Դիջիթեքյան պատմություն

Դիջիթեքյան այս պատմությունը, հավանաբար, չէր լինի, եթե ես անցյալ տարի հոկտեմբերին չհայտվեի կրթահամալիրից Թբիլիսի մեկնողների խմբում: (Գրիգոր Խաչատրյան, ականջդ կանչի, հաստատ կասեր` բա որ ասում եմ պատահականությունները պլանավորված են….):

Ինձ` որպես բանասերի, բնականաբար, Թբիլիսիում ամենից առաջ հետաքրքրում էր այն ամենը, ինչը կապ ուներ հայկականի հետ՝ Ներսիսյան հայոց դպրոցը, մեր եկեղեցիները, Հավլաբարի թաղամասը, Խոջիվանքի պանթեոնը  և այլն:

Թբիլիսիից վերադարձա լիուլի տպավորություններով ու հաստատ որոշմամբ` պատմելու այդ մասին: Ու, երբ պատրաստ էր առաջին` «Հայերը Թիֆլիսում» տեսանյութը, հասկացա, որ ասելիք դեռ կա, և ստեղծվեցին նորերը. առաջինին հաջորդեց երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը` մի ամբողջ ֆիլմաշար:

Ահա թե ինչպես սկսվեց դիջիթեքյան այս ֆիլմաշարի ստեղծման պատմությունը:

9.1 դասարանի սովորողներից նրանք, ովքեր ցանկություն հայտնեցին աշխատելու ստեղծագործական խմբում, նախ հին Թիֆլիսի մասին տեղեկություններ հավաքելու հանձնարարություն ստացան:
Տեղեկությունները հիմնականում ստացվում էր համացանցի միջոցով, քանի որ մեզ հետաքրքրում էին ոչ միայն հայկական աղբյուրների հաղորդած տեղեկությունները: Օրինակ` տարբեր ժամանակահատվածներում Թբիլիսիում ապրող հայերի թվի մասին տեղեկությունները քաղված է վրացական աղբյուրներից, որոնք թարգմանաբար ներկայացված էին հայկական որոշ կայքերում:

Ունեցել ենք դժվարություններ Ներսիսյան դպրոցի մասին տեսանյութը պատրաստելիս: Բանն այն է, որ Ներսիսյան դպրոցի մասին հայկական կայքէջերի հաղորդած տեղեկությունները, ինչպես սովորաբար լինում է, կցկտուր են ու կրկնվող: Փնտրտուքները բերեցին Ա. Փարսադանյանի «Հայը և հայկականը» գրքի հետ հանդիպմանը, որը մեզ շատ օգնեց նաև Ալեքսանդր Մանթաշյանի  մասին տեսանյութը պատրաստելիս:
Յուրաքանչյուր թեմայի մասին տեղեկությունների որոշակի բազա հավաքելուց հետո սկսվում էր գլխավորը երկրորդականից զատելու գործընթացը: Դասդասվում, ընտրվում էին, մեր կարծիքով, ավելի ամբողջական և հավաստի տեղեկությունները, այդ տեղեկությունների առավել հետաքրքիր հատվածները:

Դրան հաջորդեցին ձայնագրման աշխատանքները: Դժվար է հավատալ, բայց պիտի ասեմ, որ մեկ կամ երկու րոպեանոց սահուն ձայնագրություն ունենալու համար շատ հաճախ պահանջվում է միջին հաշվով հինգ-վեց, երբեմն էլ ավելի շատ անգամներ գրանցված խոսք: (Համենայն դեպս, դժվարանում եմ հիշել դեպք, երբ առաջին ձայնագրությունը բավարար է եղել հետագա աշխատանքը շարունակելու համար):
Ձայնագրվելիս միշտ ինչ-որ բան խանգարում է. արտաքին աղմուկը, սովորողի հուզմունքը, ոչ սահուն կամ ընդհատված խոսքը, արագ կամ դանդաղ արտասանությունը, անկանոն շնչառությունը, բառի կամ բառերի ոչ ճիշտ արտասանությունը, և այլն, և այլն:
Լինում էին դեպքեր, երբ սովորողը պարզապես մոռանում էր միացնել ձայնագրիչը, ու վերջում ստիպված էինք լինում աշխատանքը սկսել սկզբից: Ձայնագրությունն ավարտելուց հետո սովորաբար միացնում էինք ձայնագրիչն ու լսում արդեն ձայնագրված խոսքը` թերությունները հասկանալու համար:

Ձայնագրվելուն հաջորդեց, թերևս, աշխատատար և ժամանակատար գործը` մոնտաժը: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ մեկրոպեանոց սահուն ձայնագրություն ապահովելու համար շատ հաճախ պահանջվում է մեծ ժամանակ: Էլ չեմ խոսում համբերության մասին: Մոնտաժելիս երբեմն նույն բանը ստիպված ես լսել տասը, քսան, երբեմն էլ` ավելի անգամներ: (Եթե չլինեին Վահեի, Էմիլի, Լիլիթի մոնտաժային հմտությունները, դժվարանում եմ պատկերացնել` ինչ կլիներ):

Ձայնագրությունների մոնտաժից հետո սկսվեց համապատասխան նկարների ընտրությունը: Ճիշտ է, բավական մեծ թվով լուսանկարներ մենք արել էինք Թբիլիսիում եղած ժամանակ, բայց պարզվեց` տեսանյութ պատրաստելու համար դրանք բավարար չեն: Ինչպես միշտ, այս անգամ ևս google.am-ում որունումները էական արդյունք չտվեցին: Մենք հիմնականում օգտվեցինք ռուսական և վրացական որոնողական կայքերից: Ու գիտե՞ք` ինչ էի մտածում հին Թիֆլիսի լուսանկարները նայելիս. եթե երբևէ առիթ լինի աշխարհի հին քաղաքներից մեկի` մեր քաղաքի` հին Էրէվանի մասին տեսանյութ պատրաստել, տեսնես որտեղի՞ց ենք գտնելու լուսանկարներ: Միամիտ չլինեք ու չասեք`համացանցից. այնտեղ ընդամենը մի քանի լուսանկար կա:

Ձայնագրությունը կա, լուսնակարները` նույնպես: Գործի կեսը արված է: Մնում է երաժշտության ընտրությունն ու վերջնական մոնտաժը: Թվում է, ի՞նչ է որ, երաժշտություն է, կկցենք ու վերջ: Բայց հավատացնում եմ, որ տեսանյութի ասելիքին համահունչ, ներդաշնակ երաժշտություն ընտրելը հեշտ գործ չէ: Երբեմն համապատասխան երաժշտություն գտնելը ավելի շատ ժամանակ է պահանջում, քան ասենք, մինչ այդ արված գործի վրա ծախսվածը:

Երաժշտությունն ընտրելուց հետո սկսվում էր տեսանյութը «հավաքելու» գործընթացը: Ովքեր երբևէ առիթ են ունեցել տեսանյութ պատրաստելու, կվկայեն, որ այն կատարված աշխատանքի ամենապատասխանատու հատվածն է: Շատ հաճախ մեկուկես, երկուրոպեանոց տեսանյութ պատրաստելու համար ստիպված ես համակարգչի մոտ անցկացնել ժամեր շարունակ: Ու սա այն դեպքում, երբ ամեն ինչ հաջող է ընթանում: Լինում են դեպքեր, երբ քո` մի քանի ժամ տևած աշխատանքն ապարդյուն է անցնում, ու դու ստիպված ես լինում ամեն ինչ սկսել զրոյից:

Արդեն պատրաստի տեսանյութը YouTube-ում տեղադրելուց հետո, դասարանում, սովորաբար, տեղի էր ունենում քննարկում: Խնդրում էի ուշադիր դիտել տեսանյութը և նշել նկատված թերությունները: (Դրանք փորձում ենք հաշվի առնել մյուս տեսանյութերի պատրաստման ժամանակ):

«Հայերը Թիֆլիսում» ֆիլմաշարի 15 րոպեների վրա մեր ստեղծագործական խումբը աշխատել է երկու ամիս:
Հավելեմ նաև, որ շարքի տեսանյութերը, որպես ուսումնական նյութեր, օգտագործում ենք գրականության դասաժամերին, որովհետև Թիֆլիսը, որպես հայկական մշակութային կենտրոն, այս կամ այն կերպ առնչություն է ունեցել մեր գրողներից շատերի հետ:

Ահա այսպիսի դիջիթեքյան պատմություն:

Հեղինակ` Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s