, թարգմանության ստուգատեսի, Հանրակրթական Դիջիտեքի, այլընտրանքային մեդիափառատոնի մրցանակ։
Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է ըստ կատարած աշխատանքի թվային և որակական հատկանիշների (քանի աշխատանք, ինչպես է կատարված): Ուսուցչի սուբյեկտիվ վերաբերմունքի ազդեցությունը գնահատականի վրա այս ձևով նվազագույնի է հասնում, քանի որ գործ ունենք արդեն հրապարակված աշխատանքի հետ։
Գիտելիքը անհատական է, և որքան իրական-շոշափելի-կիրառվող է այն այսօր, այնքան ավելի հավանական է դառնում հետագայում դրա գործածությունը: Այս հանգամանքն են փաստում նաև աշխարհում կատարված ուսումնասիրությունները: Դրանք ցույց են տալիս նաև, որ, ի վերջո սովորողները հետագայում կիրառում են դպրոցում ստացած գիտելիքի ընդամենը 5-ից 7 %-ը:
«Ինչպիսի աշխատանք է պահանջում դպրոցներից» թեմայով արված ուսումնասիրությունների հենքի վրա մշակվել են ժամանակակից աշխատատեղերը գրավելու հավակնորոդներին անհրաժեշտ ուսումնական և ոչ ուսումնական մի շարք կարողություններ`
- ստեղծագործական մտածողություն
- որոշումների կայացման կարողություն
- սովորել սովորելու կարողություն
- համագործակցելու կարողություն
- ինքնակառավարում:
Աղբյուր`
«Կառուցողական կրթության հիմունքները և մեթոդները»
Պրոտոպոպովա Վ.Վ., «Համակարգչի և համացանցի ներառումը ուսուցման մեջ»
Հեղինակ` Նունե Մովսիսյան
Уведомление: Գնահատման կարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սովորողի պարտադիր և ոչ պարտադիր ուսումնական աշխատանքի գնահատում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սովորողի ուս. աշխատանքի գնահատում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գնահատման համակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դիջիամփոփում 2011-2015 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գնահատման համակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գնահատման համակարգ | Mediaeducational blog
Уведомление: Գնահատման համակարգ (լրամշակված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գնահատման համակարգ — Դասավանդողի մեդիադարակ