Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր

Surb SargisՍիրո բարեխոս Սուրբ Սարգիսը թող սեր ու հաջողություն բերի ձեզ

Սուրբ Սարգիսի տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է: Այդ օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն` Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլև սիրո հարցերում:

Սասունցի Դավթի հանդիպումը սուրբ Սարգսին

Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.
-Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:
Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջեւանց թոզ ու դուման կիգա:
Էկավ, տեսավ օր սըփ Սարգիսն է:
Դավիթ գնաց, օր սըփ Սարսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.
-Հանե քո Սըփ Նշան , ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:
Հանեց Սըփ Նշան, համբուրեց սըփ Սարգիս, էն լէ սըփ Սարգսին համբուրեց:
-Դե գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:
Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու:

Սուրբ Սարգիս զորավար, ըստ ավանդության` քրիստոնեական հավատի համար նահատակված և սրբադասված մեծ վկա: Արվեստում, հատկապես մանրանկարչության մեջ, Սարգիսը պատկերվել է արագավազ և ճերմակ նժույգի վրա զինավառ ու գեղեցիկ տղամարդու կերպարանքով, հաճախ վիշապօձին (չարության մարմնավորում) նիզակով շամփրելիս:

Ներսես Շնորհալու կազմած մի վարքագրության մեջ Սարգիսը համարվում է Կեսարիայի հռոմ. զորավար, որը խուսափելով Հուլիանոս Ուրացող կայսեր (361-363) հալածանքից, ապաստանել է նախ Հայոց Արշակ Բ արքայի մոտ, ապա վերջինս խորհրդով անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ 2-ի զորահրամանատար: Սակայն շուտով ձերբակալվել է` պարսկական զինվորների մեջ քրիստոնեության տարածելու մեղադրանքով և, մերժելով արևապաշտությունն ընդունելու առաջարկը, իր Մարտիրոս որդու և 40 քրիստոնյա զինվորների հետ նահատակվել:

Մեսրոպ Մաշտոցը Ս. Սարգիսի մասունքները բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում ու Գագա դաշտում` հիմնել Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի:

Ժողովրդական պատումներ

Սարգիսին են վերագրում նաև նախաքրիստոնեական պաշտամունքների և հավատալիքների մի շարք գծեր: Հատկանշական է, որ հանրապետության տարբեր շրջաններում տոնը յուրովի է նշվում: Հայերի մեջ տարածված սովորույթ էր` Սարգիսին նվիրված պահքի վերջին շաբաթ օրվա գիշերը բակերում ու տանիքներին դնել ամանների մեջ լցված փոխինդ, որի վրա Սարգիսը իբր պիտի դրոշմեր իր ձիու սմբակի կամ պայտի հետքը (համարվել է բարիքի, երջանկության խորհրդանշան): Ուրախություն և հաջողություն էր սպասվում այն տանը, որի տանիքին դրված փոխինդին կդրոշվեր Սարգիս զորավարի պայտը: Ուրբաթ երեկոյան չամուսնացած աղջիկները և պատանիները նույն այս փոխինդից աղի բլիթ էին պատրաստում և ուտում: Գիշերը երազում ով իրենց ջուր տար, նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ հարսնացուն:

Հայոց աշխարհը մի շարք շրջաններում այդ գիշեր աղի բաղարջ էին թխում: Խմորը երկու գունդ էին անում, երկու շերտերի բաժանում: Հետո շերտերից մեկի վրա շարում ընտանիքի հարստությունները խորհրդանշող առարկաներ (մրգի զանազան տեսակներ, մի կտոր պանիր, դրամ և այլն),ծածկում այն խմորի երկրորդ շերտով և թխում: Առավոտյան բաղարջը շերտատում էին երեխաների թվով և բաժանում. ում բաժնից ինչ դուրս գար, նրան համապատասխան ժառանգություն էր սպասվում: Մրգեղենը` այգիներ, պանիրը` անասուններ, դրամը` հայրական տուն: Եթե այդ առարկաները աղջիկներին էին բաժին ընկնում, համապատասխանաբար նշանակում էր, որ նրա ամուսինը այգեպան, հովիվ կամ հարուստ մարդ կլինի և այլն: Սուրբ Սարգսին նաև անվանում են Արագահաս: Քանի որ տոնը ձմռանն է, ժողովուրդն ասում է, որ նա իր ձիով օգնության է հասնում և փրկում բուքի մեջ ընկած կամ գայլերի հարձակմանը ենթարկված մարդկանց: Սուրբ Սարգիսն արագ հասնում է և փրկում է այն մարդկանց, ովքեր իր օգնությանն են դիմում և կանչում իրեն:

Ավանդությունը պատմում է, որ հռոմեացիների Հուլիանոս կայսրը կռվում էր հայերի դեմ: Հայերի կողմից նրա դեմ դուրս է գալիս Սուրբ Սարգիսը: Յոթ օր ու գիշեր առանց ուտելու ու խմելու կռվում էր քաջ Սարգիսը: Կռվելուց հետո քաղցն այնքան է ուժեղանում, որ նա մտածում է, թե որտեղից մի կտոր հաց ճարի: Այդ մտածմունքի ժամ անակ հանկարծ քամի է բարձրանում և երկնքից նրա մոտ իջեցնում մի քանի ցորենի հասկ: Սարգիսը հավաքում է այդ հասկերը, տրորում ափերով և ուտում հատիկները: Քաղցը հագեցնելուց հետո սուրբը դիմում է երկնքին, որ նա կատարի այն մարդու իղձը, ով տարվա մեջ յոթ օր պաս կպահի, իսկ ուրբաթ գիշերը փոխինդ կուտի:

Ժողովրդական պատումներից մեկի համաձայն Ս.Սարգիսն իր 39 քաջ զինվորների հետ հերթական ճակատամարտից հաղթական վերադարձը նշեցին կայսերական պալատում խնջույքով: Երբ բոլորը գինովցած քուն մտան, կայսեր կողմից 40 աղջիկներին պատվիրվեց սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործեցին իրենց ոճրագործությունը, իսկ 40-րդը` քնած Ս.Սարգսի առնական և խաղաղ դեմքը տեսնելով` սիրահարվեց նրան և սպանելու փոխարեն համբուրելով արթնացրեց: Ս.Սարգիսը, տեսնելով կատարվածը, իր արագահաս և ճերմակ նժույգը հեծնելով և սիրահարված աղջկան իր հետ վերցնելով, ջարդ ու փշուր է անում քաղաքի դարպասները և բուք ու բորան բարձրացնելով` հեռանում քաղաքից: Այս գեղեցիկ պատումն է, որ սիրահարվածներն իրենց երազանքն իրականացնելու նպատակով Ս. Սարգսին սկսեցին համարել իրենց արագահաս բարեխոս — հովանավորը: Իր արագահասությամբ նա մշտապես օգնում ու սատարում է իրեն կանչող բոլոր երիտասարդներին:

Սուրբ Սարգսին նվիրված աղոթք
(Ժողովրդական տարբերակ)

Կես գիշերին դուրս եկա,
Զարմանալի լույս տեսա,
Լույսը շալկին գնում էր,
Ոտքն ընկա՝ հարցրեցի.
— Ո՞վ ես Դու:
— Սուրբ Սարգիսն եմ, – ասավ՝ ես,
Ալբետոնե քաղաք կերթամ,
Որդուս անունն է Մարտիրոս,
Բուրվառս է լուսեղեն,

Գավազանս՝ ոսկեղեն,
Ով որ ինձ աղոթքով կանչի,
Նրա աղոթքը կլսեմ,
Մեր Տեր Աստծու առջև
Արագահաս բարեխոս կլինեմ:
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից, ամեն:

Sargis

Աղոթք 

Սրբերի պսակադրող Քրիստոս,
Դու, որ լուսեպսակ ես շնորհում
Քո Սրբերին` կատարում`
Քո երկյուղածների խնդրանքները
սիրով ու քաղցրությամբ նայում`
Քո արարածներին լսիր մեզ երկնից`
Քո սրբությունից` Ս. Աստվածածնի
Բարեխոսությամբ, աղոթքներով բոլոր
Սրբերի և Ս. Սարգիս Զորավարի:
Լսիր մեզ, Տեր, և ողորմիր, ներիր,
քավիր և թողություն տուր մեր մեղքերին:
Արժանացրու գոհությամբ փառավորել Քեզ,
Հոր և Սուրբ Հոգու հետ միասին`
Այժմ և միշտ և հավիտյան:

Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության 

Գերագույն պատվի արժանացար
Բարեխոսելու Բանն Աստծուն,
Աղոթքի ընդունող,
Խնդրանքների կատարող,
Արագահաս Սուրբ Սարգիս,
Բարեխոս մեր անձերի համար ի Քրիստոս:
Նրան` Բարձրյալին, վայել է փառք, իշխանություն և պատիվ,
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,
Ամեն:

Սուրբ Սարգիս և Սուրբ Գևորգ Զորավարների տոնի Օրհնության շարականը  երգվում է Գիշերային ժամերգության ժամանակ:

Ի դեպ, այս տոնը նշվում է նաև այլ ազգերի մոտ: Օրինակ` քրդերի մոտ այն անվանվում է «Խդր Նաբի», ասորիները կոչում են «Մար Սարգիս» (մարը նույնպես սուրբ է նշանակում): Իսկ ռուսներն այս տոնը կոչում են «Մարսեգուլիոս»:

S.Sargis

Աղբյուրը` Սովետական հանրագիտարան

Հայ եկեղեցու պատմություն (դասագիրք 5-րդ դաս-ի համար)

http://www.araratian-tem.am

Վարդան Դևրիկյան, «Ձիավոր սրբերի գանձարանային կանոնները»

Նյութը պատրաստեց  Նունե Մովսիսյանը

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր»

  1. Уведомление: Ծիսական տոնացույց. Մեդիաուղեցույց -2014 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ծիսական ճամբարի նախագիծ | Գոհար Եղոյան

  3. Уведомление: Սուրբ Սարգիսի տոն | ԱՆԺՈՒՐ ՄԵՐԻ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s